Ներքին Միտք 1 ժամ առաջ - 21:30 15-07-2026

Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Կարո՞ղ եք այնպես ներկայացնել Երևանը, որ ոչ ոք չուզենա գյուղից քաղաք գալ, այցելել թատրոն, թանգարան, մտնել սրճարան ու ռեստորան։

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ին տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Երևանում արձակուրդ անցկացնելու թեմային, նշել, որ Երևանում կան սրճարաններ, ռեստորաններ, կա նաև ակտիվ մշակութային կյանք՝ թատրոններ, թանգարաններ։

«Մեզ մոտ սպասարկման մակարդակը շատ բարձր է։ Եթե համեմատենք եվրոպականի հետ, մեզ մոտ սրճարաններում, ռեստորաններում, հիմնական մասերում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է կամ համապատասխանում է միջին եվրոպականին, իսկ դա գին արժի, որովհետև սպասարկման մեջ մտնում են աշխատողները, թե դեմքի ինչ արտահայտությամբ, ինչ կրթությամբ, ինչ IQ-ով մատուցողներ են աշխատում, իսկ Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները, և դա լավ աշխատանք է»,- ասել է նա՝ մի քանի անգամ սևեռվելով սնվելու վայրերի և մակարդակի վրա։

Ինչո՞ւ է Փաշինյանը գովազդում Երևանում հանգստանալն ու Երևանի սննդի օբյեկտները։

Եթե այս գովազդն օտարերկրացիների համար է, ապա այն անհաջող է, քանի որ արվում է հոգնածություն կամ զզվանք արտահայտող դեմքով։ Արդյունավետ կլիներ կոնկրետ վայրեր ներկայացնելը՝ նշելով դրանց արժեքն ու կարևորությունը։ Սակայն տեքստն այնպիսին է, կարծես այն ուղղված չէ օտարերկրացուն, այլ ՀՀ քաղաքացուն, որին հորդորում է արձակուրդն անցկացնել Երևանում։ Այս դեպքում ևս պարզ չէ, թե ինչո՞ւ է նա դժգոհ դեմքով խոսում այդ մասին։ Ի՞նչն է նրան դժգոհություն պատճառել։

Տևական ժամանակ ՔՊ կուսակցապետը կարևոր էր համարում, որ ՀՀ քաղաքացին արձակուրդն անցկացնի արտերկրում։ Դրսում արձակուրդ անցկացնելը որակվում էր բարեկեցության ցուցիչ։ Տասը հազար դրամով թոշակն ավելացնելու ժամանակ նշում էին, որ թոշակառուն այնքան շատ թոշակ է ստանում, որ կարող է ամսվա մեջ 5 անգամ գնալ Լառնակա։ Այսինքն՝ ամեն առիթով կոչ էին անում, որ ՀՀ քաղաքացին արտերկրում անցկացնի իր հանգստյան օրերը։

Սա էլ ամենը չէ։ Հայտնի են դեպքեր, երբ իշխանությունները մերժել են քաղաքացու դիմումը՝ պատճառաբանելով, թե նրա անձնագրում վերջին տարիներին շատ քիչ քանակով ելքի կնիք կա։ Այդպիսով որոշել են, որ մարդն այնքան աղքատ է, անապահով, որ տարվա մեջ մի քանի անգամ արտերկրում չի հանգստացել։ Եվ այս հանգամանքը քաղաքացու դիմումի մերժման հիմք է հանդիսացել։

Հիմա պատկերը կարծես՝ փոխվել է։ Եվ Փաշինյանը գովազդում է Երևանում հանգստանալն ու Երևանի սննդի օբյեկտներում ուտել-խմելը։

ՀՀ քաղաքացուն հասցեագրված գովազդը, հավանաբար, արդյունք չի տա։ Երևանում ՔՊ-ն քիչ ձայն է ստացել հունիսի 7-ին։ Փաշինյանը երևանցիների մոտ ցածր ժողովրդականություն է վայելում։ Ուստի սա հակագովազդի էֆեկտ կունենա։ Մարդիկ կասեն. «Եթե Նիկոլն է ասում, ուրեմն՝ հակառակը կանենք»։ Գովազդի մասնագետները ևս կարող են վկայել, որ Փաշինյանի այս խոսքը հակառակ արդյունք կարող է ունենալ։

Ոմանք նկատում են, որ ՔՊ-ական իշխանություններն ձգտում են հետ բերել ընտրություններում ծախսած միլիոնները։ Մասնավորապես՝ ենթադրվում է, որ արդեն բարձրացրել են սննդի օբյեկտներից գանձվելիք հարկերը։ Վերջիններն էլ ստիպված բարձրացնելու են գները։ Եթե հաճախորդները չուզենան բարձր գին վճարել սրճարաններում ու ռեստորաններում ուտել-խմելու համար, ապա հարկերի բարձրացումն արդյունք չի տա, և Փաշինյանը ձեռնունայն կմնա։ Հետևաբար նա անձամբ գովազդում է Երևանի սննդի օբյեկտները, որ մարդիկ չվախենան սրճարանների, ռեստորանների բարձր գներից ու շարունակեն այնտեղ հաճախել։

Այստեղ նկատելի է նաև քաղաքական ենթատեքստ։ Օրեր առաջ Փաշինյանի՝ ՌԴ կատարած այցի ժամանակ Միշուստինն ընդգծեց, որ Փաշինյանն առաջին արերկրյա այցը կատարել է ՌԴ։ Ռուս պաշտոնյան հույս հայտնեց, որ հայ-ռուսական օրակարգն անխախտ կմնա, ՀՀ թիվ մեկ արտաքին գործընկերը կմնա ՌԴ-ն։ Սակայն չի կայացել Փաշինյան-Պուտին նախանշված հանդիպումը, որով կհաստատվեր, որ նրանց միջև 2018-ին ձեռք բերված պայմանավորվածությունն ուժի մեջ է։ Եվ Փաշինյանը հիմա, հավանաբար, վախենում է այլ երկիր մեկնելուց, որ չվրդովվեցնի Պուտինին։ Եվ այս թեմայով հանրային շահարկումները չեզոքացնելու համար էլ ասում է, թե Երևանում արձակուրդն անցկացնելը կարող է հետաքրքիր լինել։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

15:22 50 տարվա ամուսնությունից հետո բաժանված Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելիի հետ հրապարակում է արել
14:43 ՌԴ-ում արջը հոշոտել ու գլխատել է անտառում միայնակ խմող տղամարդուն
13:39 Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել
15:00 Փաշինյանի իշխանությունը առերևույթ քայքայվում է
17:19 Սիրտս նորից նույն վախով է լցվում. Մարի Պետրոսյանի խոստովանությունը
22:43 6.0 մագնիտուդով երկրաշարժ՝ Ֆիլիպինների ափերի մոտ
10:51 Դատարանը 19-ամյա երիտասարդի, ով Mercedes CLS-ով բախվել էր ավտոբուսին, խափանման միջոցը փոխել է
11:34 Ուկրաինայի Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին և ամբողջ կառավարությանը
11:32 Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան
10:12 ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի թիրախների ռմբակոծումը և հայտարարել իրանական նավահանգիստների շրջափակման մասին