Ռուսաստանը «ստվերային նավատորմի» լցանավեր է օգտագործում՝ անօդաչու թռչող սարքեր արձակելու համար, որոնք ներխուժում են եվրոպական երկրների օդային տարածք, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ «Կան հետախուզական տեղեկություններ այն մասին, որ ռուսները լցանավեր են օգտագործում անօդաչու սարքեր արձակելու և կառավարելու համար։ Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ Բալթիկ ծովը և այլ ծովեր պետք է փակ լինեն ռուսական տանկերների համար, գոնե ստվերային նավատորմի համար», - ասել է Զելենսկին ուկրաինացի ժողովրդին ուղղված իր երեկոյան ուղերձում։
Նա նաև նշել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» ողջ ենթակառուցվածքի վրա «ցավոտ» պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը, որը թույլ է տալիս Մոսկվային առևտուր անել էներգետիկ ռեսուրսներով: Այս առումով, նա ասել է, որ հույսը դնում է «Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ուժեղ քայլերի» վրա: «Մենք նախագահ [ԱՄՆ Դոնալդ] Թրամփի հետ խոսել ենք այն մասին, թե ինչը կարող է իրականում դրդել Ռուսաստանին փոխել իր դիրքորոշումը և դադարեցնել պատերազմը: Աշխարհն ունի գործիքներ, որոնք իսկապես կաշխատեն խաղաղության համար», - եզրափակել է Զելենսկին:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում եվրոպական երկրներում տեղի են ունեցել անօդաչու թռչող սարքերի հետ կապված մի քանի միջադեպեր։ Օդում անհայտ սարքերի հայտնվելուց հետո Դանիայի, Նորվեգիայի և Լիտվայի օդանավակայանները դադարեցրել են ինքնաթիռների ընդունումն ու ուղարկումը, իսկ Նիդերլանդների գլխավոր ավիահանգրվանում փակվել է թռիչքուղին։ Սեպտեմբերի 28-ի երեկոյան Դանիայում կործանիչներ են օդ բարձրացվել՝ ի պատասխան Բալթիկ ծովի Բորնհոլմ կղզու վրա դրոնների հերթական հայտնվելուն։
Դրա ֆոնին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք իր դրոնները չի ուղղել Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածք։ Ըստ նրա՝ Հյուսիսատլանտյան դաշինքում ավելի ու ավելի հաճախ են խոսում այն մասին, որ Մոսկվան հարձակում է նախապատրաստում, սակայն «Ռուսաստանը նման մտադրություններ չի ունեցել և չունի»։ Միաժամանակ, Լավրովը սպառնացել է, որ երկրի դեմ ցանկացած ագրեսիա «վճռական հակահարված կստանա»։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանը շարունակում է ընդլայնել իր «ստվերային նավատորմը»՝ արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար: S&P Global Market Intelligence-ի տվյալներով՝ 2025 թվականի սկզբին այն բաղկացած է եղեկ մոտավորապես 940 նավից, ինչը 45%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Սա նշանակում է, որ աշխարհում շահագործվող յուրաքանչյուր վեց լցանավերից մեկը (17%) այժմ պատկանում է «ստվերային նավատորմին»: Ավելին, այս նավերի միջին տարիքը մոտավորապես 20 տարի է, համեմատած համաշխարհային նավատորմի 13-ի հետ, ինչը մեծացնում է էկոլոգիական աղետի ռիսկը: