Մենք բազմիցս հայտարարել ենք, որ լիովին պատրաստ ենք պաշտպանվել ուժով, ինչպես նաև լիովին պատրաստ ենք բանակցությունների միջոցով արդար լուծման հասնել։
Այդ մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Մենք շարադրել ենք մեր հստակ պայմանները և գրավոր ծրագիր ներկայացրել։ Այժմ ամեն ինչ կախված է ամերիկյան կողմից՝ արդյոք նրանց մոտ կգերակշռի՞ քաղաքական ողջամտությունը, և արդյոք նրանք կամք ունե՞ն գնալու դիվանագիտական ճանապարհով, թե՞, ինչպես նախկինում, ձգտելու են ագրեսիայի։
Մենք երկու սցենարներին էլ պատրաստ ենք նույնիսկ ավելի լավ, քան նախկինում։ Եթե նրանք համարձակվեն կրկին փորձել մեզ, գիտեն, որ շատ ավելի կոշտ պատասխան կստանան, քան նախկինում։ Իսկ եթե նրանք կանգնեն ազնիվ դիվանագիտության ուղու վրա, մենք կգործենք։ Հորմուզի նեղուցի բացման մեր պայմանները բավական հստակ ու թափանցիկ են։ Եթե այդ պայմաններն ընդունվեն, Հորմուզի նեղուցը կբացվի, և բանակցությունները կվերսկսվեն։
Մենք չենք զիջի մեր սկզբունքային դիրքորոշումները և չենք խոնարհվի որևէ ուժի առջև։ Միևնույն ժամանակ մենք կողմնակից ենք երկխոսությանը և պատրաստ ենք դրական փոխգործակցության, եթե մյուս կողմը նույնպես նման մոտեցում է որդեգրում։ Հակառակ դեպքում, եթե նրանք ցանկանում են խաբել կամ դիմել ռազմական գործողությունների ու ագրեսիայի, մենք դրան էլ ենք պատրաստ, և նրանք կտեսնեն մեր վճռական պատասխանները»,- նշել է Արաղչին։