Ոչ մի օր՝ առանց Արցախի․ Արցախի հազարամյա գյուղերը․ Դահրավ (3-րդ մաս)
copy image url

Ոչ մի օր՝ առանց Արցախի․ Արցախի հազարամյա գյուղերը․ Դահրավ (3-րդ մաս)

Ներքին 3 շաբաթ առաջ - 22:30 26-03-2025
Հետագա տարիներին, մինչև Երկրորդ աշխարհամարտը, Դահրավի կոլտնտեսությունը բարգավաճում և հռչակվում է որպես կազմակերպված, օրինակելի տնտեսություն: Աշխատասիրությանը գումարվում է նաև մեքենայացումը: Գյուղական չափանիշներով Դահրավի հողերն ու տարածքներն անծայրածիր էին: Զբաղվում էին հողագործությամբ՝ աշնանացան ցորեն, հաճար, կորեկ, բակլա, լոբի, սիսեռ, կտավատ աճեցնելով: Զբաղվում էին նաև մեղվապահությամբ: Դահրավի մեղրը հայտնի էր իր անմահական համով ու բուժիչ հատկություններով: Կոլտնտեսության գործունեության մեջ նշանակալի տեղ ուներ անասնապահությունը. ֆերմայում կար մոտ 400 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, կային կաթնապրանքային ֆերմա, նաև՝ խոզաբուծական ֆերմա, որտեղ դարձյալ մի քանի հարյուր խոզեր էին բուծվում: Բուծվում էին նաև ձիեր, որոնց թիվն անցնում էր 100-ից:

Այս տարիներին Դահրավի կոլտնտեսության հաջողությունների մասին է խոսում այն փաստը, որ 1939 թվականին այն իր լավագույն ապրանքատեսակներով մասնակցել է Մոսկվայի գյուղատնտեսական ցուցահանդեսին:

Երկրորդ աշխարհամարտ

1941 թվականի հունիսի 22-ին ամեն օրվա պես կոլտնտեսականները դաշտ գնացին. ոմանք խոտ էին հնձում, ոմանք թութն էին հավաքում, ոմանք էլ քաղհան էին անում: Կեսօրվան մոտ էր, երբ դաշտ մտավ մի ձիավոր, ով ուղարկվել էր կոմկուսի Ասկերանի շրջկոմից:

-Ընկերնե՛ր, ֆաշիստական Գերմանիան հարձակվել է մեր երկրի վրա,-հայտնվեց բոթը…

Երեկոյան գյուղի ակումբում հապշտապ ժողով հրավիրվեց, որի ընթացքում ելույթ ունեցողները խոսեցին հաղթանակի համար ոչինչ չխնայելու անհրաժեշտության մասին. ռազմաճակատ մեկնողները պետք է արիաբար մարտնչեին, թիկունքում մնացածներն էլ պետք է աշխատեին կրկնապատկված եռանդով:

Սկսվեց համընդհանուր զորակոչը: Մոտ 350 դահրավցիներ զինվորագրվեցին հայրենիքի պաշտպանությանը: Գյուղում նաև հանգանակություն կազմակերպվեց. ոչինչ չխնայվեց՝ պսակի մատանիներից մինչև նեղ օրվա համար պահված մի քանի ռուբլին (նշենք, որ մի քանի հոգի մինչ այդ մասնակցել էին խորհրդաֆիննական պատերազմին): Գյուղից մի քանի կանայք էլ կամավոր մեկնեցին ռազմաճակատ:

Ամեն օր փոտատար Թամարը ոտքով գնում էր հարևան Դաշպուլաղ (ներկայումս՝ Աստղաշեն)՝ փոստը բերելու: Ով նամակ էր ստանում ռազմաճակատից, ուրախությանը չափ չկար: Ոմանք էլ սև թուղթն էին ստանում...

Գյուղում մնացած դահրավցիները բառացիորեն քարից հաց էին քամում: Պարզ է, կոլտնտեսության արդյունքի մեծ մասը տրամադրվում էր ռազմաճակատին: Այս պայմաններում դահրավցիները ստիպված էին մշակել ամենաանմատչելի թվացող հողակտորն անգամ՝ լեռնային լանջին ծվարած մի քանի մետր՝ համամետաբար տանելի հատվածից մինչև անտառային փոքրիկ բացատ: Եվ սա տվեց իր արդյունքը: Մարդիկ՝ գյուղում մնացած ծերերը, կանայք, աղջիկներն ու պատանիները և՛ ռազմաճակատին էին օգնում, և իրենց կերակրում (ինչպես մնացած շատ այլ գյուղերում, Դահրավում նույնպես կանանց բրիգադ էր ստեղծվել): Ակտիվ ու անձնուրաց աշխատանքով առանձնանում էին գյուղի դպրոցահասակ պատանիները: Նրանցից ոմանք պարգևատրվեցին «1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ անձնազոհ աշխատանքի համար»,- մեդալով (медаль «За доблестный труд в Великой Отечественной войне 1941—1945 гг.» )

Վերջապես, եկավ բաղձալի, երկար սպասված հաղթանակի օրը:

1945 թվականի մայիսի 9-ին հաջորդած օրերին Դահրավում ամենուրեք սեղաններ էին բացված. մարդիկ տոնում էին հաղթանակը, որում իրենք ևս մեծ ներդրում ունեցան: Ոմանք արտասվում էին....

Երբևէ եղած պատերազմներից մեծագույնը 115 մարդու կյանք է խլում Դահրավից:

Կրծքներին շքանշանների ու մեդալների փայլով հերոս դահրավցիները վերադարձան գյուղ: Նրանցից ոմանք դեռ չէին հասցրել ապաքինվել, իսկ ոմանք էլ ընդմիշտ մնացին հաշմանդամ:

Մի քանի հոգի էլ զորացրվեցին ավելի ուշ:

Այլևս խաղաղություն էր, մարդիկ հանգիստ սրտով պատրաստվում էին նորից լծվելու խաղաղ ու ստեղծագործ աշխատանքին: Ոմանք էլ պատրաստվում էին ամուսնանալ ու վայելել գյուղական իդիլիայի շնորհած երջանկությունը:

1965 թվականին, երբ լրացավ ֆաշիզմի դեմ հաղթանակի 20-ամյակը, դահրավցիները որոշեցին պատերազմում զոհված իրենց համագյուղացիների պատվին հուշարձան կանգնեցնել: Կազմակերպվեց դրամահավաք, որին, գյուղացիներից բացի, մասնակցեցին նաև Ստեփանակերտում, Արցախի այլ բնակավայրերում և ԽՍՀՄ տարբեր ծայրերում բնակվող բազմաթիվ համագյուղացիներ: Հավաքվեց պատկառելի մի գումար՝ շուրջ 40 000 ռուբլի: Եվ Արցախում առաջիններից մեկը հենց Դահրավ գյուղում կանգնեցվեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների պատվին կառուցված հուշարձան: 6 մետր բարձրություն ունեցող այս հուշակոթողի հեղինակը քանդակագործ Ալբերտ Հարությունյանն էր:
ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐ
1949 թվականի հունիսին 13 000 հայերի աքսորեցին Ալթայի երկրամաս:

Զուլումը չշրջանցեց նաև Դահրավը: Գյուղից աքսորվեցին երեք ընտանիքներ և երկու անհատ:

-Թութն արդեն հասել էր,- վերհիշում է Աբել Սամվելյանը:

-Առավոտից տասնմեկամյա պատանիս համագյուղացի ընկերներիս հետ գյուղի նախիրը տանում էինք դեպի գյուղից վեր՝ Շնաքարին մերձակա արոտավայրերը: Հազիվ էի հասել գյուղի գերեզմաններին, երբ գյուղից լսվեցին կանանց աղիողորմ ճիչերն ու տղամարդկանց գոռում-գոչյունները: Անհանգստացած ետ եկանք գյուղ և տեսանք, որ երկու ամերիկյան «Ստուդեբեքեր» մեքենաներ են կանգնած Մարկունց Լևոնի տան մոտ (ընթերցողին պարզաբանենք, որ այդ մեքենաներն ԱՄՆ-ն «Լենդ-լիզ» կոչվող ծրագրով անհատույց տրամադրել էր ԽՍՀՄ-ին), իսկ նրանց կողքին էլ կանգնած էին մռայլադեմ ավտոմատավորներն իրենց շներով: Մի ուրիշ մեքենա էլ, նույնպես զինվորներով և շներով, տեսանք Ղրանց Արտեմի տան մոտ: Երրորդ մեքենան կանգ առավ Խաչունց Գրիգորի դռանը: Մեծերից տեղեկացանք, որ գյուղացիներից ոմանց աքսորում են, չնայած մի կարգին չէինք էլ հասկանում, թե ինչ է դա նշանակում: Լաց ու կոծ, սուգ ու շիվան: «Ու՞ր եք մեզ տանում, այ անխիղճներ»,- հուսահատ հարցնում էին կանայք:

Զինվորներն ու նրանց հետ եկած սպաները կոշտ ու կոպիտ, հայհոյելով ու հարվածելով ավտոմատի կոթով, հրահանգում էին բարձրանալ բեռնատարի թափք: Արտեմի մեծ որդին՝ Վանյան՝ 15-16 տարեկան պատանի, գյուղում չէր՝ գնացել էր Աղդամի շրջան՝ ապրանքափոխանակության (որպես անտառային գոտու բնակիչներ, մեր ունեցածը՝ կարտոֆիլ, չիր, լոբի, եզը լծելու սարքավորումներ և այլն, տանում էինք այլ բնակավայրեր և փոխանակում հացահատիկի հետ): Արտեմը խնդրում է՝ սպասեք մի քիչ, որդիս գա, հետո տարեք: Մերժում են... Վանյան մնում է գյուղում... Արտեմը հոգեկան խանգարում ունեցող մի հորաքույր ուներ՝ Լուսիկ անունով: Սրան ևս նստեցնում են «Ստուդեբեքերի» թափքում: Երբ հասնում են Եվլախ, որտեղից արդեն աքսորյալները պետք է ճանապարհը շարունակեին գնացքով, Լուսիկը փախչում է և վերադառնում գյուղ:

Աքսորվում են Լևոն Մկրտչյանի, Արտեմ Ղարայանի և Գրիգոր Սարգսյանի ընտանիքները: Ընդ որում, Լևոնին, ով տարիքն առած մարդ էր արդեն՝ 80-ին մոտ, տարել էին նրա որդու՝ Օհանի պատճառով, ով Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գերմանացիների կողմից գերևարվել էր: Իսկ Արտեմի և Գրիգորի ընտանիքներին էլ տարան այն պատճառով, որ իրենք էլ էին գերի ընկել: Ասենք, Ստալինի համապատասխան հրամանագիրը հենց այդպես էլ կոչվում էր՝ «Դավաճան ժողովուրդների արտաքսման մասին»:

Աքսորում են նաև Սաշա Հայրիյանին և Սերգեյ Խաչատրյանին, ովքեր որպես ուսուցիչ էին աշխատում Դահրավի և Բալուջայի դպրոցներում: Երկուսն էլ դեռ ամուսնացած չէին: Սերգեյ Խաչատրյանը, որպես Ֆրանսիական դիմադրության մասնակից, արժանացել է ֆրանսիական շքանշանի: Իսկ Գրիգոր Սարգսյանն էլ, ինչպես պատմում են, եղել է Ֆրանսիայի ազգային հերոս, Դիմադրության հայտնի գործիչ Միսաք Մանուշյանի խմբում:

Նրանց տանելուց միայն մի երկու ամիս անց լուր եկավ գյուղ, որ աքսորյալներին տարել են Ալթայի երկրամաս, որտեղ դահրավցի աքսորյալներն ապրում են մինչև 1955 թվականի համաներումը, ինչից հետո, 1956-ին, Գրիգոր Սարգսյանը վերադառնում է հայրենի գյուղ:

Լևոն Մկրտչյանն ու Արտեմ Ղարայանը բնակություն են հաստատում Բաքվում՝ Արաբլինկա թաղամասում: Լևոնի որդի Օհանը, ով փայտագործ էր, աշխատանքի է անցնում Բաքվի՝ Ախունդովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում: Նա շեկ էր, ինչը գերմանական գերության մեջ քիչ մնաց ճակատագրական թյուրիմացության պատճառ դառնար. նրան սկզբից հրեա էին համարել, հետո միայն հարցը պարզաբանվեց, և Օհանը փրկվեց ավելի դաժան ճակատագրից:

Աքսորավայրում Լևոնի փոքր աղջիկը՝ Սեդան, ամուսնանում է Իջևանի Լալի գյուղից (ներկայումս՝ Վազաշեն) Վոլոդյայի հետ, ով նույնպես աքսորական էր: Գրիգորի տղա Արամայիսն ամուսնանում է աքսորական Գրետայի հետ, ով Ներքին Չայլու գյուղից էր: Նրանց երկու որդիները՝ Արկադին ու Ալյոշան, ծնվում են այնտեղ՝ Ալթայի երկրամասում, իսկ Ալինան և Արշավիրը ծնվում են արդեն Դահրավ վերադառնալուց հետո:

Օհանից բացի, Լևոնը մի որդի էլ ուներ՝ Յաշան. նա աքսորավայրում ամուսնանում է Գրիգորի դստեր՝ Փառանձեմի հետ: Ինչ վերաբերում է Օհանին, ապա նա աքսորից հետո գնում է Ռուսաստանի Կիրով քաղաք, անցնում աշխատանքի և ամուսնանում մի ռուս աղջկա՝ Լոլայի հետ և վերադառնում գյուղ: Սաշա Հայրիյանն ամուսնանում է բուժքույր Թամարայի հետ: Նրանց Իգնատի որդին, ով ի տարբերություն մյուս քույրերի և եղբայրների, ծնվել էր մինչև աքսորը, ավարտում է Տամբովի գյուղատնտեսական ինստիտուտը և բնակություն հաստատում հենց Տամբովում: Հետագայում իր մոտ է տանում ծնողներին, եղբորն ու քույրերին: Իսկ քիչ ավելի ուշ Տամբով են տեղափոխվում նաև այլ դահրավցիներ: Եվ այսօր արդեն Տամբովում կա դահրավցիների համայնք:

Կարեն Միրզոյան

Շարունակելի

Ակնարկի 2-րդ մասը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված