4 երեխա ունենք, բայց ջրի երես չենք տեսնում․ Եղվարդում 4 օր է՝ ջուր չկա
copy image url

4 երեխա ունենք, բայց ջրի երես չենք տեսնում․ Եղվարդում 4 օր է՝ ջուր չկա

Ներքին 5 ժամ առաջ - 12:40 30-06-2025
Oragir.News-ն ահազանգեր է ստացել Եղվարդի բնակիչներից, որոնք նշում են, թե արդեն 4-րդ օրն է՝ ջուր չունեն։ Ջրի բացակայությունը լուրջ խնդիրներ հարուցել, հատկապես՝ այն ընտանիքների համար, ովքեր տանը փոքր երեխաներ կամ հիվանդներ ունեն։

Բնակիչներից մեկի խոսքով՝ իրենց որևէ կառույցից հստակ պատասխան չեն տալիս։ Իսկ երբ փորձում են պարզել պատճառը՝ կա՛մ խուսափում են մեկնաբանությունից, կա՛մ էլ արձագանքում են ագրեսիվ տոնով։

«Չորս օր է՝ ջուր չունենք։ Տանը 4 երեխա ունենք, անհնար է արդեն։ Չորրորդ հարկում ընդհանրապես ջուր չի բարձրանում։ Տալիս են կես ժամով ու անջատում։ Եղվարդի փողոցների կեսից շատը մշտական ջուր ունեն, բայց մենք նույնիսկ խմելու ջուր չունենք։ Առնում ենք խանութից։ Շիրակի 4 փողոցի բնակիչ եմ։ Ջրի խնդիր մշտապես կա։ Ամառը հենց գալիս է՝ սկսվում է այս վիճակը։ Զանգում ենք, ասում են՝ կլուծենք, բայց ո՛չ քաղաքապետն է լուծում, ո՛չ էլ «Վեոլիա Ջուրը»»,- ասում է բնակիչը։

Նա զարմանքով է ընդգծում է, որ ձմռանը այս խնդիրը չկա, բայց ամռանը մշտապես առկա է։

«Ջուրը տալիս էին առավոտյան 08։00-ից մինչև կեսգիշեր, երբեմն մինչև 01։00։ Այդ ընթացքում ջուր էինք հավաքում, բայց հիմա դա էլ անհնար է դարձել։ Ջրի երես չենք տեսնում։ Ապրում ենք այսպես՝ առանց ջրի։ Ամռանը մշտապես այս վիճակն է»։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել «Վեոլիա Ջուր» ընկերության հետ պարզաբանում ստանալու նպատակով, սակայն զանգերն անպատասխան են մնացել։