Մամուլ 10 ամիս առաջ - 07:03 04-09-2025

Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է պետք. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը վկայում են, որ ՀՀ Ազգային ժողովը վերջին երեք տարիներին շարունակում է զարմացնել հանրությանը իր առանձնահատուկ գնումներով։ Թեեւ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի կազմակերպած գնումները պետք է ծառայեն խորհրդարանի գործունեությանը, սակայն փաստերն այլ բան են հուշում։
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր այն մասին, որ «ՎԼՎ» խանութների ցանցից 2023-ի դեկտեմբերին ԱԺ-ն ձեռք է բերել 5 JBL ականջակալ՝ ընդհանուր 100.000 դրամ արժողությամբ։ Մնում է պարզել՝ արդյոք պատգամավորները որոշել էին ավելի լավ լսել միմյանց բոցաշունչ ելույթները, թե՞ հենց այդ ականջակալների օգնությամբ է հնարավոր «չլսել» քննադատող ընդդիմադիրներին։
Հաջորդ անակնկալը 2024-ի հունիսին գնված Hisense սառնարան-ցուցափեղկն է՝ 289.000 դրամ արժողությամբ։ Բաց հարց է մնում՝ ի՞նչ պիտի ցուցադրվի Ազգային ժողովի սառնարանում. օրենքների նախագծե՞ր, թե՞ պատգամավորական արտոնությունները, որ այդքան թանկ են գնահատվում։
Նույն տարվա ապրիլին ԱԺ-ն գնում է կատարել նաեւ չորացնող սարք՝ 153.700 դրամով։ Ո՞ւմ կամ ի՞նչը պիտի չորացնեն խորհրդարանում. գուցե պատգամավորական խոստումնե՞րը, որ տարիներ շարունակ «խոնավ» վիճակում են մնում։
Բացի այս ամենից, նույն ամսին ձեռք է բերվել էլեկտրական ջրատաքացուցիչ՝ 62.000 դրամով։ Մինչդեռ 2025-ի ապրիլին գնվել է մեկ այլ ջրատաքացուցիչ ընդամենը 15.200 դրամով։ Իսկ մարտ ամսին արդեն իրականացվել է «թոփ» գնում՝ RoyaL Thermo RWH200XL ջրատաքացուցիչ՝ 235.000 դրամով։ Այս ամենից հետո արդարացի հարց է առաջանում՝ ո՞ւմ եւ ի՞նչ են այսքան տաքացնում խորհրդարանում։
Հիշեցնենք՝ սա առաջին դեպքը չէ։ Նախկինում Ազգային ժողովը աչքի էր ընկել՝ մանկական խաղալիքների խանութից «չխկչխկաններ» եւ օրորոցային խաղալիքներ, պարագաներ գնելով։ Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պետության հաշվին ձեռք էր բերել 2.5 մլն դրամ արժողությամբ ոսկե համրիչ՝ թազբեհ։
Ստացվում է, որ Ազգային ժողովի բյուջեն օրենսդրական գործունեությունից զատ ծառայում է նաեւ խորհրդարանական «կենցաղի հարմարավետությանը»։ Թե ինչու են այս գնումները պետբյուջեի հաշվին կատարվում եւ ինչ օգուտ են բերում երկրի օրենսդիր մարմնին ֆունկցիոնալ իմաստով՝ մնում է չպարզված»։

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
19:00 ԱՆԻՖ-ի միլիարդների փոշիացման գործը հասավ դատարան․ ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանը սկանդալի հետ
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ