Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 22:15 19-01-2026

Ես ուզում եմ իմ երկիրը ներկայացնել, ոչ թե լքել այն. ինքնուս նկարչուհու պատմությունը

Oragir.News-ի հետ զրույցում ինքնուս նկարչուհի Տաթևը խոսել է Հայաստանում արվեստի ոլորտում առկա խնդիրների, հատկապես ինքնուս արվեստագետների նկատմամբ ձևավորված խտրական մոտեցումների մասին՝ ընդգծելով, որ գործող համակարգը հաճախ փակ դռներ է ստեղծում տաղանդավոր, սակայն ակադեմիական կրթություն չունեցող նկարիչների առաջ։

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ հիմնականում ստեղծագործել է աբստրակտ և էքսպրեսիոնիզմի ոճերով, սակայն այսօր փորձում է իրեն բացահայտել նաև այլ ուղղություններում՝ արվեստը դիտարկելով որպես ինքնաճանաչման և զարգացման միջոց։

«Ես տարբեր ոճերում եմ փորձում ինձ գտնել, որովհետև դա ինձ համար ինքնաբացահայտում է․ ուզում եմ հասկանալ՝ մինչև ուր կարող եմ գնալ։ Ես ինքնուս եմ, որևէ նկարչական կրթություն չեմ ստացել, փորձել եմ ինքնակրթվել՝ թե՛ իմ սխալների, թե՛ կողքիս արվեստագետների միջոցով»,- նշում է նա։

Տաթևի գնահատմամբ՝ Հայաստանում ինքնուս նկարիչները հաճախ բախվում են համակարգային խնդիրների, որոնք ոչ միայն սահմանափակում են նրանց հնարավորությունները, այլև կարող են հիասթափեցնել ստեղծագործ մարդուն։

«Ցավով պետք է նշեմ, որ ինքնուս նկարիչների առաջ շատ փակ դռներ կան։ Դա խլում է ոչ միայն ժամանակ, այլև կոտրում է ստեղծագործող մարդուն։ Մինչդեռ արվեստագետը երազանքներով ապրող մարդ է, ով ուզում է ինչ-որ լավ բան տալ հասարակությանը»,- ընդգծում է նա։

Նրա խոսքով՝ խնդիրը հատկապես սրվում է գնահատման և ցուցադրման հնարավորությունների բացակայության պայմաններում։

«Գնահատականը կամ ուշանում է, կամ ընդհանրապես չի լինում։ Շատ քիչ վայրեր կան Հայաստանում, որոնք անվճար են և բաց են բոլորի առաջ։ Այդտեղ էլ տարիներով հերթ պետք է սպասես կամ ունենալ համապատասխան ծանոթություններ»,- ասում է Տաթևը։

Ինքնուս նկարչուհին անդրադարձել է նաև վերջերս Իտալիայից ստացած միջազգային մրցութային հրավերին՝ նշելով, որ երկրորդ փուլ անցնելուց և մրցանակի արժանանալու հնարավորությունից փաստացի զրկվել է համակարգային պահանջների պատճառով։

«Ստացել էի հրավեր Իտալիայում մասնակցելու ցուցադրության-մրցույթի երկրորդ փուլին՝ արդեն որպես գավաթակիր։ Պետք է ներկայանայի՝ ներկայացնելով իմ երկիրը՝ Հայաստանը։ Սակայն փաստաթղթերի ձևակերպման փուլում ինձնից պահանջեցին մասնագիտական կրթության դիպլոմ, որը ես չունեմ, քանի որ ինքնուս եմ։ Այստեղ առաջանում է հարց՝ ինչո՞ւ է արվեստում նման խտրականություն գործում»,- ասում է նա։

Տաթևը նշում է, որ նույն խնդիրը հանդիպել է նաև Հայաստանի նկարիչների միության անդամակցությանը դիմելիս։

«Նկարիչների միության հայտարարության մեջ հստակ գրված է, որ կարող են դիմել միայն մասնագիտական կրթություն ստացած անձինք։ Սա խտրական մոտեցում է։ Ստացվում է՝ եթե ուզում ես անդամ դառնալ, պետք է ստես կամ ձևական ճանապարհներ գտնես»,- ընդգծում է նա։

Նրա խոսքով՝ իրեն առաջարկվել է կամ դառնալ Նկարիչների միության անդամ, կամ արվեստը գրանցել որպես բիզնես գործունեություն՝ հարկային դաշտում հայտնվելու համար։

«Իմ արվեստը բիզնես չէ, դա ապրելակերպ է։ Ես ունեմ այլ աշխատանք, վճարում եմ հարկեր, և հենց այդ միջոցներով եմ ֆինանսավորում իմ ստեղծագործական ուղին։ Նկարների վաճառքով Հայաստանում ապրելը գրեթե անհնար է»,- ասում է Տաթևը։

Նա ընդգծում է, որ չի ցանկանում լքել Հայաստանը և շարունակելու է փորձել միջազգային հարթակներում ներկայացնել երկիրը, սակայն առկա խոչընդոտները հիասթափեցնող են։

«Ես ուզում եմ մնալ իմ երկրում ու իմ արվեստով Հայաստանի անունը հնչեցնել տարբեր երկրներում։ Բայց երբ բախվում ես նման խնդիրների, դա կոտրող է։ Մենք շատ տաղանդավոր նկարիչներ ունենք, որոնք պարզապես հնարավորություն չունեն»,- նշում է նա։

Ինքնուս նկարչուհու համոզմամբ՝ խնդիրը համակարգային է և շտկման կարիք ունի՝ գոնե ապագա սերունդների համար։

«Նկարիչը կարող է ստեղծագործել իր փոքրիկ սենյակում, բայց պետք է հնարավորություն ունենա ցուցադրվելու։ Եթե այդ ճանապարհները փակ են, մենք կորցնում ենք շատ տաղանդներ»,- եզրափակում է Տաթևը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան