Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 13:00 06-06-2025

Հերթական սուտը․ Էրդողանը Փաշինյանին չի շնորհավորել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Կառավարությունից տեղեկացրել են, որ Փաշինյանն Էրդողանին շնորհավորել է մուսուլմանների Զոհաբերության տոնի (Քուրբան բայրամի) առթիվ, Էրդողանն էլ՝ «շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով»։ Բացի այդ, Երևանը հայտնում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր և պայմանավորվել շարունակել երկխոսությունը։

Հաշվի առնելով անցյալի դառը փորձը, երբ Էրդողանը Նիկոլ Փաշինյանին շնորհավորած չէր լինում, սակայն հայկական կողմը նրան շնորհավորանք էր վերագրում (նախորդ տարիներին Զոհաբերության տոնը համընկնում էր Վարդավառին, և պաշտոնական Երևանը հայտնում էր, որ Էրդողանն էլ Փաշինյանին Վարդավառի կապակցությամբ է շնորհավորել), Oragir.News-ը ուսումնասիրեց նաև թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրությունը։ Պարզվեց, որ մեր կասկածներն անտեղի չէին․

Թուրքիայի նախագահականից հայտնում են, որ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով զանգահարել էր իրեն՝ Զոհաբերության տոնը շնորհավորելու համար։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող շփումները, տարածաշրջանային և գլոբալ հարցերը։

Նախագահ Էրդողանը, ով հեռախոսազրույցի ընթացքում ուշադրություն է հրավիրել տարածաշրջանում համապարփակ կարգավորման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների կարևորությանը, գոհունակություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև շփումների առկայության կապակցությամբ։

Հայաստանի վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է նախագահ Էրդողանի և թուրք ժողովրդի Զոհաբերության տոնը
»,- նշվում է թուրքական կողմի հաղորդագրությունում։

Այսպիսով՝ համեմատելով պաշտոնական Երևանի և Անկարայի տարածած հաղորդագրությունները՝ համոզվում ենք, որ Հայաստանի կառավարությունը հերթական անգամ ստել է, և Նիկոլ Փաշինյանն Էրդողանին վերագրել է մի շնորհավորանք, որը վերջինս պարզապես չի հղել։

Հիշեցնենք, որ 2023-ի հունիսի 28-ին՝ Արցախի շրջափակման ամենածանր փուլում, Նիկոլ Փաշինյանը կրկին Զոհաբերության տոնի կապակցությամբ շնորհավորել էր Էրդողանին, և, ըստ հայկական կողմի հայտարարության, վերջինս էլ Փաշինյանին շնորհավորել էր Վարդավառի կապակցությամբ։ Թուրքական կողմի հայտարարությունն ուսումնասիրելով՝ պարզել էինք, որ Հայաստանի կառավարությունը ստել էր, և միայն Փաշինյանն էր շնորհավորել Էրդողանին։

Նշենք նաև, որ նույն օրվա գիշերը, երբ Փաշինյանը շնորհավորել էր Էրդողանին, Ադրբեջանը շրջափակված Արցախի ուղղությամբ հերթական սադրանքն էր իրականացրել, ինչի հետևանքով Պաշտպանության բանակի չորս զինծառայող էր սպանվել։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված