Մայր Աթոռն Արցախի թեմը ձևակա՞ն է պահպանում․ 2023–ից թեմական ու ծխական խորհուրդներ չեն ձևավորվել  
copy image url

Մայր Աթոռն Արցախի թեմը ձևակա՞ն է պահպանում․ 2023–ից թեմական ու ծխական խորհուրդներ չեն ձևավորվել  

Ներքին 1 շաբաթ առաջ - 16:30 09-04-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Չնայած Արցախի Հանրապետության հայաթափումից և բռնազավթումից հետո Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը պահպանվել է, այնուամենայնիվ այն ամբողջ ծավալով չի գործում։ Մասնավորապես՝ չեն գործում Արցախի թեմին ենթակա թեմական և ծխական խորհուրդները, ինչը բարդացնում է ամբողջ թեմի գործունեությունը։

Oragir.News–ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության Կրոնի և ազգային փոքրամասնությունների բաժնի երկարամյա պետ Աշոտ Սարգսյանը հայտնեց, որ 2023 թվականին՝ Հոգևոր գերագույն խորհրդի ժամանակ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն հայտարարել է՝ Արցախի թեմը գոյություն ունի, շարունակելու է գործել, բայց որոշակի սահմանափակումներով։ Ըստ նրա՝ դա նշանակում էր, որ Արցախի թեմն իր լիազորություններն ամբողջությամբ չի օգտագործելու․


Աշոտ Սարգսյան, ԱՀ ԿԳՄՍՆ Կրոնի և ազգային փոքրամասնությունների բաժնի նախկին պետ

«Պարզվում է, որ ստեղծել են թեմական խորհուրդ, որն իր 9 պարտականություններից միայն 1–ն է կատարում՝ հոգևոր-մշակութային ժառանգության պահպանումը։ Արցախի Հանրապետության Մշակույթի նախարարությունում մենք հատուկ բաժին ունեինք, որը զբաղվում էր այդ հարցերով։ Փաստորեն ստացվում է, որ թեմական խորհուրդը հիմնականում այդ ուղղությունն ունի, և որքանով ինձ հայտնի է Վեհափառ Հայրապետի կողմից տրված է հատուկ լիազորություն՝ ատենապետին՝ պատմական գիտությունների թեկնածու Լեռնիկ Հովհաննիսյանին, և ինքն աշխարհի ցանկացած երկրի հայկական համայնքներ գնալու ու հանգանակություններ կազմակերպելու իրավունք ունի, որպեսզի այստեղ հնարավորություն ունենան Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությունը պահպանեն, ինչպես նաև համապատասխան գրականություն ստեղծեն»։

Աշոտ Սարգսյանը շեշտում է, որ անձամբ ձգտել է, որ վերականգնվեն Արցախի բոլոր շրջանների հոգևոր պատասխանատուները՝ ծխական խորհուրդները, ինչը, ցավոք սրտի, չի ստացվել։ Նա նշեց նաև, որ Արցախում ունեին 13 քահանաներ, որոնցից 5–ին Վեհափառ Հայարպետն ուղարկել է Ռուսաստան՝ ծառայության, իսկ մյուսներին՝ Հայաստանի տարբեր մարզեր, նրանք տարբեր գործառույթներ ունեն։ «Օրինակ՝ Ստեփանակերտի հոգևոր առաջնորդն այս պահին Սոլակ գյուղում է, այնտեղ է ծառայում։ Տեր Հովհաննես Քահանան Եռաբլուրում է և այլն։ Մի խոսքով՝ նրանք այստեղ Արցախի հետ գործ չունեն․ թեմերը չեն ստեղծվել, ծխերը չկան, համապատասխան աշխատանքներ չեն կատարվում»,– ասաց նա։

Oragir.News–ի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ թեմական և ծխական խորհուրդներ չեն ձևավորվել՝ Աշոտ Սարգսյանը պատասխանեց, որ դա հավանաբար պայմանավորված է Վեհափառ Հայրապետի այն հայտարարությամբ, որ Արցախի թեմի գործունեությունը սահմանափակ է լինելու։ Ըստ նրա՝ առանց այդ խորհուրդների ձևավորման Արցախցիների համախմբումը հնարավոր չէ։

«2024 թվականի հունվարին, երբ առաջին անգամ հանդիպել էինք Հանրապետության նախագահին, այս հարցը բարձրացրել եմ, ասել եմ՝ կարևորագույն խնդիրը աշխարհիկ և հոգևոր համայնքների ձևավորումն է, ինչպես նախկինում գործում էին։ Նպատակը որն է․ Արցախում խոշոր գյուղեր ունեինք՝ Հաթերքը, Վանքը և այլն, իրենք ասում են՝ բնակիչները Հայաստանով մեկ տարածված են, հնարավոր չէ համախմբել։ Այստեղ ոչ մի խնդիր չկա, գյուղապետներն իրենց բնակիչների ցուցակներն ու հեռախոսի համարներն ունեն, կարող են զանգահարել, և եթե անգամ համայնքի ղեկավարների լիազորությունների ժամկետը լրացել է, ապա դրանք Հանրապետության նախագահի հրամանագրով կարող են վերականգնվել։ Ժամանակին այդ համայնքներում եղել են նաև ծխական խորհուրդներ, որոնք այժմ պետք է սկսեն համատեղ աշխատել»,– ասաց նա՝ շեշտելով՝ առանց թեմական և ծխական խորհուրդների Արցախի թեմի պահպանումը ձևական բնույթ է կրում։

Աշոտ Սարգսյանը նշում է՝ Արցախի 173 բնակավայրում հոգևոր անվտանգության վերաբերյալ դասախոսություններ է ներկայացրել։ «Ես մեր քահանաներին ու Սրբազանին ասել եմ՝ ի՞նչն է խանգարում, որ ես անձամբ գնամ, էդ համայնքների հետ հանդիպեմ ու իրենց բացատրեմ իրենց պարտականությունները։ Ես հանդիպել եմ նաև դիվանապետին՝ Արշակ Սրբազանին, ասել, որ այդպիսի խնդիրներ ունենք, բայց տեսա, որ ոչ մեկ չի ուզում լսի։ Նույնն էլ Արարատյան թեմի առաջնորդի դեպքում, ես ցանկանում էի հանդիպել, ինքը սկզբում համաձայնեց, հետո երբ զանգեցի, ինձ պատասխանեցին, որ ինքը նպատակահարմար չի գտնում հանդիպել, մենք թեմի առաջնորդ ունենք, հարցերն իր միջոցով ուղղենք։ Ես ասացի՝ լսե՛ք, ես Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալ եմ, ուզում եմ հանդիպեմ և ներկայացնեմ Արարատյան թեմի վիճակը։ Ես թեմի 9 եկեղեցի եմ այցելել ու խորհրդանիշների առումով բոլոր տեղերում էլ թերություններ կան․ օրինակ՝ Սուրբ Սարգիս եկեղեցու սուրբ սեղանին 4 խաչ է դրված, սուրբ սեղանը Գողգոթան է նշանակում, որտեղ խաչել են Հիսուսին, Հիսուսին էլ հենց խաչն է խորհրդանշում։ Հիմա 4 Հիսո՞ւս է եղել, քահանային ասում եմ՝ զարմացած նայում է, ասում է՝ նվիրել են։ Եվ այսպես շարունակ․ մյուս եկեղեցիներում էլ բազմաթիվ նման սխալներ կան»,– եզրափակեց նա։

Oragir.News–ը Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանից փորձեց հետաքրքրվել՝ ինչո՞վ է պայմանավորված, որ 2023–ից ի վեր Արցախի թեմում թեմական ու ծխական խորհուրդներ չեն ձևավորվել, սակայն մեզ չհաջողվեց նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Եթե վերջինս ավելի ուշ կապ հաստատի, Oragir.News–ը պատրաստ է նաև իր պարզաբանումը հրապարակել։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ