Արցախյան շարժումը․ Բենիկ Օվչյանի քաղաքական ոդիսականը․ ադրբեջանցիների հոխորտանքը1988 թվականի փետրվարի 13-ին Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ուսանողներն իրենց բազմահազար այլ համերկրացիների հետ հավաքվել էին Վերածննդի (այն ժամանակ՝ Լենինի) հրապարակում՝ պաշտպանելու ազատ ապրելու իրենց իրավունքը։ Հետագա օրերին արդեն հանրահավաքի մասնակիցների թիվն անցավ 50 հազարից։ Շատ սրտառուչ ու ոգևորիչ էր մթնոլորտը՝ յուրաքանչյուրը, սկսած հեռավոր Չափարից ու Ջրակուսից եկածներից, վերջացրած ուսանողներով ու պաշտոնյաներով, պատրաստ ու պատրաստակամ էին ամեն ինչի ու զարգացման ցանկացած սցենարի․ ու այդ ամենը՝ կազմակերպվածության ու օրինապաշտության ամենաբարձր մակարդակում։ Հետո, այդ մասին շատ է գրվել, եղավ փետրվարի 20-ի հայտնի որոշումը, ինչից հետո սկսվեցին սադրանքները։ Թող վերամբարձ չթվա, բայց, մեծ հաշվով, հենց Ստեփանակերտի հրապարակում պայթեցին արդարության, հավասարության և իրավունքի մասին ԽՍՀՄ բոլոր փուչիկները․ անգամ Ադրբեջանի ու Մոսկվայի կողմից կազմակերպված տարատեսակ սադրանքների պարագայում արցախցիներն ամեն ինչ ամենաբարձր մակարդակով էին կազմակերպել։
Մեր ինստիտուտի ուսանողներից ամենաակտիվը, ով նաև «Կռունկի» անդամ էր (նոր սերնդի ներկայացուցիչների համար պարզաբանենք՝ «Կռունկ» կոմիտեն, երևանյան «Ղարաբաղ» կոմիտեի հետ զուգահեռաբար, ղեկավարում էր Շարժումը, համակարգողն էլ 1960-ականների Արցախյան շարժման ղեկավարներից էր՝ Արկադի Մանուչարովը), ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Սերգեյ Շահվերդյանն էր (Ս․ Շահվերդյանը՝ Զոյա Շաքարյանի՝ 60-ականներին արցախյան շարժման առաջնորդներից՝ Ստեփանակերտի քաղաքապետ Սերգեյ Շաքարյանի դստեր հետ)։
Ճիշտ է, նա այդ ժամանակ կշռում էր հազիվ 50 կիլոգրամ, բայց, գոնե, իրականում այդպես է եղել։ Հենց նա էր ուղղորդում ուսանողներին։ Հիշում եմ՝ մի օր չպետք է հանրահավաք լիներ, բայց ժողովուրդը սկսել էր հավաքվել հրապարակում։ Սերգեյն ու «Կռունկ»-ի այլ անդամներ ապարդյուն փորձում էին համոզել ժողովրդին՝ տուն գնալ։ Հետո Սերգեյն ասաց, թե պետք է հրապարակ բերել շատ հեղինակավոր մի մարդու, ով կդիմի ժողովրդին։
-Օրինակ՝ վաստակավոր դերասան Բենիկ Օվչյանին,-ասաց ու դիմեց երջանկահիշատակ բժիշկ Վալերի Մարությանի վարորդին․
-Համո՛, մաշինդ խոդ տո, քինամ ընք մին տեղ՝ կյանք։
Քիչ հետո Համոյի դեղին «Մոսկվիչ»-ով արդեն Օվչյանին հրապարակ էինք բերել։ Սերգեյն էլ արդեն ճանապարհին ամեն ինչ բացատրել էր։
Դե, Օվչյանի խոսքը հոյակապ էր ոչ միայն բեմում։
-Սիրելի ժողովու՛րդ, սիրելի հայրենակիցնե՛ր, այդպես Կոմիտեն է որոշել, առանց ձեզ ոչինչ չի որոշվելու,-ասաց։ Ու ժողովուրդն անսաց սիրված դերասանի խոսքին։ Այդպես, Բենիկ Օվչյանն արդեն ակտիվորեն ներգրավվեց Շարժմանը։
-Հնարամիտ էր,-ասացի Սերգեյին։
Ցուցամատը տնկեց ու ասաց ժպտալով․
-Как говорил генерал де Голль-обстоятельства определяют разум.
Հենց Սերգեյն է իր միջոցներով ու ջանքերով հիմնադրել Նիկոլ Դումանի տուն-թանգարանը, 2000-2001 թթ․ եղել է «Ապառաժ» թերթի խմբագիրը, իսկ 2017-ին նշանակվել է Արցախի Հանրապետության մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի ու զբոսաշրջության նախարար։
Ուսանողական շարժման ղեկավարներից էին նաև հետագայում ՊԲ մամլո ծառայության ղեկավար, գնդապետ Սենոր Հասրաթյանը, 1995-2000 թթ․ Արցախի ԱԺ պատգամավոր, իսկ 2010-20-ականներին՝ Արցախի կրթության փոխնախարար Միքայել Համբարձումյանը,

գեներալ-մայոր, «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների ասպետ Վարդան Ավետիսյանը (1988-ի փետրվարից «Արցախի ուսանողա-երիտասարդական միության» պատասխանատու քարտուղարն էր)

Հայոց ընկերվարական արցախական կուսակցության հիմնադիր Հակոբ Խաչատրյանը, ԱրՊՀ հրատարակչության տնօրեն Եղիշե Առուշանյանը, չարենցավանցի Գայանեն (ցավոք, ազգանունը չեմ հիշում)։ Հատկապես ակտիվ էին հետագայում գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Մերուժան Մոսիյանը, Հետագայում Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Նորայր Դանիելյանը (լուսանկարում՝ աջից),

Լեզվագրական ֆակուլտետի ուսանողներ Սլավիկ Հարությունյանը, Արթուր Մինասյանը, Վաղուհասի հրամանատար՝ հրաշալի Հայկ Աղաբեկյանը
Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը, Մասիս Սուլեյմանյանը, Արթուր Մոսիյանը, Աշոտ Առուշանյանը։ Պետք է ասել, որ նրանց մի մասը Շարժմանը միացավ մի փոքր ուշ՝ խորհրդային բանակից զորացրվելուց հետո։
Հայկ Աղաբեկյանի հետ լուսանկարում ձախից Լորիկ Թևանյանն է՝ Արթուր Թևանյանի եղբայրը, ով ավարտել էր Կապանի շինարարական տեխնիկումը, բայց Շարժմանը մասնակցում էր մեր ինստիտուտի ուսանողների հետ։
Լորիկը նաև փառավոր մարտական ուղի է անցել։
Իհարկե, ցուցակը չի կարող ամբողջական լինել, ես նշեցի նրանց, ում հիշում եմ։
Նաև հավելեմ, որ հետագայում սկսեցին նշել մարդկանց, ովքեր այդ օրերին ընդհանրապես չէին երևում։ Խոսքս ուսանողների մասին չէ, այլ՝ ինստիտուտի որոշ դասախոսների և վարչական աշխատողների։
Երբ սկսվեց Շարժումը, լարվածությունը հանրակացարանում հստակորեն զգացվում էր․ մերոնք սադրիչ ոչինչ չէին անում՝ դրա կարիքն ընդհանրապես չկար, բայց ադրբեջանցի ուսանողները մի տեսակ ճնշված ու վախեցած էին, զգույշ ու իներտ՝ ծայր աստիճան։ Մինչ այդ արդեն, ինչպես նշել ենք նախորդ հրապարակումներից մեկում, սկսած 1986-ից, հանրակացարանն ապրում էր հայրենասիրության շնչով, այդքանով հանդերձ, վարվելակերպում իշխողն ասպետությունն էր՝ տղաներն իրենց առյուծ էին զգում, իսկ առյուծը մկան վրա չի հարձակվում։ Այնուամենայնիվ, իրենք սադրեցին։
1988-ի փետրվարին էր, արդեն հանրահավաքներ ու երթեր էին անցկացվում։ Ադրբեջանցի տղաներն ինչ-որ մեկի ծնունդն էին նշել, ու բացառիկ դեպք էր, որ նրանց քիչ գինովցած տեսանք։ Մեջները մի հսկայամարմին՝ տիպիկ քիթմռութով մեկը կար Լաչինից, մեզնից մի քանի տարով մեծ՝ Ադալյաթ անունով։ Սա երրորդ հարկում վեճի է բռնվում մեր տղաներից մեկի հետ, քիչ-քիչ սկսում մոլեգնել Լաչինի ռուսերենով՝ հետն էլ մի ուրիշ լաչինցի՝ խիստ բարձրահասակ, որ ծառայել էր ԽՍՀՄ դեսանտային զորքերում։ Երկու կողմից մի քանի հոգի են հավաքվում՝ կռիվն անխուսափելի է կարծես։ Մեկ էլ մոտենում է ընթերցասրահից դուրս եկած Սենոր Հասրաթյանը, ով բոլորիս մեջ առանձնանում էր բացառիկ հավասարակշռվածությամբ ու խոհեմությամբ, վայելում էր բոլորի հարգանքը, միշտ իր տարիքից մեծ էր երևում ու քեֆերի սիրահար չէր։

Սենորը միանգամից վրա է քշում՝ շատ կոնկրետ՝ ի՞նչ ես լեզվիդ տալիս։ Շուռ է գալիս ու գնում՝ ասելով․ «Քեզ սպասում եմ խաղադաշտում»։ Թուրքը վախից կարկամում է ու թե՝ Սենոր, ընդամենը խոսում ենք։ Սենորը մոտենում է, բռնում սրա օձիքից ու թե՝ խոսելուցդ ուրիշ բան է երևում, տղա ես՝ արի ետևիցս ու նորից է շրջվում ու առաջանում։ Միջամտում են նաև հավաքվածները, և կոնֆլիկտը մի կերպ մարում է։
Այդ օրվանից ադրբեջանցիները ձգտում էին աչքներիս ընդհանրապես չերևալ։ Իսկ արդեն քիչ անց նրանք լքում են Ստեփանակերտը։ Հենց այն նույն՝ դեղին Ikarus հունգարական ավտոբուսներով, որ բերվել էին հենց ինստիտուտի մուտքի մոտ, որոնցից մենք չունեինք և որոնցով կես ժամը մեկ իրականացվում էին Աղդամ-Ստեփանակերտ ուղերթները։
Կարեն Միրզոյան
Շարունակելի
Ակնարկի նախորդ մասը՝ այստեղ: