Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր։ Իրավապաշտպանի խոսքով՝ գերիները օրերս հեռախոսազրույց են ունեցել իրենց հարազատների հետ, որոնց ժամանակ էլ հայտնի է դարձել ինքնասպանության փորձերի մասին:
Առանց անուններ հնչեցնելու Սահակյանը միայն տեղեկացրեց, որ ինքնասպանության փորձ իրականացնողները եղել են ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, այլ մյուս գերիների շրջանում:
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Դուք ձեզ մեղավոր զգո՞ւմ եք, որ Բաքվում պահվող հայ գերիներն ինքնասպանության փորձ են կատարել»։
Հարցվածների մի մասը նշեց, որ զղջում է Նիկոլ Փաշինյանին ընտրելու համար։ «Հա իհարկե, որ 18 թվին էշություն արեցի ու ընտրեցի նրան, ով հիմա ղեկավարում ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ մեղավոր է Արցախի կառավարությունը։ «Իհարկե ոչ։ Մեղավոր է Ղարաբաղի կառավարությունը, որ ժամանակին էղել ա։ Ինչ քաղաքականություն վարել են, հիմա էլ հնձում են»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ բոլորս ենք մեղավոր։ «Այո, մենք բոլորս էլ պետք ա զգանք մեղավորություն, որ իրենք մինչև հիմա այնտեղ են։ Ես կարծում եմ, որ պետական մակարդակով պետք ա էդ հարցերը լուծվի»,- ասաց նա։
«Իհարկե, պետության անտարբերությունն ա։ Բոլորս ենք մեղավոր»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․