Ներքին 5 ամիս առաջ - 12:00 21-12-2025

ՔՊ-ն ռուսական գործակա՞լ է. իշխանության հասնելու ռեալ դուռ է բացվում

Մեծ սուտ պայթեց Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին վերաբերող փաստաթղթի հրապարակմամբ։ Այս հրապարակումը նաև իշխանության հասնելու ռեալ դուռ է բացել ընդդիմության համար։

Նախ հարկ է նկատել, որ խորհրդային բռնազավթումից ազատագրված մեր երբեմնի բախտակից բազմաթիվ երկրներում վաղուց գաղտանզերծվել են ՊԱԿ-ի հետ համագործակցողների փաստաթղթերը։ Սակայն նախքան գաղտնազերծելն՝ ընդունվել է համապատասխան օրենք լյուստրացիայի մասին։ Օրենքով հիմնավորել է, թե ինչո՞ւ է պետությունը գաղտնազերծում ՊԱԿ-ի գործակալների փաստաթղթերը, ի՞նչ իրավունքներ ունեն այդ անձինք, որոնց փաստաթղթերը գաղտնազերծվում են։ ՀՀ-ում լյուստրացիայի մասին օրենք չի ընդունվել։ Այս փաստն ինքնին հիմք է Եզրաս Սրբազանի փաստաթղթերի գաղտնազերծումն ապօրինի որակելու համար։

Հատվածական մոտեցումն այս հարցում ևս ապապետական է, վտանգավոր պետության համար։ Ինչո՞ւ են միայն մեկ գործակալի փաստաթղթերը գաղտնազերծում։ Օրինակ՝ լյուստարցիայի արդյունքում պարզվել է, որ Արևելյան Գերմանիայի բնակչության 1/3-ը գործակցել է Շտազիի հետ։ Հայ ժողովրդից մեկ հոգի՞ է հավաքագրվել ՊԱԿ-ի կողմից։ ԱԱԾ-ն այս գաղտնազերծման մասին հաղորդագրության մեջ ընդգծում է, որ ՊԱԿ-ի նախկին գործակալը կարող է սպառնալիք հանդիսանալ ՀՀ անվտանգությանը։ Եթե մեկ նախկին գործակալը կարող է սպառնալիք հանդիսանալ, ապա նույն հիմքով ենթադրելի է, որ մյուս գործակալները ևս սպառնալիք են։ Ինչո՞ւ են ԱԱԾ-ն, Նիկոլ Փաշինյանը պարտակում մյուս գործակալներին։

Լյուստրացիայի թեման նորություն չէ։ Շատ քաղաքական ուժեր, գործիչներ են բարձրացրել այս հարցը, այդ թվում՝ ԱԺ-ում։ Լյուստրացիայի մասին օրենքի ընդունման անհրաժեշտությանը դեմ արտահայտվողներն ասում էին, թե գործակալների մասին փաստաթղթերը ՀՀ-ում չեն, տարվել են Մոսկվա դեռ 1990-ականներին։ Եզրաս Սրբազանի վերաբերյալ փաստաթղթի հրապարակմամբ բացահայտվեց մեծ սուտ, ապացուցվեց, որ լյուստրացիային դիմադրողները ստում էին, այդ փաստաթղթերը ԱԱԾ-ում են եղել ու կան։ Իսկ եթե չէին ստում, և իրոք փաստաթղթերն ԱԱԾ-ից տարվել են Մոսկվա, ապա ինչո՞ւ է Կրեմլը միայն Եզրաս Սրբազանի փաստաթուղթը հանել և ուղարկել Նիկոլ Փաշինյանին։

Զամրանալի է նաև Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների ոգևորությունն այս թեմայի հետ կապված։ Հարկ է հիշեցնել, որ խորհրդային բռնազավթման տարիներին բազմաթիվ հոգևորականներ են հալածվել սպանվել, բազմաթիվ վանքեր են քանդվել, պղծվել։ Այս ամենի գլխավոր կազմակերպիչը եղել է ՊԱԿ-ը։ Նույնպես բազմաթիվ քաղաքական գործիչներ, սպաներ, մտավորականներ են դատվել, աքսորվել, սպանվել ՊԱԿ-ի ձեռքով։ ՔՊ-ն, 7 տարի իշխանության ղեկին լինելով, ոչ մի անգամ Հունիսի 14-ին հարգաքի տուրք չի մատուցել խորհրդային տարիներին բռնադատվածների հիշատակին, մի ծաղիկ չի խոնարհել նրանց համար, մի խոսք չի ասել Փաշինյանն այս կապակցությամբ։ Այսինքն՝ ՔՊ-ն չի հարգում ԿԳԲ-ական դահիճների ձեռքով սպանված Չարենցի, Բակունցի, հալածված հազարավոր սպաների, քաղաքական գործիչների հիշատակը, չի ճանաչում կատարված հանցագործությունը մարդկության դեմ։ Գուցե ՔՊ-ն ռուսական գործակա՞լ է։

Ի վերջո՝ ինչու ԱԱԾ-ն ուղիղ ու պարզ չի խոսում ազգային անվտանգային սպառնալիքի մասին, այլ միայն ակնարկում, թե Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և շահերին։ Ինչո՞ւ ԱԱԾ-ն ուղիղ չի ասում օտար երկրի հատուկ ծառայության անունը։ Ինչո՞ւ է ԱԱԾ-ն վախենում ուղիղ ասել, որ ФСБ-ի կամ ռուսական այլ ծառայության գործակալ է։ Փաշինյանը վախենո՞ւմ է, Պուտինը կջղայնանա՞։ Այս փոքրոգության ցույցն ինքնին կասկած է առաջացնում, որ Փաշինյանն այս առումով ավելի խոցելի է, քան եկեղեցին։

Պարզ ասած՝ ընդդիմությունը, հոգևորականությունը, եկեղեցու պաշտպանության դիրքում կանգնողները կարող են հրապարակավ կասկած հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը ռուսական գործակալ է, ՔՊ-ականները ռուսական գոծակալներ են, ավագ ՔՊ-ականները ՊԱԿ-ի կողմից հավաքագրված են եղել ու սպառնալիք են ազգային անվտանգությանը։ Ընդդիմադիր պատգամավորը կարող է լյուստրացիայի մասին օրինագիծ բերել ԱԺ օրակարգ։ Ընդդիմադիր լրատվամիջոցը կարող է հարցումներ ուղարկել ԱԱԾ, խնդրելով գաղտնազերծել ՔՊ-ական գործիչների, նրանց հետ փոխկապակցված անձանց փաստաղթղթերը ՊԱԿ-ի կողմից հավաքագրված լինելու մասին։

Այսպես գուցե կպատռվի ՔՊ-ի դիմակն ու կպարզվի, որ իշխանության օղակներում, ՔՊ շարքերում ավելի շատ են ռուսական գործակալներն ու սպառնում են ազգային անվտանգությանը։ Այս պարագայում ՀՀ քաղաքացիները երես կթեքեն Նիկոլ Փաշինյանից, նրան ձայն չեն տա 2026-ին։ ԵՄ-ն էլ կաջակցի լյուստրացիայի ջատագով ընդդիմադիր ուժերին, ՔՊ-ն էլ կդառնա ընդդիմություն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»