Ռուսաստանաբնակ հայ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումը, վերջերս էլ դրա երկարաձգումը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Կասկածից վեր է՝ Կարապետյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման, քանի որ վերջինս կալանավորվեց այն բանից հետո, երբ իր հրապարակային խոսքում աջակցություն հայտնեց Հայ Առաքելական եկեղեցուն։
Սամվել Կարապետյանի շահերը պաշտպանելու նպատակով հրատապ այցով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը, ով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատից է։ Հայաստան ժամանելուն պես՝ Ամստերդամը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր գլխավոր առաքելությունը Հայ առաքելական եկեղեցու և քրիստոնյաների պաշտպանությունն է, որոնք, նրա գնահատմամբ, ապօրինի կերպով զրկված են ազատությունից։ «
Հայաստանում իմ առաքելությունն է պաշտպանել եկեղեցուն, եկեղեցու զավակներին, Քրիստոսի զավակներին, ովքեր ապօրինաբար զրկվել են ազատությունից: Երբ մարդիկ հավատացյալ են, սիրում են իրենց եկեղեցին և իրենց երկիրը, ինչպես Սամվել Կարապետյանը, սակայն նրանց բիզնեսներն ապօրինաբար հարձակումների, «ռեյդի» են ենթարկվել, ուրեմն ինչ-որ բան այն չէ, եւ անհրաժեշտություն կա կառավարության և եկեղեցու միջև երկխոսության: Ես հույս ունեմ, որ կսկսվի այդ երկխոսությունը, այդ մեղադրանքները կկարճվեն, և այդ գործընթացի արդյունքում Եկեղեցին կլինի պաշտպանված: Եկեղեցին Հայաստանում առանցքային նշանակություն է ունեցել եւ ունի լեզվի, կրոնի համար և բոլոր մարդկանց համար, ընդ որում, ոչ միայն Հայաստանի, այլ ողջ աշխարհի բոլոր քրիստոնյաների համար: Հավատացյալ բոլոր մարդիկ պետք է պաշտպանեն Եկեղեցին Հայաստանում»,- լրագրողներին ասել է նա։
Այս հայտարարություններին հղում անելով՝ հայաստանյան լրատվամիջոցները քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային իրավաբանի այցը արտահերթ որակեցին՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ նա ստանձնելու է ոչ միայն Սամվել Կարապետյանի, այլև Հայ Առաքելական եկեղեցու, տվյալ դեպքում՝ Միքայել և Բագրատ Սրբազանների պաշտպանությունը։ Նշվում է նաև, որ Ամստերդամի այցը նպատակ ունի Հայաստանում իրականացնել մարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակի մոնիթորինգ։
Oragir.News-ի ձեռքի տակ է հայտնվել փաստերի մի ամբողջ փաթեթ, որն ի ցույց է դնում նախկինում հայ ժողովրդի նկատմամբ Ամստերդամի ցուցաբերած մեղմ ասած ոչ բարյացկամ կեցվածքը, ավելին՝ վերջինիս նվիրվածությունն ու առանձնակի ջերմ վերաբերմուքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ։ Բացի այդ, վերջինս առանձնակի նվիրավածությամբ տարիներ շարունակ պրոթուրքական լոբբինգ է իրականացնում․
Նախևառաջ՝ Ամստերդամը Amsterdam & Partners LLP իրավաբանական ընկերության հիմնադիրն ու գլխավոր գործընկերն է, որի գրասենյակները գտնվում են Լոնդոնում և Վաշինգտոնում, սակայն դրանք զբաղվում են նաև միջազգային դատական գործերով։
Amsterdam and Partners LLP-ին ԱՄՆ FARA (Foreign Agent Registration Act) համակարգում գրանցված ընկերություն է (Registration number 6325): FARA համակարգում առկա է փաստաթղթերի փաթեթ, որտեղ ներկայացված է, թե որքան գումար է ստացել Ամստերդամի ընկերությունը Թուրքիայի դեսպանատնից։ Մասնավորապես՝
2015-2023 թվականներին ընկերությունը Թուրքիայի դեսպանատնից յուրաքանչյուր ամիս ստացել է 50 հազար ամերիկյան դոլար, մի քանի միլիոն դոլար ընդհանուր ֆինանսավորում, ավելին՝ որոշ փաստաթղթերի տակ առկա է անգամ ԱՄՆ-ում Թուրքիայի այն ժամանակվա դեսպան, ներկայումս հայ-թուրքական հարաբերություններում այդ երկրի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի ստորագրությունը։
Կից ներկայացնում ենք վերջին հաշվետվություններից մեկը, որում արտացոլված են Թուրքիայի դեսպանատնից ստացած վճարումները՝ ըստ ամիսների․
Հիշեցնենք՝ FARA-ի օրենքն ԱՄՆ-ում ընդունվել է 1938 թվականին։ Այն պարտադրում է, որ ԱՄՆ-ում գործող անձինք կամ կազմակերպությունները, որոնք աշխատում են օտարերկրյա պետության, կուսակցության կամ կազմակերպության ֆինանսավորմամբ, գրանցվեն ԱՄՆ Արդարադատության նախարարությունում։ Գրանցված գործակալները պարբերաբար ներկայացնում են հաշվետվություններ, որտեղ նշվում է՝ ում են ներկայացնում (որ օտարերկրյա կառույցին), ինչ գործունեություն են իրականացնում ԱՄՆ-ում (օրինակ՝ լոբբինգ, հանրային կապեր, քարոզչություն և այլն), ինչ գումարներ են ստանում և ծախսում, ինչ նյութեր են տարածում (հայտարարություններ, մամուլի հաղորդագրություններ, մեդիա աշխատանքի արդյունքներ և այլն)։Այս ամենից պարզ է դառնում, որ Amsterdam and Partners LLP-ն ԱՄՆ-ում թուրքական լոբբինգով զբաղվող փաստաբանական կազմակերպություն է, որն այժմ զբաղվում է Սամվել Կարապետյանի դատական գործով։ Նշենք նաև, որ միայն 2022 թվականի հունվարի 5-10-ը Թուրքիայի դեսպանատնից կազմակերպությանը փոխանցվել է 250.000 ԱՄՆ դոլար:
Իրականում Ամստերդամի կողմից թուրքական լոբբինգ իրականացնելը շահերի բախում չէր առաջացնի, եթե վերջինս դրան զուգահեռ չզբաղվեր հակահակայկական գործունեությամբ։ Մասնավորապես՝ Ռոբերտ Ամստերդամը վարում է «Departures with Robert Amsterdam» փոդքասթը, որի մի շարք թողարկուիմների ուսումնասիրության արդյուքնում գալիս ենք այն եզրակացության, որ այն իրականում պրոթուրքական քարոզչության հարթակ է․
Օրինակ՝ Արցախյան 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թողարկման մեջ Ամստերդամը Անկարայում հարցազրույց է վարում թուրք բարձրաստիճան դիվանագետի հետ՝ նրան տրամադրելով հարթակ՝ հակահայկական և հակաարցախյան թեզեր տարածելու համար։ Այս թողարկման ժամանակ Հայոց ցեղասպանությունը ներկայացվում է որպես «
սուտ»և«
պրոպագանդա»: Բացի այդ, Ամստերդամն իր հարցը ձևակերպում է խիստ խնդրահարույց ձևակերպումներով, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ գործողությունները դրական լույսի տակ՝ զարմանք արտահայտելով, թե ինչպես է հայկական սփյուռքին հաջողվել այս երկրներին ներկայացնել որպես ագրեսոր։
Ամստերդամը նաև վկայակոչում է ՄԱԿ-ի հայտնի 4 բանաձևերը, որոնք, իր պնդմամբ, Ադրբեջանի օգտին են, և այդպիսով նա փորձում է արդարացնել Արցախի բռնազավթումը։ Թողարկման 12:30-20:00 րոպեներում
թուրք դիվանագետը հայերիս անվանում է «ստախոս քարոզիչներ», «օկուպանտ», բարձրացնում ադրբեջանցի 1 միլիոն փախստականների վերադարձի խնդիրը, ժխտում Հայոց ցեղասպանությունը, իսկ Ամստերդամն այս պնդումներին որևէ կերպ չի առարկում։ Փաստացի նա տարածում է Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնող և ժխտողական թեզեր՝ իր լսարանին նույնիսկ չզգուշացնելով, որ հաղորդման մեջ հնչած մտքերը հյուրինն են, և կարող են չհամապատասխանել իրականությանը, իր կարծիքին կամ օրինակ խմբագրության պաշտոնական տեսակետին:
Ստորև ներկայացնում ենք նաև հիշյալ հատվածի հայերերն սղագրությունը․
Ռոբերտ Ամստերդամ-ԱՄՆ-ում այժմ մի իրավիճակի ենք բախվում, որը վերաբերում է մեր քննարկած հարցերին։ Այնտեղ այնպիսի ընկալում կա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին պատերազմում Ադրբեջանն ագրեսորն էր, և Միացյալ Նահանգներում հայկական լոբբին շատ ուժեղ ճնշում է գործադրում Թուրքիայի նկատմամբ՝ Ադրբեջանի հետ համագործակցելու համար, և որպես մեկը, ով, անկեղծ ասած, ուսումնասիրել է պատմությունը և ով գիտի, որ իրականում, այս պահին, Ադրբեջանը, կարծում եմ, ունի ՄԱԿ-ի չորս բանաձև իր օգտին ներկայիս իրավիճակի վերաբերյալ, ինձ համար անհավանական են թվում ԱՄՆ-ում պտտվող այս պատմությունները: Եվ որպես ծագումով թուրք, ինչպե՞ս եք Դուք առաջին հերթին վերաբերվում վերջին հակամարտությանը: Եվ երկրորդ, ինչպե՞ս եք դիտարկում այս «ագրեսիվ թուրքական» պատմությունը, որն ասում է՝ Թուրքիան Լեռնային Ղարաբաղում է, Թուրքիան Արևելյան Միջերկրական ծովում է, Թուրքիան Լիբիայում է, Թուրքիան Սիրիայում է, և փորձ է արվում Թուրքիան ներկայացնել որպես տարածաշրջանային ագրեսոր պետություն:
Թուրք դիվանագետ-Դե, գիտեք, մենք սովոր ենք նման իրավիճակների, քանի որ քարոզչությունը միջազգային դիվանագիտության մաս է կազմել տարիներ, գուցե՝ դարեր շարունակ: Այս խնդրի հետևանքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, Ադրբեջանի տարածքների 20%-ը օկուպացված էին հայերի կողմից։ Այսպիսով, կային ՄԱԿ-ի ոչ թե չորս, այլ հինգ բանաձևեր՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևեր և մեկ Գլխավոր ասամբլեայի բանաձև, որոնք ասում են, որ այդ տարածքները պատկանում են Ադրբեջանին։ Այսպիսով, միջազգային իրավունքի մաս է կազմում այն, որ Հայաստանի կողմից օկուպացված տարածքներն ադրբեջանական են։ Բայց 5-րդ բանաձևը շատ յուրահատուկ է Գլխավոր ասամբլեայի համար, քանի որ այս բանաձևն ընդունվել է մոտ 150 երկրների մասնակցությամբ․ 100 երկիր ձեռնպահ է մնացել, մոտ 30 երկրներ կողմ են քվեարկել, այդ թվում՝ Թուրքիան՝ հաստատելով, որ այդ տարածքները ադրբեջանական են։ Սակայն կողմ քվեարկող երկրների շարքում չկա ոչ մի եվրոպական երկիր, և յոթ երկրներ դեմ են քվեարկել։ Դեմ քվեարկած յոթ երկրների թվում կային երեք երկրներ, որոնք այս խնդրի լուծման համար պատասխանատու Մինսկի խմբի անդամներ են: Այդ երեք երկրներն են՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան: Պատկերացրե՛ք, անհավանական է:
Ռոբերտ Ամստերդամ-Անհավանակա՛ն է։
Թուրք դիվանագետ-Այնպես որ, սա անհավանական է: Սա է խնդրի ծագումը: Ադրբեջանը վերջերս՝ վերջին հակամարտության ժամանակ, «վերանվաճեց իր սեփական տարածքը՝ իր սեփական տարածքի մեծ մասը», և նրանք կկարողանան, կարծում եմ, հետ ուղարկել այս տարածաշրջանի բնակչությանը, որը փախել էր Ադրբեջան: Մեկ միլիոն փախստականներ կային: Ես այցելեցի նրանց: Ես այցելեցի նրանց մի քանի տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններից հետո, և նրանք շատ դժվար պայմաններում էին: Այսպիսով՝ լուծում կա․ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի բանաձևի, ինչպես նաև մարդասիրական չափանիշների, հնարավորություն կլինի այս տարածաշրջանի բնիկ բնակիչներին վերադարձնել իրենց տները: Այսպիսով, Թուրքիան դառնում է իրավիճակի պատասխանատու երկի՞րը: Անհավանական է, կարծես Թուրքիան է սկսել պատերազմը, կարծես Թուրքիան մասնակցել է պատերազմին, կարծես Հայաստանը ... Ադրբեջանը, կարծես դրա մեջ սխալ բան կա, որ իր սեփական հողերը վերագրավել է, կարծես սխալ բան կա, որ փախստականներին հետ ուղարկեն: Այնպես որ, դա իսկապես երբեմն անհավանական է: Նման քարոզչական մեխանիզմները բավականին արդյունավետ են աշխատում, և աշխարհում շատ մարդիկ կարծում են, որ թուրքերը, Թուրքիան պատասխանատու են այս հակամարտության և դրա հետևանքների համար: Երբեմն դժվար է հասկանալ, բայց դիվանագիտության մեջ մենք սովոր ենք նման խնդիրների բախվել:
Նույնը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական կառավարությունը ցանկանում էր ամերիկացիներին ներգրավել պատերազմի մեջ: Ավելին՝ նրանք պետք է համոզեին ամերիկյան հանրությանը: Այսպիսով՝ նրանք ստեղծեցին քարոզչության նախարարություն՝ «Վելինգտոնի տուն» անվամբ, քանի որ դա այդ տան անունն էր, և նրանք հրատարակեցին մի քանի գրքեր Բրիտանիայի հակառակորդների՝ Գերմանիայի և Թուրքիայի դեմ: Գրքերից մեկը Հայաստանի մասին էր, և այս գրքում այնքան շատ քարոզչական նյութեր կային, դա ուղղակի անհավանական էր, որ թուրքերը այնքան շատ վայրագություններ են գործել, այնքան շատ մարդկանց են սպանել և այլն: Նրանք նույնն արեցին Գերմանիայի դեմ գրված գրքում․ կարծես գերմանացիները կտրել են նորածինների ձեռքերը, գիտեք, կախաղան են հանել քահանաներին և այլն: Եվ պատերազմից հետո Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը գնաց Համայնքների պալատ և, ցույց տալով Գերմանիայի մասին գիրք, ասաց. «Բայց սա քարոզչական նյութ է: Այս գրքում գրվածը իրականության հետ որևէ կապ չունի»: Այդպես էր նաև թուրքական գրքերի դեպքում, բայց նրանք շատ բան չասացին։ Այսպիսով՝ երբ ես խորհրդարանի անդամ էի, մենք նամակ ուղարկեցինք Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատ և Լորդերի պալատ՝ ասելով, որ դուք պետք է ուղղեք այս սխալ տեղեկատվությունը և ճշմարտությունը ասեք ձեր խորհրդարանին։ Նրանք ասացին. «Այո, դա ոչ թե Մեծ Բրիտանիայի խորհրդարանն էր, այլ կառավարությունը։ Դա մեր գործը չէ, բայց նրանք ձեր տեսակետները կբացահայտեն նաև հանրությանը և այլն»։ Բայց Մեծ Բրիտանիան երբեք չի ընդունել այն ինչ կատարվել է... [ընդհատվում է] ... այն, ինչ արեցին որոշ այլ երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան և Գերմանիան, մի քանի ուրիշ երկրներ, բայց երբեք Մեծ Բրիտանիան, որը պետք է, որ իմանար այդ ժամանակաշրջանի եղելությունը [նկատի ունի որ Մեծ Բրիտանիան չի ճանաչել ցեղասպանությունը այնպես ինչպես դա արել են այլ երկրներ]։
Ռոբերտ Ամստերդամ- Եվ ո՞ր ցեղասպանությունն էր սա:
Թուրք դիվանագետ-Նրանք դա կոչում են Հայոց Ցեղասպանություն․ իբրև թե «թուրքերը միակողմանիորեն կոտորել են հայ բնակչությանը, և նրանք ստիպված են եղել լքել Թուրքիան և այլն», մինչդեռ այդ պահին, այդ ժամանակահատվածում, այս հարցի վերաբերյալ գրվել են ավելի օբյեկտիվ գրքեր, ինչպես, օրինակ ամերիկացի գիտնական պրոֆեսոր Ջասթին Մաքքարթիի գիրքը։ Նա ցույց է տալիս, որ գիտականորեն բացատրում է, թե ինչ է տեղի ունեցել այդ ժամանակահատվածում։ 67 ամերիկացի պրոֆեսորներ 1987 թվականին համատեղ նամակ են հրապարակել Washington Post-ում և New York Times-ում՝ ասելով, որ Կոնգրեսը չի կարող տեղի ունեցածը որակել որպես ցեղասպանություն։ Քարոզչությունը դեռևս շարունակվում է, և ինչպես ասացի, մենք սովոր ենք և պետք է առերեսվենք այս իրականության հետ, և մենք պետք է մեր տեսակետները բացատրենք լայն հանրությանը և ասենք, որ մենք երբեք հայերին չենք համարում մեր թշնամիները։ Մենք ունենք կարևոր հայ բնակչություն, Թուրքիայի քաղաքացիներ։ Նրանք դարեր շարունակ խաղաղ ապրում են Թուրքիայում, և մենք կողմ ենք Թուրքիայի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերություններին, եթե գտնենք այս խնդիրների լուծումը և դադարեցնենք անարդար քարոզչական գործունեությունը։
Այսպիսով՝ փաստացի Սամվել Կարապետյանի և իր պնդմամբ նաև Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանությունը ստանձնել է մի փաստաբան, ով տարիներ շարունակ ֆինանսավորվել է Թուրքիայի կողմից, սպասարկել այդ երկրի քարոզչական թեզերը, հերքել Հայոց ցեղասպանությունը, լեգիտիմացրել Արցախի նկատմամբ Ադրբեջանի հարձակումն ու Արցախի բռնազավթումը։ Վերոգրյալները բոլոր այն հատկանիշներն են, որոնցով տարբեր աշխարհի տարբեր երկրներում բնորոշում են օտարերկրյա ազդեցության գործակալներին, ուստի մեր ընթերցողների շրջանում հավանաբար ողջամիտ կասկած կառաջանա, որ Ռոբերտ Ամստերդամը թուրքական ազդեցության գործակալ է։
Ամստերդամի հրապարակային խոսքից պարզ է դառնում, որ նրան հենց Սամվել Կարապետյանի թիմն է հրավիրել Հայաստան, ուստի հարց է առաջանում՝ վերջիններս ո՞ւմ խորհրդով են դա արել, նրանց հայտնի չէ՞ր՝ նախկինում փաստաբանն ինչպիսի հակահայկական գործունեություն է ծավալել։ Բարերարի թիմակիցները հաստատապես կարող էին դիմել սփյուռքի հայկական կազմակերպություններին, որոնք մանրամասն տեղեկատվություն կտրամադրեին Ամստերդամի գործունեության վերաբերյալ, իսկ եթե Կարապետյանի թիմը այս ամենն իմանալով է փաստաբանին Հայաստան հրավիրել ու աչք փակել դրա վրա՝ հաշվի առնելով այն հնչեղությունը, որը նա կարող է տալ այս գործին, ապա խնդիրն այստեղ առավելապես բարոյական տիրույթում է։
Oragir.News-ը գուցե այս ամենը չհրապարակեր, եթե Ամստերդամը միայն Սամվել Կարապետյանի պաշտպանությունը ստանձնած լիներ, սակայն քանի որ հիշյալ փաստաբանը դիրքավորվում է նաև որպես Հայ Առաքելական եկեղեցու պաշտպան, ապա այս դեպքում հիշյալ փաստերը հանրայնացնելն արդեն մեր պարտավորությունն է։
Oragir.News-ն այս կապակցությամբ գրավոր հարցում է ուղարկել Մայր Աթոռ՝ հետաքրքրվելով՝
Հայ Առաքելական եկեղեցին պաշտոնապես վարձե՞լ է կամ խնդրե՞լ է Amsterdam and Partners LLP փաստաբանական ընկերությանը իր շահերը պաշտպանել, արտոնե՞լ է Ռոբերտ Ամստերդամին հանդես գալ որպես եկեղեցու փաստաբան կամ ներկայացուցիչ, ինչպես ասվում է կից ներկայացվող մամուլի հաղորդագրության մեջ։ Եթե Ռոբերտ Ամստերդամը արտոնված չէ ներկայանալու որպես ՀԱԵ կողմից վստահված փաստաբան, ապա փաստացի նրա ընկերության կողմից տարածվող ապատեղեկատվությունը հայ հասարակությանը թյուր ըմբռնումների և մոլորության մեջ գցելու միտում ունի, ուստի հարցրե՞լ ենք՝
եկեղեցին Amsterdam and Partners LLP-ից կպահանջի՞ հեռացնել մամուլի հաղորդագրության մեջ ընդգրկված ոչ ճշգրիտ տեղեկությունը և դադարեցնել ՀԱԵ անունից որպես վստահված իրավաբան հանդես գալը:Հետաքրքրվել ենք նաև,
թե արդյոք Մայր Աթոռում ծանո՞թ են Ամստերդամի հետագծին և հենց իրե՞նք են խնդրել, որ նա ներկայացնի Բագրատ և Միքայել Սրբազանների շահերը։ Եթե Մայր Աթոռն այս փաստաբանին արտոնել է որպես իր շահերի պաշտպան, ապա խնդրել ենք պարզաբանել, թե դա ո՞ւմ խորհրդով է արել և արդյոք խնդրահարույց չի՞ համարում, որ պետական զգայուն խնդիրների շրջանակում ընգրկել Թուրքիայի կառավարությանը մոտ կանգնած, նրանցից զգալի ֆինանսական աջակցություն ստացող այս անձնավորությանը, նրան հասանելիություն տրամադրել Սրբազանների և ՀԱԵ վերաբերող տեղեկություններին: Հարցմանը պատասխանը ստանալուն պես՝ այն նույնպես կներկայացնենք մեր ընթերցողներին։
Ակնկալում ենք նաև, որ Սամվել Կարապետյանի թիմակիցներն իրենց հրապարակային խոսքում հիշյալ հարցադրումների վերաբերյալ պարզաբանումներ կներկայացնեն, որոնք ևս Oragir.News-ը կներկայացնի իր ընթերցողների դատին։ Եթե վերջիններս ցանկանան դա անել Oragir.News-ի տաղավարից, ապա մենք սիրով պատրաստ ենք հյուրընկալել նրանց, ինչի պատրաստակամությունը բազմիցս հայտնել ենք։
Ք․ Սահակյան
Դավիթ Գույումջյան