Ճապոնական ծովի գեղատեսիլ ափին փռված Նախոդկա քաղաքը վաղուց հարազատ տուն է դարձել շատ հայերի համար։ Տասնամյակներ առաջ կայք հաստատելով այս քաղաքում՝ հայերը պահպանել են իրենց հավատը, մշակույթը, ազգային ավանդույթները, խաղաղ ու ստեղծագործ կյանքի ձգտումը։
Այս մասին հայտնում է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամուլի դիվանը։
Օգոստոսի 24-ը Նախոդկայում բնակվող շուրջ երկու հազար հայերի համար հիշարժան օր դարձավ, քանի որ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ օծվեց և բացվեց հայկական նորակառույց եկեղեցին։ Աղոթատունը, որն անվանակոչվեց Սուրբ Հարություն անունով, կառուցվել է Հայաստանից բերված վարդագույն տուֆով և ունի 24 մետր բարձրություն։
Օծման հանդիսավոր արարողության ավարտին թեմակալ առաջնորդը օրհնության գիր շնորհեց Սամվել Ավետիսյանին, ինչպես նաև գնահատանքի խոսք ասաց Ավետիսյան եղբայրներին եկեղեցու կառուցման աստվածահաճո գործի համար։ Օրհնության գրի արժանացավ նաև «Ակունք» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Թադևոսյանը՝ եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոց և մշակութային կենտրոն կառուցելու համար։