Ընտությունների պատմության մեջ ընտրակաշառքն ունեցել է տարբեր ձևեր։ Թեկնածուն ընտրողին գումար, վերմիշել, ձեթ, տուկի թել է բաժանել, ներել է պարտքերը և այլն։
Դեկտեմբերի 15-ից ուժի մեջ մտավ օրենք, որով զրոյացվում են ավելի քան 5000 անհատ տաքսու վարորդների կուտակած պարտքերը, որոնք 2015-ից մինչև 2019 թվականի հունիսի 29-ը ներառյալ օրինական ուղևորափոխադրումային ծառայություններ են մատուցել, բայց չեն վճարել լիցենզիայի համար նախատեսված պետական տուրքը։ «Պետական տուրքի և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքով կզրոյացվեն այդ տարիներին անհատ տաքսու վարորդների չվճարած պետական տուրքերը և դրանց համար հաշվարկված տույժերը։ ՊԵԿ տվյալներով՝ 2015-2019-ին ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի ուղևորափոխադրումների իրականացման բնագավառում լիցենզիաներ են տրամադրվել 10,950 ֆիզիկական անձանց։ Այդ ժամանակահատվածում գործունեությունն իրականացնող ավելի քան 5,000 անձինք կուտակել են պետական տուրքի պարտավորություններ, ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 1,3 մլրդ դրամ, որից տուրքը՝ 927 մլն դրամ, իսկ տույժը՝ 415 մլն դրամ։ Այս ամենը զրոյացվեց 2 օր առաջ՝ դեկտեմբերի 15-ին։
Իհարկե՝ մի կողմից լավ է, որ մարդիկ ազատվեցին պարտքերից, որոնց վաղեմության ժամկետն առանց այդ էլ վաղուց անցել էր։ Սակայն տրամաբանական կասկած կա, որ 2026-ին Փաշինյանը կստանա ներված տաքսիստների քվեն։ Այս առումով՝ որոշ ընդդիմախոսներ ակնարկում են, որ 5000 տաքսու վարորդների նկատմամբ կիրառված համաներումը նման է ընտրակաշառքի։ Ասում են, թե ՔՊ-ն փորձում է շահել հանրության բարյացկամությունը շերտ առ շերտ։ Զինծառայությունը 1,5 տարի դարձնելով ակնկալում են շահել զինակոչիկ ունեցողի բարյացկամությունը, կենսաթոշակի քեշբեքը 20 տոկոս դարձնելով, հավանաբար, կշահեն տարեցի ու հաշմանդամի դրական վերաբերմունքը։ Տաքսիստների տուրքերն էլ զրոյացնելով կշահեն նրանց սերը, որը կառարկայանա որպես քվե առաջիկա ընտրություններում։
Օրինապահ հարկ վճարողները գիտակից քաղաքացիներ են, որոնք, հավանաբար, Փաշինյանին չեն ընտրում նրա աղետալի սխալների և ռուսական շահեր սպասարկելու պատճառով։ Իսկ չվճարողների շարքերում, ենթադրաբար՝ կան անպատասխանատու մարդիկ, որոնք, հնարավոր է՝ կընտրեն անպատասխանատու մեկին։ Հավանաբար՝ սա հաշվի առնելով է Փաշինյանը զրոյացրել տուրքերը չվճարածների պարտքերը, ակնկալելով, որ ներված 5000-ի մի մասը կընտրի իրեն։
Սակայն այստեղ կա վտանգ։ 5000 ներված տաքսիստների կողքին կան մեկ այլ 5000 վարորդներ, որոնք 2015-2019-ը ամեն ամիս պարտաճանաչ վճարել են տուրքերը։ Տուրք չվճարող ու համաներված վարորդները, հավանաբար, ծիծաղում են օրինապահ գործընկերների վրա, որոնք ամսական 12 հազար դրամ են վճարել։ Կարգապահ վճարողներին, հավանաբար, կարող է թվալ, թե իրենց էշի տեղ են դնում։ Հետադարձ հայացքով՝ նրանցից ոմանք, հավանաբար, կարող են զղջալ, որ վճարել են տուրքերը։ Նրանք կարող են սա որակել խտրական վերաբերմունք, ակնկալել, որ եթե տուրքեր չվճարողների պարտքերը ներում են, ապա վճարողների փողերն էլ թող հետ վերադարձնեն, որ հավասարությունը պահպանվի։
Այս օրենքը նաև վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։ Մարդիկ հիմա կկարծեն, թե կարող են այսուհետև չվճարել հարկերը, տուրքերը, չկատարել քաղաքացիական պարտականությունները, հույս ունենալով, որ ցածր վարկանիշ ունեցող մի վարչապետ կգա, կների, կզրոյացնի։ Այսպիսի մտածողության արդյունքում կխեղվի սոցիալ հոգեբանությունը, անպատասխանատվությունն ու անբարոյականությունը գլուխ կբարձրացնեն։ Այսպիսի վերաբերմունքի արդյունքում նաև հարկերի, տուրքերի թերհավաքագրում կլինի, պետությունը կընկնի հավելյալ պարտքերի տակ, օրենքի հարգը կընկնի։ Այսինքն՝ այս ամենի արդյունքում կտուժեն պետությունն ու սոցիալ հոգեբանությունը։ Դրա մասին չեն մտածո՞ւմ։
Ընտրությունների պատմության մի խունացած էջ փաստում է, որ այսպիսի համաներումը քաղաքացիները չեն հարգում։ Ք.ա. 64թ. Հռոմի կոնսուլի ընտրություններում առաջադրվել էին 7 թեկնածու՝ կոնսուլի 2 տեղի համար: Ընտրվելու շանս ունեին պրետոր Կատալինան (Lucius Sergius Catilina), պատրիկներ Կիկերոնը (Marcus Tullius Cicerō) և Հիբրիդան (Gaius Antonius Hybrida)։ Ընտրվեցին Կիկերոնն ու Հիբրիդան, իսկ Կատալինան մեղադրվեց հեղաշրջում կազմակերպելու մեջ, հալածվեց ու սպանվեց։ Քաղաքական ակտորներից ոչ ոք Կատալինային չպաշտպանեց։ Նա խոստացել էր կոնսուլ ընտրվելուց հետո զրոյացնել քաղաքացիների պարտքերը, ինչն էական վնաս էր պատճառելու Հռոմին, հռոմեական հասարակարգին։ Նույնը, հավանաբար, տեղի կունենա Փաշինյանի պարագայում։ Քաղաքացիները, հավանաբար, նրան ձայն չեն տա, քանի որ նա, ենթադրյալ՝ մի քանի քվեի ակնկալիքով պետությանն ու ժողովրդի առողջությանը վնաս է պատճառում։
Կարճ ասած՝ բարոյախոսներն այս օրենքից հետո պիտի թարմ ապացույցներ բերեն, որ հարկ, տուրք վճարողներն էշ չեն։ Ամեն դեպքում՝ եթե ՔՊ-ն որոշի հարկ վճարողի հերոսական արձան կանգնեցնել հրապարակում, ապա շատ բծախնդիր պիտի լինեն, որ արձանն ավանակի նման չլինի։
Թաթուլ Մկրտչյան