Ներքին 4 ամիս առաջ - 22:30 24-01-2026

Մանկատան կոյուղուց հոսող կեղտաջրերը լցվում են բնակիչների տներ

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Արմեն Տիգրանյան փողոցի բնակիչները արդեն շուրջ երկու ամիս է՝ կանգնած են լուրջ սանիտարահիգիենիկ խնդրի առաջ։ Տարածքում գտնվող մանկատան կոյուղագիծը պարբերաբար լցվում է, և կեղտաջրերը դուրս են գալիս փողոց, ապա հոսում դեպի բնակիչների բակեր ու տներ։

Oragir.News-ի հետ զրույցում տարածքի բնակիչ Գրիշա Ասրյանը պատմեց, որ խնդիրը տարիների պատմություն ունի, սակայն վերջին ամիսներին այն դարձել է հատկապես սուր։

«Մեր դիմացը մանկատուն է՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Այդ մանկատան կոյուղին փողոցի վրա է դուրս գալիս։ Խողովակները դեռ 1963 թվականից են, միշտ ինչ-որ կիսատ-պռատ լուծումներ են եղել։ Մենք՝ հարևաններով, մեր բյուջեից տրուբաներ ենք փոխել, մաքրել, բայց վերջին երկու ամիսների ընթացքում ամբողջ կոյուղու պարունակությունը դուրս է գալիս փողոց ու հոսում դեպի մեր բնակարաններ։ Մեր տունը ցածր է գտնվում, ամբողջը լցվում է մեր բակ»,- ասում է նա։

Բնակչի խոսքով՝ խնդիրը հատկապես վտանգավոր է երեխաների համար․

«Ես մանկահասակ երեխաների հայր եմ։ Ձմռանը սառում է ու մնում բակում, բայց պատկերացրեք՝ ամռանը ինչ կլինի։ Սեպտեմբերին նման բան եղել է, հոտը անտանելի էր։ Հիմա ամբողջ լայն փողոցով կեղտաջուր է հոսում, մեքենաները տանում-բերում են, համարյա համաճարակային վտանգ կա»։

Բնակիչները բազմիցս դիմել են տարբեր կառույցների՝ մանկատան ղեկավարությանը, թաղապետարան, քաղաքապետարան և «Վիոլա ջուր» ընկերությանը, սակայն խնդիրը լուծում չի ստացել։

«Մանկատունն ասում է՝ բյուջե չունենք, չենք կարող լուծել։ Թաղապետարանը ուղղորդում է գրավոր բողոք ներկայացնել։ Քաղաքապետարանը ասում է՝ դիմեք թաղապետարան։ «Վիոլա ջուրը» ասում է՝ մենք ռեսուրս չունենք ամիսը մեկ գանք մաքրենք։ Բոլորը իրար վրա են գցում»,- նշում է բնակիչը։

Նրա խոսքով՝ «Վիոլա ջուրը» մեկ անգամ մաքրման աշխատանքներ է իրականացրել, սակայն դա ընդամենը ժամանակավոր լուծում է եղել։

«Եկան, մաքրեցին, 15-20 օր ոչ մի հոսք չկար, մենք էլ մեր բյուջեից մաքրեցինք բակերը, թվում էր՝ ավարտվեց։ Բայց նորից նույն վիճակն է։ Էդ ամբողջ գիծը փոխելու հարց է, ոչ մեկ իր վրա չի վերցնում»,- ասաց նա։

Բնակիչը նշում է, որ անգամ գրավոր դիմումներին պատասխանում են ձևական կերպով՝ առանց խնդրի լուծման։

«Գրում ենք, պատասխանում են՝ ըստ ընթացակարգի կդիտարկվի։ Էդ աշխատանքային օրերը անցնում են, ոչ մի արձագանք։ Ու երկու ամիս է՝ դու պետության մեջ չես կարողանում գտնել մի մարմին, որ քո իրավունքները պաշտպանի»։

Նրա խոսքով՝ այժմ վերջին հույսը խնդրի հրապարակային բարձրաձայնումն է։

«Սա մի խողովակ չի, որ ես էլի իմ բյուջեից փոխեմ։ 1963 թվականի ամբողջ կոյուղագիծն է։ Վերջին հույսը մնացել է լրագրողների միջոցով հասկանալ՝ ո՞վ է պատասխանատու և ինչպե՞ս պետք է լուծվի այս հարցը»,- եզրափակում է Գրիշա Ասրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան