Ուղիղ եթեր
Ներքին Միտք 4 ամիս առաջ - 23:12 23-01-2026

Հայաստանը Թրամփի «Խաղաղության խորհրդում». հնարավորություններ և ռիսկեր. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Հայաստանը Թրամփի «Խաղաղության խորհրդում». հնարավորություններ և ռիսկեր

Վերջին ամիսներին միջազգային օրակարգում հայտնված «Խաղաղության խորհուրդը» սկզբնապես ձևավորվել էր որպես սահմանափակ նպատակ ունեցող նախաձեռնություն։ Այն ներկայացվում էր որպես մեխանիզմ, որը պետք է վերահսկեր Գազայի հատվածի հետպատերազմյան վերականգնման գործընթացը։

Սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց այն պահից, երբ նախաձեռնության քաղաքական հովանավորը՝ Դոնալդ Թրամփը, հայտարարեց, որ խորհուրդը պետք է զբաղվի ոչ միայն Գազայով, այլ ընդհանրապես գլոբալ հակամարտությունների կարգավորմամբ։ Այս հայտարարությամբ նախաձեռնությունը փաստացի վերածվեց նոր քաղաքական ձևաչափի, որը դուրս է գալիս իր նախնական մանդատից և մտնում է գլոբալ կառավարման դաշտ։

Փորձագիտական լայն շրջանակներում այս զարգացումը դիտարկվում է որպես փորձ՝ նվազեցնելու կամ շրջանցելու ՄԱԿ-ի դերակատարությունը։ Թրամփը տարիներ շարունակ քննադատել է ՄԱԿ-ին՝ այն համարելով դանդաղաշարժ, անարդյունավետ և ամերիկյան շահերին ոչ միշտ համապատասխանող կառույց։ «Խաղաղության խորհրդի» ընդլայնված մանդատը հենց այդ քննադատության գործնական դրսևորումն է՝ ՄԱԿ-ից դուրս հարթակ ստեղծելու փորձ։

Այս համատեքստում Հայաստանի միանալը խորհրդին առաջացնում է ինչպես հնարավորությունների, այնպես էլ էական ռիսկերի համադրություն։

Հայաստանը հայտնվում է ոչ ֆորմալ, բայց քաղաքականապես զգայուն հարթակում, որտեղ որոշումներ կամ քաղաքական ազդակներ կարող են ձևավորվել առանց ՄԱԿ-ի ծանր ընթացակարգերի։ Սա փոքր պետության համար տեսականորեն կարող է ստեղծել վաղ տեղեկացվածության, շփումների ընդլայնման և որոշ օրակարգային հարցեր բարձրաձայնելու հնարավորություն։

Մյուս կողմից, հենց այս ոչ ֆորմալությունն է պարունակում հիմնական վտանգը։ Խորհրդի մանդատը չունի հստակ իրավական սահմանումներ, պատասխանատվության մեխանիզմներ և որոշումների ընդունման թափանցիկ կանոններ։ «Գլոբալ հակամարտությունների լուծում» ձևակերպումը քաղաքականապես գրավիչ է, բայց գործնականում չափազանց լայն և անորոշ, ինչի արդյունքում մասնակից պետությունները կարող են ներգրավվել գործընթացներում, որոնք ոչ միայն չեն բխում իրենց ազգային շահերից, այլև կարող են հակասել արտաքին քաղաքական հավասարակշռությանը։

Ավելին, գոյություն ունի լուրջ վտանգ, որ փոքր պետությունները նման ձևաչափերում կօգտագործվեն ոչ թե որպես լիարժեք դերակատարներ, այլ որպես քաղաքական լեգիտիմացման ֆոն՝ մեծ դերակատարների կողմից ընդունված որոշումների համար՝ առանց իրական ազդեցության լծակների։ Այս համատեքստում անհրաժեշտ է արձանագրել, որ Հայաստանը, ցավոք, շարունակում է մնալ միջազգային գործընթացների օբյեկտ, ոչ թե սուբյեկտ։ Դրա խոսուն օրինակն էր Դավոսում տեղի ունեցածը, երբ Թրամփը նախընտրեց երկկողմ հանդիպում ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մինչդեռ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը սահմանափակվեց խմբակային լուսանկարով։ Սա հստակ ցույց տվեց, թե որտեղ է գտնվում Հայաստանի իրական քաղաքական կշիռը նման նախաձեռնությունների շրջանակում։

Այս իրողությունների ֆոնին ակնհայտ է, որ Հայաստանի մասնակցությունը «Խաղաղության խորհրդին» կարող է արդարացված լինել միայն այն դեպքում, եթե այն դիտարկվում է որպես լրացուցիչ դիվանագիտական շփման հարթակ, այլ ոչ թե որպես ՄԱԿ-ին կամ միջազգային իրավական համակարգին հակադրվող ընտրություն։ Օրինակ, խորհրդին միացել են նաև այլ երկրներ, ինչպես Արգենտինան, Հունգարիան, Բահրեյնը և այլն, բայց որոշ եվրոպական երկրներ, ինչպես Ֆրանսիան, մերժել են մասնակցությունը՝ մտահոգություններ հայտնելով ՄԱԿ-ի դերի նվազեցման վերաբերյալ:

Առանց հստակ ռազմավարության, կարմիր գծերի և ազգային շահի առաջնահերթ ձևակերպման, Հայաստանի մասնակցությունը կարող է վերածվել ոչ թե հնարավորության, այլ ռիսկերի:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար