Մամուլն ազատ է մեր համառության շնորհիվ․ Անի Գևորգյան
copy image url

Մամուլն ազատ է մեր համառության շնորհիվ․ Անի Գևորգյան

Ներքին 20 ժամ առաջ - 14:26 03-05-2025
Մայիսի 3-ը Մամուլի ազատության միջազգային օրն է։

Օրվա առիթով Oragir.News-ը զրուցեց հայտնի լրագրող Անի Գևորգյանի հետ, պարզելու, թե նրա գնահատմամբ՝ այսօր Հայաստանում մամուլն ազա՞տ է, ինչպե՞ս է նա գնահատում մամուլի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը և ինչ խորհուրդ ունի սկսնակ լրագրողների համար։

Անի Գևորգյանը համոզված է՝ Հայաստանում մամուլն ազատ է, սակայն ոչ այն պատճառով, որ իշխանությունները պայմաններ են ապահովում դրա համար․

«Ես միանշանակ կասեմ՝ մամուլը ազատ է, բայց այդ ազատությունը բխում է ոչ թե իշխանությունների ընձեռած հնարավորություններից, այլ մեր՝ լրագրողների, խմբագիրների, հասարակ քաղաքացիների համառ պայքարից։ Մասնավորապես՝ վերջին տարիները ցույց տվեցին, որ մեր համառության շնորհիվ է, որ պահպանել ենք անկախ ու քննադատ դիրքորոշում»։

Նա մի շարք օրինակներ է բերում, երբ լրագրողները ենթարկվել են ֆիզիկական բռնությունների, սակայն պատկան մարմինները ոչ միայն չեն կանխել դրանք, այլև դեպքերի մեծ մասում մեղավորները մնացել են անպատիժ։ Օրինակ՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ նա ու իր օպերատորը ենթարկվել են հարձակման, սակայն մինչ օրս հանցագործները չեն հայտնաբերվել․

«Մինչ օրս հայտնի չէ՝ ո՞վ էր դրոշի կոթով ինձ հարվածած անձը։ Դա տեղի էր ունեցել ցերեկով, մարդկանց դեմքերն ակնհայտ տեսանելի էին։ Բայց մինչ այժմ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել»։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին՝ թե ազատություն է տրվում և լրագրողները չեն գնահատում տրված ազատությանը, նա ընդգծեց, որ իշխանության կողմից մամուլի հասցեին հնչող խոսքերը հստակ ազդակներ են։ Անի Գևորգյանը հիշեցրեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված արտահայտությունը, թե ԶԼՄ-ները «քիլերներ» են։ Դրանից հետո ինչպե՞ս կարող են խոսել էթիկայից․

«Սա պարզապես բառ չէ։ Երբ վարչապետը ասում է՝ լրագրողները «քիլերներ» են, հասարակության մեջ ձևավորում է ընկալում, թե նրանք սանձարձակ են, վտանգավոր։ Արդյունքում՝ լրագրողները դառնում են հարձակումների թիրախ»։

Լրագրողն անդրադարձավ նաև իշխանության՝ էթիկայի մասին կոչերին, նշելով, որ իշխանությունը էթիկայի մասին խոսելիս երկակի ստանդարտ է կիրառում, իսկ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած մարդիկ չեն կարող խոսել էթիկայից։

«Իշխանության ներկայացուցիչները, որոնք թաղապետներով բռնություն են գործադրում, լրագրողներին հորդորում են «լվանալ շուրթերը» կամ վիրավորում հրապարակային, ինչպե՞ս կարող են խոսել էթիկայից։ Թող իրենք առաջին հերթին դրսևորեն այդ էթիկան»,- ասաց նա։

Անի Գևորգյանը խորհուրդ տվեց սկսնակ լրագրողներին, որ միշտ հիշեն իրենց առաքելության կարևորությունը, հեռու մնալով իշխանության գովքը անելու գայթակղությունից, պահպանելով հավասարակշռված վերաբերմունք և մնալով պրոֆեսիոնալ, հատկապես՝ քաղաքական իրադարձությունների լուսաբանման հարցում։

«Երիտասարդ լրագրողներին խորհուրդ կտամ երբեք չմոռանալ՝ նրանք 4-րդ իշխանության ներկայացուցիչներ են։ Ոչ իշխանության, ոչ ընդդիմության համար չեն աշխատում։ Պետք է բարձրությունից նայել և չդառնալ քարոզիչ»,- ասաց նա, ապա հավելեց, որ կան լրագրողների դեմ ուղղված ֆեյքային արշավներ, ատելության խոսք ու սպառնալիքներ, որոնք հաճախ մնում են անպատիժ․

«Մեզ ասում են՝ պիտի սպանել, պիտի վառել, փողոցում բռնաբարել։ Սա ֆեյքերի միջոցով տարածվող ատելություն է, բայց պետությունն այստեղ ևս անգործ է։ Մինչ օրս որոշ դատական վճիռներ անգամ չեն իրագործվում», - եզրափակեց Անի Գևորգյանը։