Ուղիղ եթեր
Արայիկ Հարությունյանի հերթական սուտը․ «Զանգեզուրի միջանցք»-ը դուրս չի եկել թշնամու օրակարգից
copy image url

Արայիկ Հարությունյանի հերթական սուտը․ «Զանգեզուրի միջանցք»-ը դուրս չի եկել թշնամու օրակարգից

Արտաքին Ներքին Միտք 1 տարի առաջ - 13:00 13-01-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական բռնազավթումից հետո Հայաստանի իշխանությունները ձգտում էին բնակչությանը համոզել, որ թշնամու հավակնությունները սահմանափակվում էին Արցախով և այժմ վերջապես խաղաղություն հաստատելու հնարավորություն է ընձեռնվել։ Վերջիններս համառորեն փորձում էին չնկատել, կամ չնկատելու տալ, որ Ադրբեջանում պետական մակարդակով Հայաստանի ողջ տարածքն անվանում են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան», իսկ «Զանգեզուրի միջանցք»-ի խոսույթը թեև որոշակիորոն մեղվել է, այնուամենայնիվ դուրս չի եկել օրակարգից։

Հիշեցնենք, որ Արցախի անկումից հետո Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումը պետք է կայանար 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում, որից, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվեց՝ պատճառաբանելով Ֆրանսիայի հայամետ դիրքորոշումը։ Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Գրանդա, որտեղ, առանց Ադրբեջանի նախագահի մասնակցության հայտարարություն ստորագրեց, որով հերթական անգամ ճանաչում էր Ադրբեջանի 86․600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը։

Այս հայտարարության ստորագրումից անմիջապես հետո Հայաստանի իշխանությունները և վերջիններիս կից քարոզիչները Գրանադայում ստորագրված հայտարարությունը սկսեցին ներկայացնել որպես դիվանագիտական մեծ հաղթանակ՝ պնդելով, որ Հայաստանը ստացել է այն ամենը, ինչ ցանկացել է։ Ավելին՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» խորագրի ներքո գրել էր, թե Գրանադայում կայացած հանդիպումներում անկլավների թեման չի քննարկվել, իսկ միջանցքի թեման փակ է: Հարությունյանը նաև հեգնել էր բոլոր նրանց, ովքեր դեմ էին Փաշինյանի՝ Գրանադա կատարելիք այցին և գրել․ «Փաստորեն, չէիք ուզում վարչապետը գնար Գրանադա, որ այս հանդիպումները, քառակողմ հայտարարությունը, Եվրոպական խորհրդարանի հայտարարությունը չլինեին: Էս է ձեր ծայրագավառական, գործակալական էությունը: Հայաստանի պետականությունն այլընտրանք չունի: Չվախենաք»:



Oragir.News-ը դեռևս այդ օրերին էր անդրադարձել Գրանադայում ստորագրված հայտարարությանը՝ նշելով, որ այն ՀՀ-ին ոչինչ չի տա։ Մեր այս գնահատականը հիմնավորել էինք այն հանգամանքով, որ Ադրբեջանի նախագահն անգամ իր կողմից ստորագրված փաստաթղթերով նախատեսվող պարտավորությունները չի կատարում, ուստի տրամաբանական չէ, որ նա կշարժվի մի փաստաթղթով, որն առհասարակ չի ստորագրել։ Ասվածի լավագույն օրինակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն էր, որով պետք է զորքերը մնային իրենց զբաղեցրած դիրքերում, երաշխավորվեր Հայաստանի և Արցախի միջև անխափան կապը, ինչպես նաև բոլոր ռազմագերիները վերադարձվեին, սակայն ստորագրումից մեկ ամիս անց ակնհայտ էր, որ Բաքուն մտադիր չէ կատարել փաստաթղթի դրույթները, իսկ վերջին ագրեսիան փաստեց, որ այն փաստացի այլևս չի գործում։

Արցախի անկումից հետո Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցք»-ի թեև որոշ չափով մեղմացրել էր իր հռետորաբանությունը, հայտարարում էր, որ այլևս հետաքրքրված չէ նախագիծը ՀՀ տարածքով անցկացնելու գաղափարով, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ վերջինս ձգտում էր մեղմել միջազգային հանրության կողմից գործադրվող ճնշումները։ Հայաստանի իշխանությունները, բնականաբար, սա փորձում էին ներկայացնել որպես իրենց դիվանագիտական հաղթանակ, չնայած փորձագետների այն զգուշացումներին որ հարցը դուրս չի եկել թշնամու օրակարգից։

Հունվարի 10-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռման ջուր լցրեց այս պնդումների վրա և հերթական անգամ փաստեց, որ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցն իր օրակարգում է։ Ալիևը հայտարարեց, որ եթե «Զանգեզուրի միջանցք»-ը չբացվի, ապա իրենք մտադիր չեն ՀՀ-ի հետ այլ վայրում սահման բացել, ինչից Հայաստանն ավելի շատ վնաս կստանա, քան օգուտ։ Ադրբեջանի նախագահը պնդել էր, որ մարդիկ և բեռները Ադրբեջանից Նախիջևան Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների՝ սպառնալով, որ հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա փակուղու մեջ։

Նկատենք, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան տարածքային հավակնություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, որը, եթե հավատանք Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, ապա կարմիր գիծ է իր համար։ Ալիևի պահանջը, համաձայն որի Հայաստանի տարածքով անցնող Ադրբեջանի քաղաքացիներն ու բեռները չպետք է որևէ ստուգման ենթարկվեն, համապատասխանում է արտատարածքային միջանցքին, ինչը չնայած բազաթիվ հերքումներին թշնամին ձգտում է ամեն գնով կորզել մեր երկրից։

Ադրբեջանի նախագահը նույն հարցազրույցում նաև հայտարարել էր, որ այսպես կոչված 8 անկլավները պետք է հանձնվեն իրենց՝ սպառնալով, որ հակառակ դեպքում ՀՀ-ի հետ սահմանազատման գործընթաց չի իրականացվի։ Գրանադայի հանդիպումից հետո Արայիկ Հարությունյանը և բազմաթիվ ՔՊ-ականներ հանրությանը համոզում էին, որ անկլավների հարց առհասարակ չի քննարկվել այդ հանդիպման ընթացքում։

Այսպիսով՝ ՔՊ-ականներն ամենաբարձր մակարդակով հերթական անգամ մանիպուլացրել են հասարակությանը, իսկ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը շարունակում է մնալ թշնամու օրակարգում, որն ամեն ջանք գործադրում է, որպեսզի ՀՀ-ից կորզի այն։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»