Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։
Այսօր ուսումնասիրել ենք Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանի և նրա կնոջ՝ Մարիամ Հաջի-Հակոբյանի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։
Հիշեցնենք՝ Ռուբինյանը 2018-ի իշխանափոխությունից հետո նշանակվել է փոխարտգործնախարար, 2019-ի հունվարից նա եղել է ԱԺ պատգամավոր, զբաղեցրել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, իսկ 2021-ի օգոստոսին ՔՊ-ի կողմից ընտրվել ԱԺ փոխնախագահ։ 2021-ի դեկտեմբերից Ռուբինյանը նշանակվել է հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ։
Ռուբեն Ռուբինյանը տարեսկզբին անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն 2024 թվականի նոյեմբերի 26-ին նա ձեռք է բերել բնակարան և կայանատեղի՝ Երևանում, որոնց նա տիրապետում է միանձնյա սեփականությամբ։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։
Ռուբինյանը տարեսկզբին 47 մլն 900 հազար դրամ փոխառություն է ունեցել «Կանաչ Թաղ» ՍՊԸ-ում, որը տարեվերջի դրությամբ կազմել է 50 մլն 500 հազար դրամ։
Բացի այդ, նա առևտրային բանկերում 2 ավանդ է ունեցել, որոնց հանրագումարը տարեվերջին կազմել է 7 մլն 500 հազար դրամ։
Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 10 մլն 396․107 դրամ, տարեվերջին՝ 2 մլն 784․178 դրամ։ Կանխիկ միջոցներ՝ նա չի հայտարարագրել։
2024 թվականի հաշվետու տարում Ռուբեն Ռուբինյանի եկամուտները կազմել են 17 մլն 373․544 դրամ, որից 14 մլն 229․360 դրամն ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, 2 մլն 836․705 դրամը՝ Ֆիննախից ստացած եկամտահարկի վերադարձը, 307․479 դրամը՝ Ինեկոբանկից ստացած այլ եկամուտը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 31 մլն 302․029 դրամ։
Ռուբինյանն իր եկամուտներից 3 մլն 609․137 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին, 5 մլն 275․940 դրամ էլ անշարժ գույքի վերանորոգման ծախսերին։
Վերջինիս կինը՝ Մարիամ Հաջի-Հակոբյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։
Նա ՄԼ Մայնինգ ՍՊԸ-ում ունեցել է 13 մլն 291․053 դրամ փոխառություն, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։ Բացի այդ, նա առևտրային բանկերում ունեցել է 2 ավանդ, որոնց հանրագումարը տարեվերջին կազմել է 1 մլն 561․266 դրամ։
Հաջի-Հակոբյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 736․289, տարեվերջին՝ 249․239,53 դրամ։ Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 2 մլն 850 հազար դրամ և 900 դոլար, տարեվերջին՝ 350 հազար դրամ և 900 դոլար։
2024 թվականի հաշվետու տարում նրա կողմից հայտարարագրված եկամուտները կազմել են 18 մլն 214․553 դրամ, որից 13 մլն 291․053 դրամը Հայէկոնոմբանկից վարկերի տեսքով ստացած փոխառությունն է, 1 մլն 999․220 դրամը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, 2 մլն 624․280 դրամը՝ այլ եկամուտը, 300 հազար դրամն էլ՝ Սոցապ նախարարությունից ստացած միանվագ վճարը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 13 մլն 323․754 դրամ։