Դեկտեմբերի 2-ին Կառավարությունը գաղտնազերծեց ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի փաստաթղթերը։ Հաջորդիվ Կառավարության և «Հայկական ժամանակի» կայքերում հայտնվեց միևնույն հրապարակումը, որտեղ մակերեսային, սիրողական փորձ էր արվում համոզել հանրությանը, թե Արցախը Ադրբեջանին հանձնելու հարցում Փաշինյանը մեղավոր չէ։
Տևական ժամանակ որոշ քաղաքական ուժեր իշխանությունից պահանջում էին հրապարակել ԵԱՀԿ Միսկի խմբի 2019-ի առաջարկը։ Այս ուժերը հաղթեցին դեկտեմբերի 2-ին, իրենց պահանջը կատարվեց։ Ոմանք նույնիսկ փաստարկված եզրակցություններ ներկայացրին, թե տեսեք՝ եթե Փաշինյանն ընդուներ 2019-ի առաջարկները, ապա կկանխվեր 2020-ի պատերազմը, Արցախի հարցն էլ հայանպաստ լուծում կստանար;
Իսկ Փաշինյանը պնդում է հակառակը, թե Արցախի հայանպաստ լուծում հնարավոր չէր։ Ավելին՝ դեկտեմբերի 3-ին ԱԺ ամբիոնից նա հայտարարեց, թե Արցախի հարցը լուծված էր 1996-ին։ «Ղարաբաղի հարցը 1996 թվականին լուծված ավարտված է եղել, պարզապես դրա մասին մեզ ոչ ոք չի ասել»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքից ենթադրելի է, որ մինչև 1996-ն ամեն ինչ նորմալ է ընթացել, ու կարելի էր հասնել Արցախի հարցի հայանպաստ լուծմանը։ Բայց 1996-ից առաջ մեծ ու ճակատագրական սխալ է թույլ տրվել, որի հետևանքով հնարավոր չէր հասնել Արցախի հարցի հայանպաստ լուծմանը։
Նկատենք, որ Սառը պատերազմում ԽՍՀՄ-ի պարտությունից ու կործանումից հետո աշխարհը վերաձևվել է, բազմաթիվ ազգեր անկախություն են ստացել, բազմաթիվ պետություններ տրոհվել են մասերի, ու մասերն առանձին պետություններ են դարձել։ Օրինակ՝ Կոսովոն անջատվել է Սերբիայից։ Արցախը նույնպես շանս ուներ միավորվելու Հայաստանի հետ կամ դառնալու անկախ պետություն՝ եթե ՀՀ իշխանությունը ճիշտ արտաքին քաղաքականություն վարեր։
Արցախի հարցի շուրջ նախկինների ու Փաշինյանի փաստարկները համադրելու պարագայում անպատասխան է մնում կարևոր մի հարց։ Ինչո՞ւ, օրինակ, Կոսովոն անկախացավ ու ճանաչվեց, իսկ Արցախը անկախացավ ու չճանաչվեց։
Հարավսլավիան 1990-ականներին տրոհվեց մի քանի հանրապետությունների։ Իսկ վերջում Սերբիայից անջատվեց Կոսովոն։ Սերբիան վարում էր ռուսամետ կուրս։ Եվ ազատ աշխարհն աջակցեց Կոսովոյի անկախությանը, որն ուզում էր անջատվել ռուսամետ Սերբիայից։ Այստեղ, կարծես՝ ամեն ինչ պարզ է ու հասկանալի։
Հայաստանը նույնպես կարող էր բախտակից երկրների նման ազատվել ռուսական իներցիոն ազդեցությունից և իրապես անկախանալ։ Տեսակետ կա, որ եթե ՀՀ-ն իրապես անկախանար, ապա Արևմուտքը կճանաչեր Արցախի անկախությունը, հայ ժողովրդի ազգային իրավունքը Արցախի նկատմամբ։ Արևմուտքն էլ նպաստում էր, որ Հայաստանն իրապես անկախանա։ Օրինակ՝ 1994-ի արցախյան զինդադարի բանակցություներում Արևմուտքը պահանջում էր, որ դուրս բերվեն խորհրդային-ռուսական երբեմնի զավթիչ զորքերը Հայաստանից, Արցախից ու Ադրբեջանից։ Ադրբեջանից ու Արցախից դուրս բերվեցին, իսկ Հայաստանը 1995-ի մարտի 16-ի ապօրինի պայմանագրով Գյումրիում 25 տարով տեղակայեց ռուսական ռազմակայան։ Այսպիսով Հայաստանն Արևմուտքին ակնարկեց, որ ուզում է պահպանել ռուսական ազդեցությունը ՀՀ-ում ու տարածաշրջանում։
Սա էլ եղել այն ճակատագրական մեծ սխալը, որը հետ է շրջել մեր անիվն Արցախի հարցում։ 2018-ի հեղափոխության ժամանակ ու դրանից հետո ՔՊ-ն հայտարարեց, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը չի փոփոխվելու։ Եվ Փաշինյանը շարունակեց նախկինների արտաքին քաղաքական կուրսը։ ՀՀ-ն չփորձեց ազատվել ռուսական իներցիոն ազդեցությունից։ Հակառակը՝ ՔՊ-ն խորացրեց հարաբերությունները Մոսկվայի հետ։ Փաշինյանն էլ ֆորպոստի վարչապետ էր։ Այսինքն՝ նա ոչ միայն չփորձեց ուղղել մեծ սխալն, այլև խորացրեց այն, հանգեցնելով ազգային աղետի։
Ժամանակակիցները կարող են վկայել, որ մինչ 1995-ը աշխարհը հակված էր ճանաչելու Արցախի ինքնորոշման իրավունքը, քանի որ Արևմուտքը պարտք էր մնացել հայ ժողովրդին։ Ղարաբաղյան շարժումն առաջիններից մեկն էր, որով ապացուցվեց, որ ԽՍՀՄ-ը պարտվել է Սառը պատերազմում, չի դիմադրում, շուտով կկործանվի։ Ու ժողովուրդները կարող են ազատագրվել։ Այսինքն՝ նաև հայ ժողովրդի շնորհիվ է Արևմուտքը հաղթել Սառը պատերազմում, նաև Ղարաբաղյան շարժման շնորհիվ են ազատագրվել բազմաթիվ ժողովուրդները։ Բայց ՀՀ իշխանությունների մեծ սխալի հետևանքով ազատ աշխարհը երես թեքեց Հայաստանից ու Արցախի հարցի լուծումը տեղավորեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի տակ։ Ազատ աշխարհի դիրքորոշման այս փոփոխությունն առաջին անգամ միանշանակ դարձավ 1996-ին։
Սակայն, ինչպես ասում են որոշ փորձառու առաջնորդները՝ պետք չէ հուսահատվել։ Գուցե վաղը իշխանության գան ազնիվ քաղաքական ուժեր ու ուղղեն մեծ սխալը։ Իսկ Փաշինյանը գուցե կխոստովանի իր մեծ սխալը, որ եթե 2018-ի հեղափոխությունից հետո ժողովրդի պահանջով փոխեր արտաքին քաղաքական կուրսը, ՀՀ-ից դուրս հրավիրելով ռուսական զորքերը, դուրս բերելով ՀՀ-ն ռուսական ազդեցության գոտուց, ապա Արցախն այսօր անկախ կլիներ, ինչպես անկախ է այսօր Կոսովոն։
Թաթուլ Մկրտչյան