Ներքին 6 ամիս առաջ - 20:54 09-11-2025

Փաշինյանը վախենում է իշխանությունը կորցնելուց, որովհետև գիտի ինչ պատիժ է սպասվում իրեն. Արմենուհի Կյուրեղյան

«Նիկոլ Փաշինյանը, եթե լուրջ վախեր չունենար, ապա չէր նստի նայի, թե նախկին նախագահները ինչ հարցազրույց են տալիս և մեկ ժամվա ընթացքում սկսեր անկապ և անլուրջ տրամաբանությամբ պատասխաններ գրել»,- Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

Պատգամավորի խոսքով Փաշինյանի գրառումները իր վախերի արտահայտումն է։

«Փաշինյանը վախենում է իշխանությունը կորցնելուց, որովհետև գիտի՝ ինչ պատիժ է սպասվում իրեն, որովհետև ինքը գիտի՝ ինչ է խոստացել, ինչի դիմաց և ինչ պատժի է արժանանալու, եթե էդ խոստումները չկատարի։ Էդ խոստումների կատարման համար պետք է ամեն ինչ անել, որ ազգային ուժերը, հականիկոլական ուժերը հանկարծ ոտքի չկանգնեն, որպեսզի ինքը իշխանությունից չզրկվի»,- շարունակում է Կյուրեղյանը։

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորի կարծիքով՝ բանակի թուլացումը, ռազմական ծախսերի կրճատումը ադրբեջանական պահանջ է։

«Նիկոլ Փաշինյանը կատարում է Ալիևի այս հերթական պահանջը։ Ադրբեջանը հայտարարեց Սահմանադրությունը փոխելու մասին, Փաշինյանն էլ հայտարարեց, որ պատրաստվում է փոխել Սահմանադրությունը։ Ալիևը ասել է, որ Հայաստանի ինչին է պետք բանակը, Նիկոլ Փաշինյանը 2 տարին դարձնում է 1,5 տարի։ Բա Ձեզ թվում է՝ ինչի՞ համար է անընդհատ փնովում բանակին, հերոսներին, հաղթանակը։ Նիկոլ Փաշինյանն ուզում է նսեմացնել և հանրության մեջ սերմանել այն մոտեցումը, որ մեզ բանակ պետք չէ։ Ադրբեջանը չի հրաժարվելու բանակը հզորացնելու գաղափարից, որովհետև շատ լավ հասկանում է, որ այս իշխանությունը, որ օրը գնաց, հաջորդ եկած ազգային ուժը կարող է չեղյալ համարել Նիկոլ Փաշինյանի բոլոր պայմանագրերը, և ստիպված է լինելու իր ձեռք բերածները պաշտպանել։ Ադրբեջանը դրա համար էլ զինվում է, այս իշխանությունն էլ շատ լավ հասկանում է, որ հզոր բանակը միջոց է Ադրբեջանի դեմ պայքարելու, իսկ իրենք չեն կարող Ադրբեջանի դեմ պայքարել, որովհետև իրենք Ադրբեջանի ծրագրերի իրականացնողն են Հայաստանում։ Ես էդ ողջամիտ կասկածը ունեմ»,- ընդգծում է պատգամավորը։

Արմենուհի Կյուրեղյանն, անդրադառնալով ՔՊ-ականների հայտարարություններին, թե 2026-ի համապետական ընտրություններին էլ են իշխանություն լինելու, ասում է.

«Դա քարոզչական հնարք է, որն իրենք կիրառում են, բայց պետք է ասեմ, որ իրենք գիտեն, թե ինչ անկում է ապրում իրենց վարկանիշը։ Եթե իրենք էդ ամեն ինչը չհասկանային, ապա էսպիսի հիստերիայի մեջ չէին ընկնի։ ՏԻՄ ընտրություններից հետո էսպիսի հարձակում չէին գործի էդ ընտրությունների արդյունքների վրա։ Իշխանությունը շատ լուրջ ծավալով վարչական ռեսուրս է կիրառելու և միգուցե կեղծիքներ էլ լինեն, ինչքան էլ իրենք ասեն, որ ընտրությունները չեն կեղծել։

2021 թ. հուլիսին էդքան քվե տարան, բայց նույն 2021 թ. հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններում խոշոր համայնքներում ՔՊ-ն պարտվեց։Բա էդ ո՞նց երկու ամիս առաջ փառահեղ հաղթանակ տարած ՔՊ-ն պարտվեց, ի՞նչ կատարվեց էդ 2 ամսվա մեջ։ Սա արդեն ողջամիտ կասկած է առաջացնում, որ մի բան չի եղել հուլիսին»:

Պատգամավորի կարծիքով՝ 2026-ին ավելի բարդ է լինելու, իրենք էլ են դա հասկանում։