Oragir.News-ը ահազանգ է ստացել, որ դրսում ծխող անչափահաս տղաների ծնողներին համայնքային ոստիկաններն ու պարեկները տուգանում են։
Մոտենում, հարցնում են՝ հայրդ տեղյա՞կ է, որ ծխում ես։ Պատանին ասում է՝ այո կամ ոչ։ Եթե այո է ասում, ապա հորը կանչում և տուգանում են 150 հազար դրամով։ Եթե ոչ՝ դարձյալ կանչում են ծնողին ու տուգանում, բայց 50 հազար դրամով։
Oragir.News-ը փորձեց տեղեկությունը ճշտել Ներքին գործերի նախարարությունից։
Նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանին խնդրեցինք պարզաբանել՝ ստացված տեղեկությունը որքանո՞վ է հավաստի, և եթե հավաստի է՝ ո՞ր օրենքով կամ իրավական ակտով են գործում պարեկները։
«Բացարձակ իրականությանը չի պատասխանում։ Համայնքային ոստիկանությունից էլ ճշտեցի, պարեկայինից էլ։ Նման բան չկա»,-
Oragir.News-ին վստահեցրեց Նարեկ Սարգսյանը։
Իհարկե,
Oragir.News-ը կփորձի մանրամասներ իմանալ քաղաքացու հետ կատարվածից։ Միայն տեղեկացնենք, որ դեպքերից մեկը տեղի է ունեցել Երևանի երկաթուղային կայարանի տարածքում։
Ի հավելումն նշենք, որ անչափահասներին ծխախոտ կամ ալկոհոլ վաճառելն առաջացնում է իրավական հետևանք։ Այս մասին նշված է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում։
Թեպետ, ըստ նույն հոդվածի՝ արգելված է 18 տարին չլրացած անձանց ծխախոտ կամ ալկոհոլ վաճառելը, և վաճառք իրականացնելիս գնորդի տարիքի վերաբերյալ կասկած առաջանալու դեպքում տնտեսվարողը պետք է պահանջի անձը հաստատող փաստաթուղթ և միայն գնորդի չափահաս լինելու դեպքում վաճառք իրականացնի, սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ դեռահասներն անարգել, առանց կաշկանդվելու և առանձնակի վախերի, խանութներից ծխախոտ են գնում, և փողոցի տարբեր անկյուններում ազատորեն «ըմբոշխնում» այն։