Oragir.News-ը ներկայացնում է փետրվարի 28-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Իրինա Ատանյանի մեկնաբանությամբ:Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը և Միացյալ Նահանգները համատեղ ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ՝ այն անվանելով «Իրանում ահաբեկչական ռեժիմից բխող էքզիստենցիալ սպառնալիքի վերացման» գործողություն:
«47 տարի Այաթոլլահի ռեժիմը բղավում էր «մա՛հ Իսրայելին», «մա՛հ Ամերիկային»: Նա թափեց մեր արյունը, սպանեց շատ ամերիկացիների և ոչնչացրեց սեփական ժողովրդին: Այս մահաբեր ահաբեկչական ռեժիմին չի կարելի թույլ տալ զինվել միջուկային զենքով»,- ասել է Նեթանյահուն՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «պատմական առաջնորդության համար»:
Նա կոչ է արել Իրանի ժողովրդի բոլոր շերտերին՝ պարսիկներին, քրդերին, ադրբեջանցիներին, բելուջներին և ահվազիներին, «թոթափել բռնակալության լուծը»: Իսրայելի վարչապետը նաև հորդորել է իր երկրի քաղաքացիներին հետևել քաղաքացիական պաշտպանության հրահանգներին և ցուցաբերել համբերություն:
Իսրայելական ԶԼՄ-ները հաստատում են, որ սա համատեղ ամերիկա-իսրայելական օպերացիա է: Իսրայելի բանակը հայտարարել է երկրում արտակարգ դրություն մտցնելու և օդային տարածքը փակելու մասին: Իսրայելի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնել է Իրանի դեմ հարձակումը սկսելու մասին:
Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ՝ փետրվարի 28-ի առավոտյան Թեհրանի կենտրոնում մի քանի հզոր պայթյուն է որոտացել: Իրանական մամուլը հայտնում է նոր պայթյունների մասին:
Իրանի իրավիճակի պատճառով ուշացումներ են գրանցվել նաև Հայաստանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Օդանավակայանի առցանց չվատախտակի տվյալների համաձայն՝ փետրվարի 28-ին ԱՄԷ-ից և Ռուսաստանից իրականացվող մի շարք չվերթներ (դեպի Աբու Դաբի, Դուբայ, ինչպես նաև Մոսկվայից և Եկատերինբուրգից) ուշացումներ են գրանցել: Նախնական տեղեկություններով՝ չվացուցակի փոփոխությունները կապված են Իրանում ստեղծված իրավիճակի և օդային տարածքի սահմանափակումների հետ:
ԴՕԿ կուսակցության այսօրվա համագումարում որոշում է ընդունվել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԴՕԿ դաշինքի վարչապետի թեկնածուն լինելու է «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը, ով ներկայումս գտնվում է ԱՄՆ-ի Հենդերսոնի բանտում: Այս մասին, փոխանցում է «Ազատությունը»։
Ղուկասյանը ձայնային ուղերձ է հղել կուսակիցներին՝ հայտարարելով, որ ԴՕԿ-ը ընտրություններին գնում է իր գլխավորությամբ, և ինքն է լոկոմոտիվը: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում դուրս կգա բանտից՝ նշելով, որ բանտային պայմաններն այնքան ծանր են, որ «շունն անգամ չէր դիմանա»:
Վարդան Ղուկասյանը ցանկություն է հայտնել ԱՄՆ-ից տեղափոխվել Ռուսաստան: Ամերիկյան դատարանը, որը Ղուկասյանին մեղավոր է ճանաչել միգրացիոն կարգը խախտելու մեջ, մերժել է Հայաստանի իշխանությունների՝ նրան արտահանձնելու պահանջը: Հայաստանում նրա դեմ քրեական գործեր են հարուցված շորթման, բռնության կոչերի և դատավորին սպառնալու համար, սակայն Ղուկասյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական քարոզարշավի մեկնարկի մասին: Այսօր՝ փետրվարի 28-ին, նրանք այցելում են Արմավիրի և Արարատի մարզեր: «Քաղաքացիների հետ կշփվենք, կզրուցենք, տպավորություն կկիսենք նրանց հետ և այդպես շարունակ»,- նշել է նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում․