Ներքին 11 ամիս առաջ - 14:50 26-11-2025

Դպրոցներում ադրբեջաներենի դասավանդումը կապ ունի՞ «փախստականների» վերադարձի հետ․ ԿԳՄՍՆ-ն լռում է

Oragir.News-ի հարցմանն ի պատասխան՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է մանրամասն տեղեկատվություն Հայաստանում տարածաշրջանային լեզուների՝ մասնավորապես ադրբեջաներենի և թուրքերենի ուսուցման կազմակերպման մասին։ Նախարարությունը պարզաբանել է ծրագրի իրավական հիմքերը, իրականացումն ապահովող կարգավորումները, այն դպրոցների թիվը, որտեղ ներդրվում է ծրագիրը, ինչպես նաև նշել է, որ Ադրբեջանի դպրոցներում հայերենի ուսուցման վերաբերյալ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել։ Ստորև ներկայացնում ենք նախարարության ամբողջական պատասխանը.

«Հանրակրթական ուսումնական հաստատություններում տարածաշրջանային լեզուների ուսուցման անհրաժեշտությունը բխում է 2021 թվականի օգոստոսի 18-ի 1363-Ա ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության ծրագրի հավելվածի 4.3 Կրթություն միջոցառման երրորդ պարբերության երրորդ կետի տրամաբանությունից, ըստ որի պետք է զարգացնել օտար լեզուների, մասնավորապես՝ ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, նաև տարածաշրջանային լեզուների ուսուցումը:

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի՝ «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բաժնի 6-րդ նպատակի 6.3՝ Հանրակրթական դպրոցներում տարածաշրջանային լեզուների ուսուցման կազմակերպում միջոցառման կատարումն ապահովելու նպատակով տարածաշրջանային լեզուների առարկայական ծրագրերը սահմանված ընթացակարգով հաստատվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով:

Տարածաշրջանային լեզուների ուսուցումն իրականացվում է 2022-2023 ուսումնական տարվանից՝ որպես երրորդ օտար լեզու կամ առարկայական խմբակ: Ներկայում ՀՀ տարբեր հանրակրթական ուսումնական հաստատություններում ծրագրի շրջանակում իրականացվում է պարսկերեն, վրացերեն, թուրքերեն և ադրբեջաներեն լեզուների ուսումնասիրություն: Ադրբեջաներենի և թուրքերենի ուսուցումը կարող է կազմակերպվել բացառապես 10-12-րդ դասարանների սովորողների համար, իսկ պարսկերենի և վրացերենի ուսուցումը՝ 5-րդ դասարանից սկսած:

2025-2026 ուսումնական տարում ադրբեջաներենի ուսուցում իրականացվում է 3 հանրակրթական ուսումնական հաստատությունում՝ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 և Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցներում, ՀՀ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի «Սյունիքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում: Ծրագրի ներդրումը չի կրում պարտադիր բնույթ. համապատասխան մասնագետ ունենալու դեպքում ուսումնական հաստատություններն ազատ են տարածաշրջանային լեզուների ուսուցումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատված ծրագրերով կազմակերպելու հարցում, և կոնկրետ ընտրված դպրոցների ցանկ առկա չէ:

2. Հանրակրթության պետական չափորոշչի պահանջ է, որ միջնակարգ կրթության ավարտին շրջանավարտը պետք է առնվազն երկու օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփվի լեզվակիրների հետ՝ իրեն հետաքրքրող թեմաներով, կարդա և հասկանա տարաբնույթ տեքստեր, այդ թվում՝ ընտրած մասնագիտության ոլորտի բառապաշար պարունակող, տարբեր թեմաների շուրջ հիմնական միտքը կարողանա կառուցել և գրավոր շարադրել:

3. «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված են հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորմանը ներկայացվող պահանջները, որոնց պետք է բավարարի նաև տարածաշրջանային լեզվի ուսուցում իրականացնող անձը՝ ներկայացնելով նաև լեզվի իմացության մասին հավաստող տեղեկատվություն:

4. Ադրբեջանական դպրոցներում հայերենի ուսուցում կազմակերպելու վերաբերյալ պայմանավորվածություն ԿԳՄՍ նախարարության կողմից ձեռք չի բերվել»:

Հարգանքով՝
Արաքսիա Սվաջյան»

Այսպիսով՝ ըստ ԿԳՄՍ նախարարության տրամադրած տեղեկատվության՝ պարզ դարձավ, որ ադրբեջաներենի ուսուցումը չի հանդիսանում պարտադիր, իրականացվում է միայն մասնագետ ունեցող դպրոցներում և կրում է բացառապես կրթական բնույթ։ Ծրագրի ներդրման վերաբերյալ տարածված հանրային մտահոգությունները՝ կապված քաղաքական կամ տարածքային գործընթացների հետ, նախարարության ներկայացրած տեղեկություններով հիմք չեն գտնում։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն