Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 03-04-2025

Սադրա՞նք, թե՞ ակնարկ. 2026-ին իշխանության փոխվելու ռեալ հիմքերը

Քաղաքական համայնքի մի մասն օրեցօր սևեռվում է 2026-ի ԱԺ ընտրություններին պատրաստվելու խնդրի վրա։ Նրանց ոգևորեց նաև Գյումրիի ու Փարաքարի ընտրություններում ՔՊ ձախողումը։ Իսկ մի մասը հուսահատ է, կարծելով, թե Նիկոլ Փաշինյանին սատարում են և՛ ռուսները, և՛ Արևմուտքը, և՛ ժողովրդի մի մասը, հետևապես՝ 2026-ին ՔՊ-ին հաղթել չի հաջողվի, ինչպես չստացվեց 2021-ին։ Այս իրարամերժ տրամադրությունների ֆոնին ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը մարտի 30-ին Գյումրիում ասում է, թե 2026-ին իշխանությունը փոխվելու է։

ՔՊ-ականի այս հայտարարությունը ցնցող տպավորություն է թողել, խառնել իշխանության պոտենցիալ հավակնորդների խաղաքարտերը։ Եթե ՔՊ-ականն ասում է, թե 2026-ին իշխանությունը փոխվելու է, ուրեմն մի բան գիտի։ Սրանից կարող են ոգևորվել ավելի շատ քաղաքական ուժեր, հանրային հեղինակություններ ու ավելի լրջորեն պատրաստվել 2026-ին։ Ոչ միայն մեծ ժողովրդականություն ունեցողներն, այլև մի քանի տասնյակ համակիրներ ունեցողները կշտապեն ինչ-որ կերպ ներգրավվել ընտրապայքարում։

Իրո՞ք 2026-ին իշխանությունը կփոխվի, և որո՞նք են ՔՊ-ի ենթադրյալ պարտության հիմքերն ու նախադրյալները։

ՔՊ-ի ենթադրյալ պարտության ակնառու նախադրյալ է ՔՊ-ի վարկանիշի փաստացի անկումը, որին նպաստել են պարտությունները, կորուստները, թանկացումները, գերիների, արցախցիների հարցերը և այլն։ Հանրության մի մասը ձանձրացել է Նիկոլ Փաշինյանից, նրա ձայնից, կրկնվող խոսքից։ Մի մասին վրդովեցնում են անարդարությունները, ապօրինությունները, անգործությունը, որոշ պաշտոնյաների արհամարհական տոնը և այլն։

Նախադրյալ է նաև Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկը։ Հայտնի է, որ Փաշինյանը 2018-ին իշխանություն է ստացել ռուսների միջնորդությամբ, նրանց խոստացել է անխախտ պահել հայ-ռուսական պայմանագրերն ու օրակարգը։ Այդ պայմանավորվածությունը կաշկանդում է նրան առաջ տանելու ԵՄ անդամակցելու գործընթացը, որի մասին օրենքն ընդունվեց վերջերս։ Հետևապես՝ պահանջվելու է նոր ղեկավար, որը կաշկանդված չի լինի ռուսական պայմանավորվածություններով։

Իշխանափոխության ենթադրյալ հիմք է ՀՀ-ի մասին գլոբալ պայմանավորվածությունը Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ըստ որի՝ ՌԴ-ն ինչ-որ գնով արդեն հրաժարվել է ՀՀ-ում ունեցած ազդեցությունից։ Արդյունքում՝ ռուսական բոլոր գործակալները, ներառյալ՝ Փաշինյանը, աստիճանաբար դուրս են մղվելու քաղաքական ասպարեզից։ Արևմուտքն էլ 2026-ին ՀՀ վարչապետի նոր թեկնածու է առաջադրելու, որի օրոք ՀՀ-ն դառնալու է Արևմուտքի իրական դաշնակիցը, հրաժարվելու է դիվերսիֆիկացման խաղերից, ի տարբերություն Փաշինյանի՝ լուրջ է վերաբերվելու Եվրամիությանն անդամակցելու գործընթացին։

Չի բացառվում, որ 2018-ն իշխանություն ստանալու պայմանավորվածությունների շարքում ֆիքսվել է նաև ժամկետ։ Նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պաշտոնավարել են 10-ական տարի։ Ենթադրելի է, որ Փաշինյանի ժամկետը ևս 10 տարի է։ Եվ այն լրանում է 2028-ին։ Այսինքն՝ նույնիսկ եթե չկա գլոբալ գործարք, և Ռուսաստանը չի հեռանալու տարածաշրջանից, Փաշինյանը իրապես կորցնելու է ռուսական աջակցությունը, քանի որ խոստացված ժամկետը մոտ է լրանալուն։ Եվ եթե ժամկետը լրանալուն պես Փաշինյանին տապալելու են հեղափոխական ցնցումներով, որոնց արդյունքում նրա անվտանգությունը ոչ ոք չի երաշխավորելու, ապա ենթադրելի է, որ նրա համար նախընտրելի կլինի ընտրություններով հեռանալը, այսինքն՝ 2026-ին։ Այս դեպքում նրա անվտանգությունը կարող են երաշխավորել և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը, և՛ ընտրություններում հաղթողները։

2026-ին աթոռները լքելու ռեալության մասին են նաև ՔՊ-ի նախաձեռնությունները, որոնք ժողովրդականություն չեն վայելում։ Այս շարքում են տրանսպորտի թանկացումը, ապապետական ու նվաստացուցիչ զիջումների գնով խաղաղության պայմանագրի կնքման ջատագովությունը, սահմանադրություը փոփելու խոստումը և այլ հակաժողովրդական քայլեր, որոնք անում են հաջորդ իշխանության համար, նրանց համար ճանապարհ հարթելով, գուցե նրանց պատվերով։ Եվ ամենևին պատահական չէ Փաշինյանի հաճախացած հայտարարությունները, թե եթե ժողովուրդը որոշի, ապա պատրաստ է հեռանալ։

Պարզ ասած՝ 2026-ին իշխանափոխության հավանականությունը ռեալ է։ ՔՊ-ն կարող է պայքարի իմիտացիա անել, պարտվել ու խաղաղ հեռանալ, տպավորություն ստեղծելով, թե ժողովրդավարության ջատագով է, հարգում է ընտրողի քվեն։ Ենթադրելի է, որ այս հաշվարկն ունեն նաև ՔՊ-ում։ Եվ ՔՊ-ական պատգամավորը մարտի 30-ին Գյումրիում ոչ թե սադրել է քաղաքական ակտորներին, որ ավելի ակտիվ ներքաշվեն քաղաքական մրցապայքարում, այլ պարզապես ակնարկել է, որ 2026-ին իշխանություն է փոխվելու։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան