Ոչ մի օր՝ առանց Արցախի. Նարեկ Ղահրամանյան․ Տաշկենտի գորշ կարդինալը
copy image url

Ոչ մի օր՝ առանց Արցախի. Նարեկ Ղահրամանյան․ Տաշկենտի գորշ կարդինալը

Ներքին 3 ժամ առաջ - 22:43 14-05-2025
Նախորդիվ երկու հրապարակման մեջ անդրադարձել էինք ծագումով արցախցի հայտնի ու ազդեցիկ քրեական հեղինակություններին։ Այս հրապարակման մեջ կհիշենք 80-ական թվականներին ոչ միայն Ուզբեկստանի, այլև ողջ միջին Ասիայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկին՝ 1947 թվականի մարտի 25-ին Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում ծնված, այնուհետև Բաքու, որտեղից և Տաշկենտ տեղափոխված Նարեկ Մամիկոնի Ղահրամանյանին։ Նա դասական առումով գողական չէր, այդ կյանքով, կարելի է ասել, առանձնապես չէր ապրել․ նա կատալա էր՝ թղթախաղի վիրտուոզ վարպետ, ով մեծ հարգանք էր վայելում ԽՍՀՄ ողջ տարածքի քրեական աշխարհում ու շատ բան էր արել նրա համար, և հանցագործ աշխարհի պատրիարքները՝ Ռաֆայել Բաղդասարյանը «Սվո Ռաֆը», Ռուդիկը, «Վաչկոսը», «Դաթո տաշկենտսկին» ու էլի շատ ծանր քաշայիններ նրան իրենց հավասար են համարել։

1988-ի մարտին Տաշկենտից Ստեփանակերտ վերադարձած մեկը պատմեց, որ Ուզբեկստանի մայրաքաղաք հասնելու օրը տեսել է մարդկային մի ողջ օվկիանոս՝ խմբված 5, թե 10 հազար մարդու։ Միգուցե և՝ ավելին։

-Հարցրի մի ուզբեկ տաքսիստի՝ սա ի՞նչ է, ի՞նչ է եղել։ Պատասխանեց՝ Նարեկի թաղումն է։
-Ո՞վ է Նարեկը,- հարցրի։

Արհամարհաբար ու զարմացած ուզբեկը ժպտաց․
-Դու ի՞նչ է, այս աշխարհի՞ց չես։ Այսօր Ուզբեկստանի ամենաուժեղ տղամարդկանցից մեկին են հողին հանձնում։

Հետո պիտի իմանայի, որ «Նարիկ տաշկենտսկին», հենց ում հուղարկավորումն էր այդ օրը, Ուզբեկստանի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն էր։ Նրա մասին ասում էին, որ նա Ուզբեկստանում կարող է ամեն ինչ, իսկ ԽՍՀՄ ողջ տարածքում՝ գրեթե ամեն ինչ։

Ժամանակի հետ Նարեկի ազդեցությունն ավելի ու ավելի էր ուժեղանում, նրա հետ սեղան նստելը պատիվ էր հանրապետության շատ ազդեցիկ գործիչների համար, իսկ Ուզբեկական ԽՍՀ ՊԱԿ (Պետական անվտանգության կոմիտե, КГБ) նախագահ, նույնպես արմատներով արցախցի Լևոն Մելքումովն էլ նրա մտերիմ ընկերն էր։
Նրա մասին ասում էին, որ եթե հավաքես բոլոր նրանց, ում Նարեկը լավություն է արել կամ փրկել է, մի բնակավայր կստացվի:



(ձախից առաջինը՝ «Սվո Ռաֆ», երկրորդը՝ Նարեկ Ղահրամանյան, Էջմիածին, 80-ականների կեսեր)

Արդեն սկսվել էր կոոպերատիվ շարժումը, և նախաձեռնող ու գործարար հայերը, ովքեր մինչ այդ էլ մեծ ազդեցություն ունեին Ուզբեկստանում, սկսել էին գործել բացահայտ ու գերիշխող դիրք էին ձեռք բերում տնտեսության բոլոր ոլորտներում, ու Նարեկ Ղահրամանյանն ակամա դարձել էր գործարար հայության հովանավորը (տարիներ անց նույն հոգսը կծանրանա նաև Ռուդոլֆ Օգանովի ուսերին, ով Ռուսաստանում տարատեսակ ոտնձգություններից կպաշտպանի գործարարությամբ զբաղվող՝ Ադրբեջանից գաղթած հայերին), ինչով և՝ թշնամաբար տրամադրված իշխանությունների աչքի փուշը։ Սրան գումարենք նաև այն ատելությունը, որ առաջ էր եկել Թելման Գդլյանի խմբի գործունեության արդյունքում «Բամբակի գործով» ավելի քան հազար հոգու դատապարտման հանգամանքը, և պարզ կդառնա, որ Նարեկից վրեժ լուծելու ժամանակը սարերի ետևում չէր։

1988 թվականի փետրվարի 11-ի կեսգիշերն անց Նարեկը կնոջ հետ դուրս է գալիս Տաշկենտի «Երևան» ռեստորանից, որի առջև կայանված մեքենայի մեջ սպասում էին քիլլերները․․․

Նրանք երեքն էին․ շուտով բոլորն էլ կտեղափոխվեն Իսրայել, որտեղից երկուսը կանցնեն ԱՄՆ, մեկը կմնա Իսրայելում ու կդառնա ինչ-որ քաղաքի փոխքաղաքապետը։

Նարեկից հետո հերթը հասնում է իր ընկերներին․ քիչ անց Տաշկենտի էլիտար մասում գտնվող իր ամառանոցում գնդակահարվում է Ուզբեկստանի ամենամեծ ապրանքային շուկայի՝ «Ипподром-Базар»-ի տնօրեն Աշոտ Գաբրիելյանը («Գաբա»)։ Սպանվում են նաև «Лео-тур»-ի սեփականատեր Լևոն Գասպարյանն ու կոոպերատոր Աշոտ Մանուչյանը։ Իսկ ասֆալտի մի քանի գործարանի տեր Լազր Շահբազյանն (Ուզբեկստանում նրան անվանում էին «ասֆալտի արքա»), ով նաև զբաղվում էր գունավոր մետաղների արտահանմամբ, ուղղակի լքում է Ուզբեկստանը։ Նա Նարեկի, Աշոտի ու Լևոնի ընկերն էր։

Ուզբեկստանը մեծ իրադարձությունների և՛ հանգուցալուծման, և՛ մեկնարկի շեմին էր։ Իսկ Նարեկը լուրջ գործոն էր վաղուց ու իրենցը չէր։

Նարեկի թաղմանը մի քանի տասնյակ օրենքով գող է ժամանում ԽՍՀՄ ողջ տարածքից, և տեղի է ունենում գողական մեծ սամմիտ՝ «սխոդկա», որի ժամանակ հանցագործ աշխարհի երկու պատրիարքների՝ «Սվո Ռաֆի» ու «Ռուդիկ բակինսկու» միջև ընդհարում է լինում, որը վեր է ածվում ձեռնամարտի, ինչից հետո այդ երկուսի միջև սկիզբ է դրվում անխախտ բարեկամությանն ու ընկերությանը, բայց դա, ինչպես ասում են՝ միանգամայն այլ պատմություն է։

Կարեն Միրզոյան

Շարունակելի

Նախորդ ակնարկը՝ այստեղ:


Ամենից շատ դիտված

19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
22:06 2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
21:00 Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
16:10 Մի պահ պատկերացրեք, էս տղաները վաղը ծառայելու են․ շուտով բոլոր դպրոցներն են այս վիճակում հայտնվելու
09:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Հրազդան գետն ընկած երիտասարդի մարմինը․ հայտնի է ինքնությունը