copy image url
Հայտարարագիր 3 ամիս առաջ - 22:00 05-08-2025

Բնակարան, առանձնատուն, 6.9 մլն կանխիկ, 37.1 մլն եկամուտ. Հակոբ Արշակյանի և նրա կնոջ ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր ուսումնասիրել ենք Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Հակոբ Արշակյանի և նրա կնոջ՝ Իզաբելլա Թադևոսյանի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ Արշակյանը 2018-2019 թվականներին զբաղեցրել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի, այնուհետև նախարարի պաշտոնը, իսկ 2019-2021 թվականներին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը, որից ազատվել էր 2021-ի մարտին՝ լրագրողի վրա հարձակվելու միջադեպից հետո։ Ամիսներ անց՝ 2021-ի օգոստոսին Արշակյանը ՔՊ-ի կողմից ընտրվեց ԱԺ փոխնախագահ և առ այսօր շարունակում է պաշտոնավարել։

Որպես անշարժ գույք՝ Հակոբ Արշակյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ բնակարան՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում, որը նա գնել է 2017 թվականի հունիսի 17-ին, ինչպես նաև համատեղ սեփականությամբ այգետնակ՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, որը ձեռք է բերել 2023 թվականի հունիսի 5-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը պահպանվել է։

Շարժական գույք՝ տրանսպորտային միջոցներ, Արշակյանը չի հայտարարագրել։

Վերջինիս բանկային հաշիվներին տարեկսզբին եղել է 69.297, տարեվերջին՝ 756.647,1 դրամ։ Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 2 մլն 500 հազար դրամ և 9500 դոլար, տարեվերջին՝ 2 մլն 500 հազար դրամ և 10 հազար դոլար։

2024 թվականի հաշվետու տարում Հակոբ Արշակյանի եկամուտները կազմել են 18 մլն 302.265 դրամ, որից 14 մլն 218.743 դրամը ԱԺ-ից, 78.750 դրամը՝ ԵՊՀ-ից ստացած աշխատավարձն է, 4 մլն 4772 դրամն էլ՝ Ֆիննախից ստացած եկամտահարկի վերադարձը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 մլն 408.912 դրամ։

Արշակյանի կինը՝ Իզաբելլա Թադևոսյանը, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է ամուսնու հայտարարագրած բնակարանն ու այգետնակը, որոնց նա տիրապետում է համատեղ սեփականությամբ։

Որպես շարժական գույք՝ Թադևոսյանը հայտարարագրել է 2010 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2022-ի մարտի 23-ին։ 2024-ի օգոստոսի 27-ին նա այս մեքենան 3 մլն 800 հազար դրամով օտարել է՝ ոմն Կարեն Հովհաննիսյանի։

Արշակյանի կինը ՍԻՆՈՓՍԻՍ ընկերությունում հայտարարագրել է 15.430 դոլար արժեքով բաժնեմաս, որը տարեվերջին կազմել է 27 հազար դոլար, ԴՐԻՄԲՈՔՍ ընկերությունում էլ 20 հազար դրամ արժեքով բաժնեմաս, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։
Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 2 մլն 164.526, տարեվերջին՝ 388 հազար դրամ։ Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 350 հազար, տարեվերջին՝ 500 հազար դրամ։

2024 թվականի հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 18 մլն 799.805 դրամ, որից 12 մլն 750.828 դրամը «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունից ստացած աշխատավարձն է, 3 մլն 860 հազար դրամը մեքենան օտարելուց ստացած եկամուտը, 1 մլն 229.295 դրամը Ֆիննախից ստացած եկամտահարկի վերադարձը, 600 հազար դրամը՝ այլ եկամուտը, 359.682 դրամն էլ՝ EFES ընկերությունից ստացած ապահովագրական հատուցումը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 56 մլն 120 հազար դրամ։

Թադևոսյանն իր եկամուտներից 4 մլն 480 հազար դրամ հատկացրել է ուսման համար վճարվող վարձավճարին։