Նիկոլ Փաշինյանի կառավարման 3-րդ տարում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին բռնկվեց Արցախյան 44-օրյա պատերազմը, որի հետևանքով կորցրինք հայկական երկրորդ հանրապետության տարածքի ավելի քան երեք քառորդը, այդ թվում՝ նախկին ԼՂԻՄ-ի մաս կազմող Հադրութի շրջանը և Շուշի քաղաքը։ Արդեն պարտությունից 2 տարի անց՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, որից 1 տարի անց՝ 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանն ամբողջովին բռնազավթեց Արցախը, իսկ տեղի ավելի քան 120 հազար հայ բնակչությունը էթնիկ զտումների ենթարկվեց։
Չնայած Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, և այս մասին 2023-ի հուլիսի 14-ին
հայտարարել է նաև ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, այնուամենայնիվ գործող իշխանության ներկայացուցիչները և իրենց քարոզիչներն ամեն առիթով պնդում են, որ ՀՀ բոլոր իշխանություններն էլ Արցախն Ադրբեջանի կազմում են ճանաչել՝ տպավորություն ստեղծելով, որ հակամարտության այս փուլի նման ավարտը՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի լիակատար վերահսկողության հաստատումը, անխուսափելի էր։ Ընդ որում, վերջիններս շատ հաճախ խճճվում են իրենց իսկ հայտարարություններում՝ չկողմնորոշվելով, թե ի վերջո որ թվականից էր Արցախը հանձնվել Ադրբեջանի վերահսկողությանը և այլևս հայանպաստ հանգուցալուծման հնարավորություն չկար.
2023 թվականի մայիսի 22-ի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Ալմա Աթայի հռչակագրի շրջանակներում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ, ինչին նա հետևյալ կերպ պատասխանեց․ «Հայաստանի այսօրվա կառավարությունն ինչ ասի-չասի, Հայաստանի Հանրապետության բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Փաշինյանն ու իր թիմակիցները հանրությանն այս կերպ փորձում են հրամցնել այն թեզը, թե իրբ Հայաստանը դեռ 1991 թվականին է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել՝ միանալով Ալմա Աթայի հռչակագրին։ Տեղին ենք համարում ընթերցողի ուշադրությունը հրավիրել այն բանին, որ Առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի օրոք՝ 1991 թվականի դեկտեմբերին, Հայաստանը թեպետ միացել է Ալմա Աթայի հռչակագրին, սակայն դա արել է վերապահումներով՝ Արցախը չճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Բացի այդ, 1992 թվականի հուլիսի 8-ի ԳԽ որոշմամբ՝ Հայաստանը չի կարող միջազգային կամ ներպետական որևէ փաստաթուղթ ընդունել, որով Արցախը նշված կլինի Ադրբեջանի կազմում:Հաջորդ իրադարձությունը, որի հետ իշխանության ներկայացուցիչներն ամենից հաճախ են կապում Արցախի անկումը, 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովն է։ 2023-ի դեկտեմբերի 19-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը պնդել էր, որ գագաթաժողովը, որն արտահայտվում է նախագահողի հայտարարությամբ, արձանագրում է, որ ԼՂ հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի իրացմամբ, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պետք է ստանա ինքնավարություն: «Այսինքն՝ 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի արդյունքներով միջազգային հանրությունն ասել է, թե ինչ է նշանակում ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի պարագայում»,- ասել է նա: 2025 թվականի մարտի 26-ին էլ ԱԺ-ում, պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, Փաշինյանը պատգամավորին կոչ էր արել կարդալ Լիսաբոնի գագաթնաժողովի փաստաթղթերը՝ համոզմունք հայտնելով, որ դրանից պարզ կդառա, որ Ղարաբաղյան շարժումն ավարտվել էր այդ ժամանակ։
Ինչ էր իրականում տեղի ունեցել Լիսաբոնում․ գագաթաժողովի ընթացքում, որին մասնակցում էր նաև Հայաստանը, նախատեսվում էր ընդունել հռչակագիր, որում առանձին մաս պետք է նվիրված լիներ Լեռնային Ղարաբաղին: Ըստ դրա՝ հակամարտության լուծումը հիմնվում էր երեք սկզբունքների վրա` Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարգում, Ադրբեջանի կազմում Արցախին ամենաբարձր աստիճանի ինքնակառավարման ապահովում և նրա բնակչության անվտանգության երաշխավորում:Հայաստանն այս դեպքում օգտվեց վետոյի իրավունքից, և այդ հատվածը դուրս մնաց հռչակագրի վերջնական տեքստից: Իր ելույթում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան հայտարարել էր, որ ղարաբաղյան հիմնախնդիրն Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա լուծելու դեպքում Արցախի բնակչության վրա կախված կլինի ցեղասպանության կամ բռնի տեղահանության մշտական սպառնալիքը։2022 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու ճակատագրական որոշումից հետո ընդամենը 1 օր առաջ, Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե իբր 1998-ին Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելուց հետո 1999 թվականի նոյեմբերին, ԵԱՀԿ Ստամբուլյան խարտիային միանալով, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու այն ժամանակվա ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ «Այդ որոշումներն ու դրանց հետևանքները այլևս անհնար է հետ պտտել։ Ո՞ւմ վրա են ինչ ուզում բարդել։ Այսինքն՝ էս մոտեցումը՝ Հայաստանը ճանաչել՞ է արդյոք Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Այո, ճանաչել է, և դրա հեղինակը Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են»,- ասաց Փաշինյանը, ով արդեն հաջորդ օրը Պրահայում ստորագրեց Արցախի համար ողբերգական փաստաթուղթը և Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Նախորդ օրը ԱԺ-ում Փաշինյանը նաև պնդել էր, որ հետագայում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այդ ժառանգությունը ընդունել են՝ որպես իշխանությունը ստանձնելու նախապայման։
Հարկ ենք համարում ընդգծել, որ Ստամբուլյան խարտիայում անդրադարձ է կատարվել հետսովետական տարածքներում առկա հակամարտություններին, մասնավորապես՝ Մոլդովային (Մերձդնեստր), Վրաստանին (Աբխազիա և Հվ․ Օսեթիա), Ռուսաստանին (Չեչնիա), Կոսովոյին, ինչպես նաև Արցախի հիմնախնդրին, և եթե մյուս գրեթե բոլոր դեպքերում վերահաստատվում է Մոլդովայի, Ռուսաստանի, Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ընդգծվում, որ հակամարտությունները պետք է հենց այդ շրջանակներում լուծվեն, ապա Արցախին վերաբերվող պարբերության մեջ բեջանի տարածքային ամբողջականության մասին ոչ մի հիշատակում չկա․
«Մենք ստացել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված ներկայիս իրավիճակի և վերջին զարգացումների մասին և գնահատում ենք նրանց ջանքերը։ Մեզ հատկապես ուրախացնում է ակտիվացած երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, որոնց հերթական հանդիպումները պայմաններ ստեղծեցին դրա տևական ու համապարփակ լուծման որոնման գործընթացին դինամիկա հաղորդելու համար: Մենք վճռականորեն աջակցում ենք այս երկխոսությանը և կոչ ենք անում շարունակել այն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերսկսման հույսով։ Միեւնույն ժամանակ, մենք վերահաստատում ենք, որ ԵԱՀԿ-ն և դրա Մինսկի խումբը, որը կարգավորում փնտրելու ամենահարմար ձևաչափն է մնում, պատրաստ են աջակցել հետագա խաղաղ գործընթացի առաջխաղացմանը և դրա հետագա իրականացմանը, այդ թվում՝ կողմերին բոլոր անհրաժեշտ օգնության տրամադրման միջոցով»:Մինչև այժմ ներկայացրեցինք Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծման կամ ավելի ճիշտ հանձնման ամենից հաճախ շահարկվող տարեթվերը, սակայն խառնաշփոթն այսքանով չի ավարտվում։ Այս պնդումները կարող են հեշտությամբ խմբագրվել, տարեթվերն էլ՝ փոխվել՝ կախված քաղաքական նպատակահարմարությունից, մասնավորապես այն իրողությունից, թե նախկին նախագահներից ում է տվյալ պահին առավել շատ անհրաժեշտ թիրախավորել.
2023 թվականի նոյեմբերի 28-ին Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Արցախի հարցը դեռ 2016 թվականին էր լուծվել՝ ըստ էության նկատի ունենալով, որ քառօրյա պատերազմը դադարեցնելու դիմաց Սերժ Սարգսյանը պարտավորվել էր Արցախի հարակից շրջաններն Ադրբեջանին հանձնել, որը 2018-ի իշխանափոխության հետևանքով տեղի չունեցավ, իսկ արդեն 2020-ին բռնկվեց 44-օրյա պատերազմը։ Նման պնդումներ իր հրապարակային խոսքում, հոդվածներում նաև Նիկոլ Փաշինյանն է կատարել՝ ակնարկելով, որ «2016 թվականից շարժված գնացքն այլևս հնարավոր չէր կանգնեցնել»։
Իշխանության ներկայացուցիչները նպատակահարմարությունից ելնելով երբեմն էլ շահարկում են, որ 2007 թվականին է Հայաստանն Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում՝ ընդունելով Մադրիդյան սկզբունքները, նշում են նաև, որ այս սկզբունքների ընդունմամբ հայկական կողմը փաստացի չեղարկել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախում կայացած հանրաքվեի արդյունքները։ «Իմ զեկույցում ես հստակ արձանագրել եմ հետևյալը՝ որ 2007 թվի արձանագրումը մարդրիդյան սկզբունքների, դա նշանակում է, որ ինքնորոշման իրավունքը Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, դա է պրոբլեմը և մենք զուգահեռ իրականություն ենք ստեղծել, ցանկալի իրականություն, որը միջազգային և աշխարհաքաղաքական իրականության հետ ոչ մի կապ չի ունեցել»,- 2023-ի ապրիլի 20-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը (նախորդ օրերին ևս նմանաբովանդակ մի քանի հայտարարություններ հնչել էին)՝ պատասխանելով հարցին՝ Հայաստանն Արցախը ճանաչո՞ւմ է Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ (նախորդ օրը Ադրբեջանի նախագահը և ԱԳ նախարարություն պահանջել էին, որ Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարի, որ ճանաչում է):
Թեպետ որոշակի ճշմարտություն կա այն պնդման մեջ, որ Հայաստանը համաձայնել է նոր հանրաքվե անցկացնել՝ փաստացի հրաժարվել է նախորդ հանրաքվեի արդյունքներից, այնուամենայնիվ պետք է հաշվի առնենք, որ 1991-ի հանրաքվեի արդյունքները միջազգային հանրությունը չի ճանաչել, իսկ նոր հանրաքվեն արդեն իսկ ճանաչվելու էր՝ ճանապարհ բացելով Արցախի անկախության ճանաչման համար։ Իշխանությունը նաև մանիպուլացնում է, որ այդ հանրաքվեին մասնակցելու էր Արցախի ողջ բնակչությունը, այդ թվում ադրբեջանական համայնքը, բայց այստեղ էլ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ հանրաքվեին բնակչությունը մասնակցելու էր հակամարտության ծագման պահին՝ 1988-89 թվականներին եղած համամասնությամբ, իսկ այդ ժամանակ հայերը կազմում էին բնակչության շուրջ 75 տոկոսը։ Ինչ վերաբերում է պնդմանը, թե Մադրիդյան սկզբունքներով Արցախը ճանաչվել Ադրբեջանի կազմում, ապա դա կտրականապես իրականությանը չի համապատասխանում. նման ձևակերպում փաստաթղթում տեղ չի գտել։2024-ի տարեվերջին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան մի գրառում կատարեց՝ այս անգամ էլ պնդելով, որ 1994 թվականից ի վեր՝ հրադադարի մեկնարկից հետո բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: «Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար»,- գրել էր կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ իր մեծ սխալն այն է եղել, որ 2018-ին իշխանության գալուց հետո այս իրողությունը հանրությանը խոստովանելու խիզախություն չի ունեցել։
Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ է խճճվել իր հայտարարություններում և փաստացի չի կողմնորոշվում, թե ի վերջո ե՞րբ է Արցախը հանձնվել Ադրբեջանին. մի դեպքում դա տեղի է ունեցել 1991 թվականին՝ Ալմա Աթայի հռչակագրին միանալու ժամանակ, մյուս դեպքում՝ 2007-ին՝ Մադրիդյան սկզբունքներն ընդունելիս, բայց ոչ երբեք 2018 թվականից հետո, օրինակ՝ 2019 թվականին, երբ ինքը մերժել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած առաջարկը, իսկ 2 ամիս անց էլ Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախը Հայաստան է, և վերջ։ Այս տարեթվերը կարող են փոխվել ցանկացած պահի՝ կախված քաղաքական նպատակարմարությունից և նրանից, թե պաշտոնաթող նախագահներից ո՞ւմ թիրախավորելն է առավել շատ բխում իր շահերից։
Հստակ է, որ բանակցային գործընթացի շրջանակներում Հայաստանին ներկայացված առաջարկներն ու փաստաթղթերը լիովին չէին տեղավորվում հայ ժողովրդի ցանկությունների և նրա պատկերացրած արդար լուծման շրջանակներում, այնուամենայնիվ՝ դրանք երաշխավորելու էին հայկական Արցախի գոյությունը՝ Ադրբեջանի սահմաններից դուրս, իսկ տեղի 150 հազար հայ բնակչությունը բռնի տեղահանության չէր ենթարկվելու, ինչը, ցավոք սրտի տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի օրոք՝ 2020-2023 թվականներին։ Բանակցային բոլոր առաջարկներով նախկին ԼՂԻՄ ողջ տարածքը (ներառում էր մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշիի, Հադրութի, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանները) Լաչինի միջանցքով հանդերձ մնալու էին Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո՝ երաշխավորելով հայկական Արցախի գոյությունը և տեղի բնակչության լիակատար անվտանգությունը, հետագայում նաև Հայաստանի Հանրապետությանը միանալու հեռանկարը։
Կարճ ասած՝ Փաշինյանը պատմության մեջ մնալու Հայաստանի միակ ղեկավարը, ով Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, որի հետևանքով հազարամյակների ընթացքում առաջին անգամ Արցախում այսօր հայեր չեն ապրում, իսկ Ադրբեջանն իր գործողությունների համար պատասխանատվության չենթարկվեց՝ դրանք հիմնավորելով այն հանգամանքով, որ գործել է իր տարածքում, և այդ իրողությունը ընդունել է նաև պաշտոնական Երևանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան