Մամուլ 9 ամիս առաջ - 07:10 27-09-2025

Գյումրուց Փարաքար. Փաշինյանի վախերն ու բարդույթները. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջերս Փաշինյանը կրկին պարծենում էր Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների որակով։ Մասնավորապես, կրկնում էր իր սիրելի թեզը, թե իբր ընտրությունները Հայաստանում չեն կեղծվում։
Իսկ ի՞նչ կա այնտեղ կեղծելու, երբ կարելի է գործել «թավշյա հեղափոխության» վճռականությամբ՝ ուղղակի ճնշելով իշխանության համար ոչ ցանկալի թեկնածուներին ու բանտ ուղարկելով իրենց հարազատներին։ Հայաստանի բանտերը լեփ-լեցուն են նախաքննական կարգով կալանավորված այն մարդկանց հարազատներով ու ընկերներով, ովքեր փորձել են որևէ բողոքի շարժում սկսել Փաշինյանի դեմ։ Այս իշխանությունը փաստացի պատանդներ է վերցնում։ Նույնիսկ «բանանային հանրապետությունները» միշտ չէ, որ դիմում են նման մեթոդների, ինչպես Փաշինյանի գոված «ժողովրդավարության բաստիոնում»։ Եթե թեկնածուն, չնայած շանտաժին, մասնակցում է ընտրություններին ու հաղթում, իշխանությունը շարունակում է ճնշումը և փորձում է ամեն կերպ վիճարկել արդյունքը։ Կա՛մ նոր ընտրություններ են նշանակում, ինչպես, օրինակ՝ Վեդիում, կա՛մ հաղթած ընդդիմադիրին բանտ են ուղարկում, ինչպես, օրինակ՝ Վանաձորի քաղաքապետին, կա՛մ նրա դեմ հարուցվում են մի շարք քրեական գործեր, ինչպես, օրինակ՝ Գյումրու դեպքում։
Այս ամենը, երկրում ստեղծված չարության, ատելության մթնոլորտը, ինչպես նաև այն հանգամանքը, որ իրավապահ ամբողջ համակարգը զբաղված է միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելով ու ընդդիմադիրներին «պատերին ծեփելով», չէր կարող հետևանքներ չունենալ: Ու պատահական չէ, որ շատերի համոզմամբ, այդ ամենի հետևանքն է նաև այն, ինչ եղավ Փարաքարի խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի հետ սեպտեմբերի 24-ի գիշերը…
Առավել ևս, որ այստեղ ամիսներ առաջ եղել է լարվածություն, ու իրավապահները տրամաբանորեն պետք է կանխարգելիչ աշխատանքներ կատարեին: Էլ առավել ևս, որ երեկ արդեն հենց իրենք՝ իրավապահները, հայտարարեցին, որ կատարվածը «փետրվարյան դեպքերի շարունակությունն է»:
Հիշեցնենք, որ մարտին Վալոդյա Գրիգորյանը «համարձակվեց» հաղթել Փաշինյանի թեկնածուին համայնքային ընտրություններում. դա արդեն Գրիգորյանի երկրորդ հաղթանակն էր «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ։ Առաջինը նա արձանագրել էր 2021-ին։ Բայց այդ անգամ ՔՊ-ին հաջողվեց մանիպուլ յացիաներով թույլ չտալ նրա իշխանության գալը՝ ուղղակի սաբոտաժի ենթարկելով Փարաքարի ավագանու աշխատանքը և, ինչպես ասում են, «անօրինական ճանապարհով» իշխանության բերելով իրենց մարդկանց (բայց չէ՞ որ Հայաստանում ընտրությունները չեն կեղծվում, իհարկե)։ Վալոդյա Գրիգորյանը չհանձնվեց և 2025-ին կրկին հաղթեց՝ ստանալով համոզիչ 57 տոկոս, չնայած ՔՊ-ի բոլոր ջանքերին և վարչական ռեսուրսի կիրառմանը։
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը սեփական փորձով գիտի, թե ինչ է նշանակում Փաշինյանի ճնշումը տեղական իշխանության վրա, նշել է, որ ժողովրդի կողմից ընտրված և քաղաքացիների վստահությունն ու սերը վայելող համայնքների ղեկավարները վերածվել են կենդանի թիրախների։ Իսկ բարձրագույն իշխանության կողմից հնչող սպառնալիքները դարձել են պետական քաղաքականություն։
Այսպիսով, Փաշինյանի իշխանությունը կոփված պողպատով ջախջախում է երկրի ժողովրդավարությունը և ժողովրդի կամարտահայտությունը: Ավելին, «երրորդ ուժի» ծիլերը, որոնք տեղ-տեղ սկսում են ճանապարհ հարթել հանրապետությունում, Փաշինյանի համար չափազանց վտանգավոր են, քանի որ ժողովրդի կամքը վարկաբեկելն անհամեմատ դժվար է: Ահա թե ինչու յուրաքանչյուր արժանապատիվ մարդու պարտքն է՝ աջակցել նրանց, ովքեր, ձգտելով արդարության և ճշմարտության, վտանգում են իրենց։ Այդպիսի անհատներին պետք է գնահատել։
Հայ հասարակությունը լավ գիտի, թե ինչ «գին» ունեն Փաշինյանի ռեժիմի «ժողովրդավարական ինստիտուտները»։ Հետաքրքիր է, որ Ֆեյսբուքում Վալոդյա Գրիգորյանի ընտանիքին ուղղված Փաշինյանի ցավակցական գրառման մեկնաբանություններում օգտատերերի մեծ մասը տեղի ունեցածի համար մեղադրում է իշխանություններին և ընդգծում երկրում տիրող անօրինականությունը։
Հանրային կարծիքը չես լռեցնի։ Բոլորին բանտերը չես լցնի: Հայաստանի քաղաքացիները, որոնք ընկել էին ապատիայի մեջ, այժմ, կարծես, նորից սկսում են գլուխ բարձրացնել։ Ու շատ հնարավոր է, որ շուտով Փաշինյանն իր դեմագոգիայի, անօրինության և հակահայկական քաղաքականության համար ինքը դառնա «նախկին»։
Սպասելու շատ չի մնացել:

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն