Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունիսի 13-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ ձերբակալվել է Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցելու մեջ: Մամուլը գրում է, որ այս ժամերին խուզարկություն է իրականացվում Աբրահամյանի տանը։ Նշենք, որ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել դեռևս2023 թվականի ապրիլին։ Ըստ գործի նյութերի՝ նա, զբաղեցնելով տարբեր պաշտոններ (պատգամավոր, Արարատի քաղաքապետ, Արարատի մարզպետ, տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱԺ նախագահ, վարչապետ), գործարք է կատարել, որի արդյունքում 2008-2015 թթ.ստացել է 230,4 մլն դրամի եկամուտ (մոտ 590 հազար դոլար): Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը 2014-2016 թվականներին զբաղեցրել է Հայաստանի վարչապետի, իսկ նախքան դա 2 անգամ՝ 2008-2011 և 2012-2014 թվականներին Ազգային ժողովի նախագահի պաշտոնը։
Զինծառայության վերաբերյալ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի խնդրահարույց օրինագիծը, որով առաջարկվում է գումարի դիմաց բանակում ավելի քիչ ժամկետով ծառայել, ԱԺ Պաշտպանության հանձնաժողովում շուրջ 4 ժամ քննարկումից հետո դրական եզրակացություն չստացավ: Նախագծին կողմ էր 5, դեմ՝ 4 պատգամավոր: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ձեռնպահ քվեարկեց: Օրինագծով առաջարկվում է 18-32 տարեկան քաղաքացիներին ծառայել 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, 4 ամիս ծառայության դեպքում վճարել 18 միլիոն դրամ: Տարիներ շարունակ բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպանները հայտարարել են, որ պետությունը կոռուպցիան արմատախիլ պետք է անի ոչ թե նման նախագծերի, այլ իրավապահ համակարգի օգնությամբ: Նախորդ ամսվա վերջին Ազգային ժողովում փակ դռների հետևում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն ու պաշտպանության նախարարը մի քանի ժամ քննարկել էին այս նախագիծը և նրանց չէր հաջողվել ընդհանուր հայտարարի գալ։
Նիկոլ Փաշինյանն այսօր մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն՝ «GLOBSEC 2025» ֆորումին մասնակցելու նպատակով։ Պրահայում ընթացող GLOBSEC 2025 ֆորումի պանելային քննարկումների ժամանակ նա հայտարարել է, որ Հայաստանը միաժամանակ չի կարող լինել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության անդամ, ու սա լավ հասկանում է՝ պատասխանելով իտալացի լրագրողի հարցին, թե ինչպես է պատրաստվում Հայաստանը հաղթահարել այդ խոչընդոտը։«Իհարկե, մենք հասկանում ենք, որ միաժամանակ չենք կարող լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ։ Ակնհայտ է, որ դա այն կետն է, որի շուրջ ապագայում ստիպված պետք է լինենք որոշում կայացնել։ Բայց շատ կարևոր է, որ որոշումը պետք է կայացնի Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ իհարկե կառավարության և Ազգային ժողովի գլխավորությամբ»,- նշեց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ քանի դեռ սուր պահանջ չկա կայացնելու այդ որոշումը, Հայաստանը կշարունակի ժողովրդավարական բարեփոխումները՝ եվրոպական չափանիշներին համապատասխան, որքան հնարավոր է։ Իսկ երբ պահը գա որոշում կայացնելու՝ հարցը քաղաքական օրակարգ կմտնի և կդրվի քննարկման սեղանին։ «Մենք այդ որոշում կկայացնենք մեր քաղաքացիների հետ միասին»,- շեշտեց Փաշինյանը։
Այսօր վաղ առավոտյան՝ Երևանի ժամանակով Իսրայելի պաշտպանության բանակը Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, որի թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, ինչպես նա զոհվել են 4 բարձրաստիճան գեներալներ, այդ թվում Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Մոհամմադ Բաղերին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իսրայելը հերթական հարվածն է հասցրել Թավրիզ քաղաքին, որը գտնվում է Իրանի հյուսիս-արեւմուտքում։ Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում: