Թոկը թելերից, մազից ոլորած կամ հյուսած հաստ պարան է, որն օգտագործվում է կենցաղում, գյուղատնտեսության, անասնապահության մեջ։ Դրանով կապում են ձիերին, էշերին, գազաններին, որ չփախչեն կամ մարդկանց վնաս չտան։ Երեկ «թոկ» բառը մտավ քաղաքական խոսույթ։
«Ասել եմ՝ ինչքան էլ դառը լինի, պիտի առերեսվենք, որ Ղարաբաղի հարցը մի շարք երկրների կողմից օգտագործվել է որպես թոկ Հայաստանի շարժը և զարգացումը թույլ չտալու համար: Դուք էլ եղել եք այդ թոկի թելերը, ավելի պարզ ի՞նչ է պետք,- հոկտեմբերի 1-ի ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել.- Դուք այդ թոկի պարաններն եք ձեր նախկին երեք՝ այլևս բացահայտված, այսպես կոչված «նախագահների» հետ: Իրենք հո պետությունն առաջնորդելու համա՞ր չեն եղել: Իրենք եղել են այն բանի համար, որ պետություն չլինի, և իրենց ժամանակ պետություն չի եղել, իրենք թոկ են եղել Հայաստան պետության կայացումը թույլ չտալու համար»:
Սա ապապետական, ապաիրավական վերաբերմունք է։
Թոկ բառը կիրառելով, նա Հայաստանը խորհրդանշական իմաստով ասոցիացնում է ձիու, կամ էշի, կամ գազանի հետ, որի վզին թոկ է եղել, ի դեմս երեք նախագահների։ Պետությունը, քաղաքացիական հասարակությունը փոխաբերական իմաստով հաճախ համեմատել են նավի հետ։ Ալբերտ Մկրտչյանի «Որախ ավտոբուս» ֆիլմում պետությունը, հասարակությունը համեմատվում է ավտոբուսի հետ։ Բայց պետության և թոկով կապված կենդանու համեմատություն չի եղել, վիրավորական է։
Մյուս կողմից՝ Փաշինյանի «Իրական Հայաստանի» գաղափարախոսությամբ պետությունը հայրենիքն է։ Եթե պետությունը թոկով կապված կենդանի է, ապա հայրենիքը ևս։ Ազգային ինքնասիրություն ունեցողը կարող է այսպիսի համեմատությունից վիրավորվել ու ասել՝ «Ինչպե՞ս թե՝ թոկ է եղել։ Ստացվում է՝ իմ հայրենիքը ձի՞ է, թե՞ էշ, գուցե շո՞ւն»։
Ինչո՞ւ Փաշինյանը քաղաքական, պատմական դարձած իրադարձությունները ոչ թե քաղաքական բառապաշարով, այլ գեղջկական բառերով է նկարագրում։ Ենթադրելի է, որ նրա խոսքն ուղղված է գյուղաբնակ ժողովրդին, քանի որ գյուղերում նրա վարկանիշն ավելի բարձր է, քան Երևանում, քաղաքներում։
Ի վերջո՝ եթե նախկին իշխանություններն ապապետական, նույնն է թե՝ ապազգային վարք են դրսևորել, ինչպես ներկայացնում է Փաշինյանը, ապա ինչո՞ւ նրանց գործողությունները համարժեք քաղաքական, իրավական գնահատական չեն ստանում։ Ո՞վ կամ ի՞նչ թոկ է զսպում իշխանությանը, որ նա սևեռվել է թոկի վրա, համարժեք գործողություններ անելու փոխարեն։ Եթե նախկին երեք նախագահների ապապետական գործունեության մասին փաստեր կան, ապա ինչո՞ւ պետության շահը պաշտպանող կառույցներն այդ փաստերին ընթացք չեն տալիս։
Օրեր առաջ Բագրատ Սրբազանը հարց էր ուղղել ԱԳՆ-ին՝ «Մեզ հասած տեղեկություններով՝ դուք զանազան միջազգային ներկայացուցիչների ասել եք, որ այս մեր գործում «ռուսական հետք» է առկա,- գրել էր Սրբազանն ու հարց ուղղել.-
ա) Նման բան ասե՞լ եք, թե՞ ոչ։
բ) «Ռուսական հետք» կա՞, թե՞ ոչ»։
Պետության դեմ գործելը, առավել ևս՝ արտաքին ուժերի, տվյալ դեպքում՝ ռուսների հետ միասին Հայաստանի դեմ գործելը ծանր հանցանք է։ Բագրատ Սրբազանի հարցն արդեն 2 օր է անպատասխան է։ Փաշինյանի՝ երեք նախագահներին հասցեագրած ծանր մեղադրանքը նույն աստառն ունի, ինչ Սրբազանի մասին միջազգային հարթակներում տարածվող բամբասանքը։ Երեք նախագահները նույնպես կարող են պատասխան պահանջել, թե ի՞նչ հիքմով է իրենց համեմատում թոկի հետ։ Այսպիսի հետևողականությունը կարող է էապես նպաստել ապապետական խոսույթի դուրս մղմանը, ինչպես նաև կամրացնի անկախությունն ու ժողովրդավարությունը։
Կարճ ասած՝ եթե Փաշինյանը 2021-ից փաստեր ունի, որ նախկինները գործել են պետության դեմ և դա զանգվածային բնույթ է կրել, ապա պարտավոր էր այդ փաստերը որպես հաղորդում ներկայացնել համապատասխան մարմիններին, ԱԺ-ին էլ առաջարկել Լյուստրացիայի մասին օրենք ընդունել, որ բացառվեն նման հանցանքների կրկնությունը։ Չի արել, պարտակել է, հավանաբար, նրան կաշկանդում են, իր բառերով ասած՝ թոկով կապում են 2018-ի իշխանափոխության ժամանակ նախկիններին և ռուս միջնորդ-երաշխավորներին տված խոստումներն ու պայմանավորվածությունները։ Ու նա դրանից, հավանաբար, նեղվում է այնքան, ինչքան թոկով կապված կենդանին։
Թաթուլ Մկրտչյան