Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:10 15-04-2025

Խնածախի ուղղությամբ անհասցե կրակելու պայմանավորվածություն կա՞

Հին մի ուսմունքի հետևորդների կարծիքով՝ աշխարհն այնպիսին է, ինչպիսին մարդն է այն տեսնում։ Եվ այն առարկաները, երևույթները, որոնք չի տեսնում, լսում, շոշափում՝ գոյություն չունեն։ Ներկայում էլ բազմաթիվ մարդիկ մտածում են այսպես։

Օրինակ՝ գրեթե ամեն օր ադրբեջանցիները կրակում են Սյունիքի գյուղերի ուղղությամբ։ Ապրիլի 14-ին Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոն Լյուքսեմբուրգում լրագրողների հետ ճեպազրույցում մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով։ «Հուսով եմ, որ տեղում տեղակայված եվրոպական առաքելությունը կարող է ընդլայնվել՝ այս լարվածությունը վերահսկելու և զսպելու համար։ Հիմա անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիր և ազատ արձակել կամայականորեն ձերբակալվածներին ու բանտարկվածներին»,- ասել է Բարրոն։ Որքան էլ զարմանալի է, որոշ հայ պաշտոնյաներ սահմանային լարվածություն չեն տեսնում, կրակոցները մտահոգիչ չեն համարում։

Պաշտպանության նախարարությունն ապրիլի 14-ին հաղորդագրություն էր տարածել, որ ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը: Տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- գրված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Այս հաղորդագրությունից ժամեր անց ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանի մոտ հնչող կրակոցներն ու սահմանային իրադրությունը: «Այս պահին հարաբերական կայուն է իրադրությունը․ ձեր վկայակոչած կրակոցները ոչ նշանառու, անհասցե կրակոցներ են, կարող եմ ասել՝ սակավաթիվ»,- նշել է Սարգսյանը:

ՊՆ-ն Ադրբեջանից հրապարակային պարզաբանում է ակնկալում Խնածախ գյուղի մշակույթի տունը գնդակոծելու վերաբերյալ։ Իսկ փոխնախարարն ասում է, թե «կրակոցները ոչ նշանառու, անհասցե կրակոցներ են»։ Անզեն աչքով նկատելի է, որ ՊՆ հաղորդագրությունն ու փոխնախարարի մեկնաբանությունը նույն տրամաբանության մեջ չեն։

Նախ, փոխնախարարը ի՞նչ հիմքով է հայտարարում, թե կրակոցներն անհասցե են։ Եվ չբարեկամները ՀՀ տարածքի մինչև ո՞ր հատվածը կարող են անհասցե կրակել։

Եթե փոխնախարարը միտումնավոր չի թուլացնում ՊՆ հաղորդագրությունը Խնածախի մշակույթի տան գնդակոծման մասին, և եթե չի արհամարհում իրականությունը սահմանային լարվածության մասին, ապա առաջ է գալիս վտանգավոր կասկած, ըստ որի՝ փոխնախարարը հավաստի տվյալներ ունի, թե ովքեր են անհասցե կրակում և ինչու են ոչ նշանառու կրակում, որովհետև այս իմացությամբ կարելի է պնդել, որ կրակոցներն անհասցե են ու ոչ նշանառու։ Եվ եթե այսպես է, ապա առաջ է գալիս կասկած, որ Սյունիքի սահմանային գյուղերի ուղղությամբ անհասցե և ոչ նշանառու կրակելու հարցում բարձր պայմանավորվածություն կա Նիկոլ Փաշինյանի և չբարեկամների միջև։ Մասնավորապես՝ եթե Խնածախի ուղղությամբ անհասցե կրակելու պայմանավորվածություն կա, ապա այդ պարագայում կարելի է չանհանգստանալ կրակոցներից։ Մյուս դեպքերում սահմանային բնակավայրի մոտ, բնակավայրի ուղղությամբ կրակոցները սահմանային լարվածության հայտանիշ են, ինչպես համարժեք նշում է Ֆրանիսայի ԱԳ նախարար Բարրոն։ Այլ հարց է, թե ինչո՞ւ են պայմանավորվել, որ չբարեկամները անհասցե, ոչ նշանառու կրակեն Սյունիքի գյուղերի ուղղությամբ։

Կա նաև հիմնավոր մտավախություն, որ Բաքուն կարող է առիթավորվել ՔՊ-ական պաշտոնյաների անվրդով, ջայլամային, իրականությանը ոչ համարժեք մոտեցումներից և ավելի վտանգավոր կրակոցներ արձակել հայկական բնակավայրերի ուղղությամբ, վստահ լինելով, որ նույնիսկ նշանառու կրակոցի պարագայում ՀՀ-ում կգտնվեն ՔՊ-ականներ, որոնք կապացուցեն, թե ադրբեջանցիներն անհասցե են կրակել, պատահմամբ կպել են։

Կարճ ասած՝ լավ կլինի, որ ՀՀ պաշտոնյաները գոնե Ֆրանսիայի ԱԳ նախարարի նման արձագանքեն սահմանային կրակոցներին ու ցրեն վտանգավոր կասկածները, ռեալ հույս ներշնչեն, որ խաղաղությունն, իրոք, մոտ է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին