Ներքին 9 ամիս առաջ - 22:09 27-01-2026

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը առաջարկ է ներկայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին Տ․ Գևորգ եպս․ Սարոյանին հռչակել կարգալույծ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Նիստը վարեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

ԳՀԽ ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին։ Ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու կանոնական, վարչական, կագապահական խնդիրներին առնչվող հարցեր։

Ապօրինի ազատազրկված եկեղեցականների, ազգային բարերարի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթների, դատավարական գործընթացների և կայացված դատավճիռների, ինչպես նաև հոգևորականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան փաստաբան, ի․գ․թ․ Արա Զոհրաբյանը, փաստաբաններ Արսեն Բաբայանը և Հովհաննես Խուդոյանը։

Արձանագրվեց, որ եկեղեցականների նկատմամբ առաջադրված մեղադրանքները և կիրառված խափանման միջոցները հիմնված են ոչ իրավաչափ փաստերի վրա և իրավական առումով չեն բխում օրինականության ու արդար դատաքննության հիմնարար սկզբունքներից, կրում են ընտրովի և խտրական բնույթ։

Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտեց ծառայություն իրականացնող հոգևորականների նկատմամբ գործադրվող ճնշումները, արձանագրեց, որ դրանք ՀՀ Սահմանադրության և օրենսդրության ակնհայտ խախտումներ են, որոնք ունեն շարունակվող մտահոգիչ միտումներ։

Ժողովականները մերժելի նկատեցին պետական և իրավապահ մարմինների ներգրավմամբ իրականացվող ապօրինի գործողությունները և Եկեղեցու ներքին կյանքին հակասահմանադրական միջամտությունները։

Գերագույն հոգևոր խորհուրդը իր գնահատանքը հայտնեց փաստաբաններին՝ նրանց հետևողական աշխատանքի՝ եկեղեցականների ու ազատազրկված հայորդիների իրավունքների պաշտպանության գործում ներդրած կարևոր ջանքերի համար։

Գերագույն հոգևոր խորհուրդը քննության առավ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Տ․ Գևորգ եպս․ Սարոյանի կարգազանց ընթացքը։

Արձանագրվեց, որ վերջինս վիճարկելով թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու Հայրապետական տնօրինությունը, փաստացի դրժել է հնազանդության իր ուխտը և դատական հայց ներկայացրել ընդդեմ Սուրբ Էջմիածնի՝ պահանջելով վերականգնել առաջնորդական իր հանգամանքը։

Գերագույն հոգևոր խորհուրդը, անդրադարձ կատարեց նաև Գևորգ եպիսկոպոսի հրապարակային ելույթներում և հայտարարություններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իր ծառայակից եկեղեցականների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչեցրած զրպարտիչ մեղադրանքներին, խստորեն դատապարտեց նման վարքագիծը՝ այն գնահատելով եկեղեցական կարգի, կանոնական հնազանդության ու եկեղեցական միաբանության սկզբունքների կոպիտ խախտում և առաջարկ ներկայացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին Տ․ Գևորգ եպս․ Սարոյանին հռչակել կարգալույծ։

Ազգային ժողովում եկեղեցուն առնչվող օրինագծերի մասին զեկույցով հանդես եկավ ի.գ.դ., պրոֆեսոր տիար Գևորգ Դանիելյանը։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց հողային և պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններին, որոնք հակասում են գործող քաղաքացիական և ոլորտային օրենսդրության հիմնադրույթներին, խախտում են սեփականության իրավունքի հիմնարար սկզբունքները և ստեղծում են անհիմն ենթադրություններ, իբր Հայ Եկեղեցու կողմից պաշտամունքային հուշարձանների օտարման վտանգի մասին։ Զեկույցում ընդգծվեց, որ հիշյալ օրենսդրական նախաձեռնությունները, որոնք չունեն իրական իրավակարգավորիչ անհրաժեշտություն, ուղղված չեն սրբավայրերի և հոգևոր-մշակութային հուշարձանների անաղարտ պահպանության խնդիրներին, չեն լուծում որևէ շոշափելի հանրային խնդիր և հիմնականում ծառայում են հակաեկեղեցական տրամադրությունների ձևավորմանն ու խորացմանը։ ԳՀԽ դիրքորոշումն է, որ ընդհանրապես արգելվի պաշտամունքային հուշարձանների օտարումը՝ անկախ սեփականության ձևից։

Ժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հրավիրված Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպման հարցերին։ Որոշվեց ձևավորել կազմակերպիչ հանձնախումբ՝ ժողովի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները համակարգելու նպատակով։

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան