copy image url
Հայտարարագիր 2 ամիս առաջ - 22:00 28-08-2025

Մեքենա, 31․8 մլն փոխառություն, 4․2 մլն կանխիկ, 10․1 մլն եկամուտ․ Վահագն Ալեքսանյանի ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր ուսումնասիրել ենք Ազգային ժողովի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարագիրը, ով հանրության լայն շերտերին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ իր նախկին թիմակիցներին համեմատել էր ուսապարկերի հետ, համոզմունք հայտնել՝ եթե Փաշինյանը նրանց փոխարեն իր ուսապարկերի թեկնածությունն առաջադրեր, վերջիններս ավելի շատ ձայն կստանային։

Հիշեցնենք՝ նախկին ԲՀԿ-ական, այժմ երդվյալ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը 2019-2021թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգողը, իսկ 2021-ի ապրիլին դարձել ԱԺ պատգամավոր։ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Ալեքսանյանին հաջողվել է պահպանել իր մանդատը։

Անշարժ գույք՝ բնակարան, ՔՊ-ական պատգամավորը չի հայտարարագրել։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2011 թվականի արտադրության KIA մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2019 թվականի նոյեմբերի 18-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

ՔՊ-ական պատգամավորը 31 մլն 813․600 դրամի չափով փոխառություն ունի «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ում, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

Ալեքսանյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 933․846 դրամ, տարեվերջին՝ 117․871 դրամ։ Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 3 մլն, տարեվերջին՝ 4 մլն 230 հազար դրամ։

2024 թվականի հաշվետու տարում վերջինիս եկամուտը կազմել է 10 մլն 160․390 դրամ, որը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 28 մլն 287․492 դրամ։

Վերջինս իր եկամուտներից 4 մլն 228․800 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։