Վերջապես հանրությունն իմացավ, թե ինչ ծրագրով է քաղաքական մրցակցության մեջ ներքաշվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մարդիկ շատ երկար էին սպասում նրա խոսքին։ Շատերը հույս ունեին, թե 2021-ի խայտառակ պարտությունից հետո նա որոշակի խմբագրումներ կանի, հանդես կգա նոր քաղաքական ծրագրերով, նոր գաղափարներով, նոր տեսլականով, ժողովրդին պարզ հասականալի ձևով կմատուցի իր խոսքը, այս անգամ կշահի առավել մեծ թվով ձայներ ու կհեռացնի Նիկոլ Փաշինյանին։
«Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է վերականգնել՝ գործընկերային, ռազմավարական, դաշնակցային»,- 4 լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանը, այնուհետև հավելել,- «Նեղացածի դիրք պետք է բռներ Ռուսաստանը՝ Պրահայում ստորագրված փաստաթղթից հետո։ Որովհետև Ռուսաստանի միջնորդական դերն այդպիսով հասցվել էր զրոյի։ Մենք դրան հասցրինք, հետո ասում ենք՝ միջնորդ եղիր Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև։ Ռուսաստանը նման մանդատ չուներ։ ԵԱՀԿ մանդատն այլ էր։ Այս ամենը մարդկանց պետք է բացատրել, խոսել մարդկանց հետ»։
Արցախի զավթումից, հայաթափումից հետո, ՀՀ-ի դեմ ագրեսիայի ժամանակ ու դրանից հետո հնարավոր չէր պատկերացնել, որ ՀՀ որևէ քաղաքական գործիչ կփորձի Ռուսաստանին արդարացնել, քանի որ ռուսների հակահայ քայլերն ակնհայտ էին, տարընթերցում չկար։ Բայց պարզվում է՝ կարող է լինել, և ոչ թե ինչ-որ սկսնակը, այլ 10 տարի պետությունը ղեկավարելու փորձառություն ունեցող Ռոբերտ Քոչարյանը կարող է արդարացնել Մոսկվայի հակահայ քայլերը, հանդես գալ նրա պաշտպանը։
Ինչո՞ւ է փորձառու քաղաքական այրն այսպիսի սխալ բան անում։ Եվ ի՞նչ հետևանք կունենա այն։
Հանրության մի մասի համոզմամբ՝ ՌԴ-ն ՀՀ անկախության, ժողովրդավարության թշնամի է։ Շատ մարդիկ համոզված են, որ Մոսկվան հայերի դեմ գործել է Բաքվի, Անկարայի հետ համաձայնեցված։ Բնակչության մեծ մասը հակված է դեպի Արևմուտք, այնտեղից ակնկալելով իրական, ազնիվ գործընկերություն, գնահատելով Արևմուտքի սկզբունքային դիրքորոշումը ՀՀ անկախության և ժողովրդավարության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության հարցերում։ Ոմանք էլ առավելապես հուզական բնությամբ են գնահատում վերջին տարիների իրադարձությունները և համոզված են, որ Ռուսաստանը Հայաստանին դավաճանեց։ Պարբերաբար անցկացվող սոցհարցումների արդյունքներն այսպիսի պատկեր են ուրվագծում։
Այս առումով՝ անհասկանալի է, թե ո՞վ կարող էր ստիպել Ռոբերտ Քոչարյանին հանդես գալու որպես Մոսկվայի շահերի պաշտպան։ Չէ՞ որ, այդպիսով՝ նա ԱԺ ընտրություններում հաղթելու որևէ շանս չի ունենա։ Նույնիսկ ռուս հայտնի հասարակական գործիչներն են խոստովանում, որ Մոսկվան դավաճանել է հայ ժողովրդին։ Ինչո՞ւ է նա ոչ համարժեք մոտեցում ցուցաբերում քաղաքական իրականությանը։
Լավատեսները կարծում են, թե Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը քաղաքական համայնքի համար չէր, այլ հայ կանանց։ Վերջիններս հաճախ են կասկածում, որ ամուսինները դավաճանում են, հավատարիմ չեն։ Այս հողի վրա ընտանիքներ են քայքայվում։ Ամուսնալուծված, չբավարարված կանայք ավելի ագրեսիվ և ոչ համարժեք վարք են դրսևորում։ Այս ամենի արդյունքում խախտվում է ներքին խաղաղությունը, տուժում է հասարակությունը, վերջնարդյունքում՝ պետությունը։ Այս առումով՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ոչ թե քաղաքական օրակարգի հարցերին պատասխաններ տալու, նոր գաղափարներ առաջ մղելու համար էր, այլ հավատարմության օրինակ էր հասցեագրված հայ կանանց։ Վերջիններս տեսնելով, թե ինչպիսի հավատարմությամբ է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ ժողովրդին դավաճանած Մոսկվային, կարող են օրինակ վերցնել և ամուսինների դավաճանության պատճառը փնտրել կանանց, այսինքն՝ իրենց մեջ։
Այսպիսով՝ Ռոբերտ Քոչարյանը ցույց տվեց, որ անպատրաստ է մտնում քաղաքական մրցապայքարի մեջ։ Չունի գաղափարներ ու ծրագրեր։ Միակ խնդիրը ձևացնելն է, թե Ռուսաստանի ազդեցության խորացման ջատագով է, առանց հաշվի առնելու, որ ՌԴ-ն չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան իրավունքները։ Արդյունքում ՔՊ-ն կունենա շատ հարմար, շատ խոցելի, ժողովրդի մեծ մասի կողմից ողջամտորեն և օբյեկտիվորեն մերժված մրցակից, որին հաղթելն առանձնակի մեծ ջանք չի պահանջի։ Եվ ամենակարևորը՝ կշահեն հայ տղամարդիկ ու երեխաները, քանի որ հայ կանայք դավաճանության հողի վրա չեն ընկճվի, չեն լքի ամուսիններին, կմնան հավատարիմ, պահպանելով հասարակության ներքին խաղաղությունը, որն այնքան կարևոր է մարտահրավերներին համերաշխորեն դիմակայելու համար։
Թաթուլ Մկրտչյան