Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 22:12 15-01-2026

Պաշտոնյաներ են ձերբակալվել, Իրանում հայեր են զոհվել, ադրբեջանցիներին ՀՀ-ում կստուգե՞ն․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է հունվարի 15-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստից հետո հայտարարել է, որ Ադրբեջանից 4 գերիների վերադարձը և Սիրիային 2 վարձկանների փոխանցումը իրար հետ կապ չունեն։ «Մենք աշխատում ենք նաև Սիրիայի Արաբական Հանրապետության հետ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ: Հույս ունենք այդ որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրայի նկատմամբ, այդ թվում՝ Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը ավելի նպաստավոր կդարձնի», - ասաց վարչապետը։ Նշենք, որ նախօրեին Հայաստան են վերադարձել 4 գերիներ՝ Դավիթ Դավթյանը, Գևորգ Սուջյանը, Վագիֆ Խաչատրյանը և Վիգեն Էուլջեքյանը։ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ հայ գերիների վերադարձի գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք։ Ավելի ուշ Արդարադատության նախարարությունն էլ հաղորդել էր, որ Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի երկու քաղաքացիները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին։ Հայաստանի իրավապահները պարզել էին, որ 44-օրյայի ընթացքում այս վարձկաններին առաջարկվել էր 2 հազար դոլար։ Նրանց նաև ամեն հայի համար 100 դոլար գլխագին էին խոստացել։


Նիկոլ Փաշինյանն ուղիղ չի պատասխանել հարցին՝ Թրամփի ուղիով անցնելիս ադրբեջանցիները հայ սահմանապահներին հանդիպելո՞ւ են, թե՞՝ ոչ: «Տեքստը տալիս է ձեր բոլոր հարցերի պատասխանները՝ ասելով, որ մաքսային, սահմանային ոլորտներում Հայաստանի սուվերեն գործառույթները անքննարկելի են», - այսօր ասաց նա: Նախօրեին հրապարակված TRIPP-ի գործնական կիրառության հայ-ամերիկյան փաստաթղթում գրված է, որ կներդրվեն թվային գործիքներ՝ «անխոչընդոտ կապը դյուրացնելու համար»: Ըստ դրա՝ հաճախորդների առերես սպասարկումը, այսինքն՝ շփումը, կիրականացվի մասնավոր ընկերության աշխատակիցների միջոցով: Ստուգման համար փաստաթղթերը նրանք են հավաքելու, տարանցման վճարները՝ նույնպես: Հայաստանցի սահմանապահներին ու մաքսավորները, ըստ ընտրված մոդելի, վերջնական որոշումների ու ձևակերպումների, անվտանգության ստուգման, զննման լիազորություններ ունեն: Եթե մասնավոր ընկերության օպերատորին ընդունարանում՝ այսպես կոչված ֆրոնթ օֆիսում աշխատելու դերն է վերապահվելու, պետական մարմինների աշխատակիցները գործելու են բեք օֆիսում: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ լրագրողները Փաշինյանից հարցրել էին՝ արդյոք «ֆրոնթ օֆիս-բեք օֆիս» մոդելի ընտրությունն չի նշանակում, որ հայ մաքսավորներն ու սահմանապահները երկրորդ պլանո՞ւմ են լինելու, օրինակ, ինչպես հիմա «Զվարթնոցում» է, TRIPP-ի վրա հայ սահմանապահները անձամբ չե՞ն ստուգելու մեկնող-ժամանողներին։ «Փաստաթղթում հստակ նշված է, որ ֆրոնտ օֆիսը կամ ընդունարանը չի որոշում, որոշումներ կայացնում են Հայաստանի պետական համապատասխան մարմինները, այսինքն՝ բեք օֆիսը: «Զվարթնոց» օդանավակայանի կարգավորումները գործում են արդեն շատ երկար ժամանակ, և դրանից Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը հենց «Զվարթնոցի» հետ կապված կարգավորումներով որևէ կերպ չի տուժել, և հետևաբար այն, ինչ տեղի է ունենում «Զվարթնոց» օդանավակայանում, նույնը կարող է տեղի ունենալ ՀՀ ցանկացած այլ տարածքում, և դա մեզ համար ընդունելի է», - պատասխանել էր նա։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ էլ Փաշինյանը Ադրբեջանին անխոչընդոտ հաղորդակցություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել։


Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ևս արձագանքել է 4 հայ գերիների վերադարձին։ Նրա հայտարարությունը հրապարակել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։ «Մխիթարություն և հոգու ուրախություն էր մեզ համար տեղեկանալ Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող չորս հայորդիների հայրենիք վերադարձի մասին։ Մաղթում ենք, որ Տիրոջ օրհնությամբ և համայն մեր ժողովրդի զորակցությամբ նրանք վերականգնեն իրենց կյանքի խաղաղ ու բնականոն ընթացքը՝ ընտանյաց ու սիրելիների հետ միասին։ Մեր աղոթքն է, որ բոլոր գերյալները շուտափույթ և ապահովաբար վերադառնան հայրենիք։ Թող Աստված խաղաղության շնորհի ներքո պահի աշխարհը համայն, մեր հայրենիքն ու մեր ողջ ժողովրդին»,– նշել է Վեհափառ հայրապետը։


Ադրբեջանից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, հայտնել է, որ իր հոր առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան գրառումից։ «Սիրելի ընկերներ, ծանոթ ու անծանոթ բարեկամներ, անսահման երախտապարտ եմ ճակատագրին, որ իմ կյանքի ճանապարհին ունեմ ձեզ։ Ձեր սերն ու աջակցությունն էին, որ լուսավորեցին խավար դարձած օրերս և ուժ տվեցին հասնելու այս լուսավոր պահին։ Խնդրում եմ ներել, որ այս պահին չեմ կարողանում պատասխանել ձեր ուղարկած հարյուրավոր նամակներին։ Խոստանում եմ՝ յուրաքանչյուր բառ կկարդամ անձամբ, հայրիկիս կողքին նստած, և յուրաքանչյուրիդ կպատասխանեմ անհատապես։ Ուզում եմ տեղեկացնել, որ հայրիկիս առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար։ Նա ևս իր խորին շնորհակալությունն ու ջերմ բարևներն է փոխանցում ձեզ բոլորիդ։ Երանի ինձ՝ ձեզ ունենալու համար»,- գրել է Վերա Խաչատրյանը։ Վագիֆ Խաչատրյանը Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից առևանգվել էր 2023 թվականի հուլիսի 29–ին՝ Հակարի կամրջի վրա, երբ անհետաձգելի բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվում էր Հայաստան։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների։ Խաչատրյանը դատական նիստերի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ որևէ հանցագործություն չի կատարել։ 2023-ի նոյեմբերին նա դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան