Միտք Ներքին 8 ամիս առաջ - 16:00 24-09-2025

Ճիշտը սխալ է. Փաշինյանը ՀՀ զինվորի դեմ ցուցմունք է տալի՞ս

Երբ մարդը կանգնում է սխալ ուղու վրա, ապա իր և մյուսների նախկինում արած ճիշտ քայլերը գնահատում է սխալ։ Այսպիսի իրավիճակում է Նիկոլ Փաշինյանը։ Նա աղմկահարույց հարցադրում է արել սեպտեմբերի 23-ին «Հայկական ժողովրդավարության ֆորումում» կազմակերպված քննարկման ժամանակ, այնուհետև նույն խոսքը տարածել նաև իր էջերում։ «2018–ի դրությամբ 18 տարեկան զինվորը ի՞նչ գործ ուներ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս»,- հարցադրում է արել վարչապետը։

Որոշ քննադատներ, ընդդիմադիր գործիչներ այս հարցադրումը որակեցին ապապետական, հակաժողովրդական, դավաճանական և այլն։ Հարցադրումն առաջին հերթին հասցեագրված է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Տպավորություն է, թե Փաշինյանը ցուցմունք է տալիս նրա դեմ, մեղադրելով հարևան Ադրբեջանի նկատմամբ ագրեսիայի, Ադրբեջանի ինքնիշխան տարածքը զավթելու մեջ։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հակադարձում է, որ Փաշինյանի հարցադրումը տարածվում և առավելապես սևեռվում է հենց Փաշինյանի վրա։ «Եթե ասածդ ճիշտ ա, և դու, 2018 թվականին Հայաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար դառնալուց հետո էդ զինվորներին անմիջապես հետ չես քաշել ՀՀ սահմաններից ներս, ստացվում ա, որ երկուսուկես տարի զբաղվել ես միջազգային իրավունքի խախտումով, հարևան երկրի օկուպացիայով, ինչի համար պետք է փտես լավագույն դեպքում Հաագայի տրիբունալի բանտում, իսկ վատագույն՝ Բաքվի»,- գրելէ Զուրաբյանը։

Փաշինյանի բարձրացրած հարցն ունի լեգիտիմ պատասխան։

ՀՀ զինվորն այսօր էլ ծառայություն է իրականացնում ՀՀ ինքնիշխան սահմանից դուրս՝ ներգրավված լինելով միջազգային խաղաղապահ առաքելություններում։ ՀՀ-ն դա անում է, ելնելով իր ազգային շահերից, քաղաքակարթության հետ համահունչ լինելու մղումով։ Իսկ Արցախի ժողովուրդն ինքնորոշվել էր, չէր ուզում լինել Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանն ագրեսիա էր սկսել Արցախի դեմ։ ՀՀ իշխանությունն էլ հայ զինվորին ուղարկում էր պաշտպանելու հայ ժողովրդին և Արցախի ազատության, Արցախի ինքնորոշման, Արցախում ապրող հայ ժողովրդի ազատության իրավունքը։ Այսինքն՝ հայ զինվորին Արցախ ուղարկելը ճիշտ էր։

Թեև Արցախի ազատության համար պայքարը սկսվել է 1988-ից, սակայն Փաշինյանի վառ ռուսամետ քաղաքականությունն է լեգիտիմ հիմք տվել թշնամիներին վերսկսելու ագրեսիան Արցախի դեմ, զավթել Արցախն ու ՀՀ տարածքի որոշ հատվածները։ Փաշինյանը դարձել էր Կրեմլի հլու կամակատարը։ Ինչ ասում էին՝ անում էր։ Սիրիա ուղարկեց ՀՀ զինվորին, ինչը քաղաքակիրթ աշխարհի կողմից ընկալվեց որպես մարտահրավեր։ Նիկոլ Փաշինյանին, հավանաբար, հարցնել են՝ ի՞նչ է անում հայ զինվորը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս՝ Սիրիայում։ Եվ նա, հավանաբար, չի կարողացել պատասխանել։ Եվ նրան, հավանաբար, թվացել է, թե սա ուժեղ հարց է։

Փաշինյանի այս հարցադրումը, հավանաբար կշահարկվի Բաքվի կողմից։ Չնայած՝ ըստ պայմանավորվածության, հայցերը հետ են վերցվել միջազգային ատյաններից, սակայն Փաշինյանի այս հարցադրումը կարող է հիմք հանդիսանալ, որ Բաքուն Հայաստանի դեմ նոր հայց ներկայացնի։ Այս ենթադրյալ հեռանկարը հաշվի առնելով, կարելի է ասել, որ սա հակապետական հարցադրում է։ Այն նաև հակաժողովրդական հարցադրում է, քանի որ հայ զինվորը պաշտպանում էր հայ ժողովրդին։ Բա էլ ինչի՞ համար է հայ զինվորը, եթե ոչ հայ ժողովրդի ազատությունը պաշտպանելու։

Այս հարցադրումը, հավանաբար, ունի նաև ներքաղաքական նշանակություն։ Փաշինյանը շատ է ուզում, որ 3 նախագահները բանավիճեն իր հետ, դառնան իր մրցակիցներն ու պարտվեն առաջիկա ԱԺ ընտրություններում։ 2021-ին ՀՀ 2-րդ ու 3-րդ նախագահների թիմակիցները գրավեցին ԱԺ ընդդիմադիր նիշան։ Փաշինյանը, հավանաբար, ձգտում է կրկնել 2021-ի հաջողությունը, Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցներին ևս բերելով ԱԺ։ Այս պատճառով նա այնպիսի սադրիչ հարցադրումներ է ասում, որ 3 նախագահները չկարողանան անտարբեր մնալ, հակադարձեն, ուղղակի կամ անուղղակի բանավեճի մեջ ներքաշվեն, ու տպավորություն ստեղծվի, թե առաջիկա ընտրություններում հիմնական մրցակցությունը լինելու է Փաշինյանի և 3 նախագահների միջև։

Ի վերջո՝ այս հարցադրումը վտանգավոր է սոցիալ հոգեբանության առումով։ Եթե կարծիք տարածվի, թե սխալ էր, որ հայ զինվորը հայ ժողովրդի ազատության համար կռվում էր Արցախում, ապա այս սխալ ընկալումը կարմատավորվի, և վաղը հայ զինվորը չի կռվի հայ ժողովրդի ազատության համար։

Թաթուլ Մկրտչյան