Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան առաջին մրցանակաբաշխությունը։
2026 թվականի հոկտեմբերի 12-ին լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանը կդառնար 100 տարեկան։
Նրա հիշատակին Մոսկվայում՝ «Բարվիխա Luxury Village» համերգասրահում, տեղի է ունեցել Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը։ Մրցանակը հիմնադրվել է 2025 թվականին՝ Սիմոնյանի մահից հետո։
Միջոցառմանը ներկա են եղել ռուս և արտասահմանյան հայտնի ֆուտբոլիստներ ու մարզիչներ, այդ թվում՝ Ռիվալդոն, Ուեսլի Սնեյդերը, Մասիմո Կարրերան, Քրիստիան Պանուչին, ինչպես նաև «Արարատ-73»-ի ֆուտբոլիստները։
Երեկոն մեկնարկել է Նիկիտա Սիմոնյանի դստեր՝ Վիկտորյա Նիկիտիչնայի ելույթով։
Նա ընդգծել է հոր մեծ ներդրումը համաշխարհային ֆուտբոլում և շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ առանձնահատուկ նշելով բարերար Արթուր Սողոմոնյանի աջակցությունը։
Մրցանակները հանձնվել են մի շարք անվանակարգերում։ «Տարվա խաղացող» է ճանաչվել Էզեկիել Բարկոն, «Տարվա մարզիչ»՝ Մուրադ Մուսաևը, «Լավագույն հարձակվող»՝ Կոնստանտին Տյուկավինը, «Թիմի առաջնորդ»՝ Ռոման Զոբնինը, իսկ «Թիմին հավատարմության համար» մրցանակը ստացել է Իգոր Ակինֆեևը։ «Լավագույն ռմբարկու» է ճանաչվել Պաբլո Սոլարին, իսկ «Տարվա մենեջեր»՝ Մաքսիմ Պոգորելովը։
Հատուկ մրցանակների են արժանացել նաև Դաղստանի մանկապատանեկան մարզադպրոցը և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Բարինովը։ Երեկոն ուղեկցվել է հյուրերի ելույթներով և երաժշտական ծրագրով։