...Երկար ժամանակ, այլ ապրանքներից և գյուղմթերքներից զատ, դահրավցիները փայտածուխ էին արտահանում. նրանց արտադրանքը տարածաշրջանում համարվում էր լավագույններից մեկը, իսկ փայտածուխ պատրաստողները հայտնի էին որպես լավագույն մասնագետներ: Պատրաստում էին ածուխը բոխի ծառատեսակից, և հենց նրանք էին փայտածուխ մատակարարում ժամանակին տարածաշրջանի ամենամեծ բնակավայրին՝ Շուշի քաղաքին, որտեղ ապրում էին այդ գործով զբաղվող մի քանի ընտանիքներ Դահրավից:
Ու երբ 1920 թվականին Շուշին ավերվում և հրկիզվում է, այնտեղ ապրող դահրավցիները վերադառնում են գյուղ և շարունակում ապրել այդտեղ: Մինչ այդ արդեն սկսվել էին արյունալի ընդհարումները հայերի և ադրբեջանցի թուրքերի միջև: Դահրավի ազգաբնակչությունն ապաստանում է հարևան Խնձրիստանին մերձակա անտառներում՝ Ցեխձորում: Հենց այդտեղ հապշտապ հյուղակներ են պատրաստում ու մի կերպ պատսպարվում:
Տղամարդիկ երկու մասի էին բաժանվել. մի մասը հսկում-պարեկում էր գյուղի շուրջը, իսկ մյուս մասն էլ մնացել էր գյուղում:
Այս ժամանակներում էր, որ ադրբեջանցիները հրդեհում են շրջակայքի գյուղերը և մոտենում Դահրավին: Գյուղում մի մարդ կար՝ դաշնակցական Մուսա Խաչատրյանը, ով հռչակավոր Թևանի զինակիցն էր: Նա շատ համարձակ, անվեհեր մարդ էր: Հայտնի էր որպես քաջ կռվող, ու արդեն վաղուց շրջակա ողջ տարածքում թնդում էր նրա անունը՝ ահուսարսափի մեջ պահելով թուրքերին: Նա իր փոքրաթիվ ջոկատով գնում ու կանգնում է Դահրավի և Բալուջայի (Այգեստան) սահմանում: Ու երբ ադրբեջանցիները տեղեկանում են, որ Մուսան իր մարդկանցով կանգնած է գյուղի սահմանին, փոխում են իրենց երթի ուղղությունը՝ դեպի Մեհթիշեն (ներկայումս՝ Լուսաձոր)-Դաշբուլաղ (ներկայումս՝ Աստղաշեն):
Այլ վայրագություններից զատ, այդ ժամանակներում թուրքերը Բալուջայում հրկիզում են Նասիբենց հայտնի տոհմի մետաքսագործարանը:
Շուտով լուր է հասնում, որ Ղարաբաղ մտած թուրքական բանակի ստորաբաժանումները մոտեցել են Ասկերանին:
Մառախլապատ առավոտ էր: Զինված տղամարդիկ տագնապի մեջ սպասում էին՝ դիմավորելու թվաքանակով իրենց մի քանի անգամ գերազանցող և շատ ավելի լավ զինված թուրքերին: Բայց այստեղ մարտական դիրքեր վարադարձած Մուսայի հետախույզը լուր է բերում. այդ տարածքում երևացել է նաև պոպոզավորների (խոսքը վերաբերվում է հայտնի՝ «բուդյոնովկա» գլխարկին, որ կրում էին կարմիրբանակայինները) բանակը...
Արդեն Ղարաբաղ էր մտել կարմիր բանակը: Թուրքերը ետ են քաշվում: Ղարաբաղում հաստատվում են խորհրդային կարգեր:
Մինչև Կովբյուրոյի՝ 1921-ի հուլիսյան հայտնի որոշումը (որով Արցախը բռնակցվեց Ադրբեջանին), բոլշևիկյան էմիսարները գալիս են գյուղ՝ զրուցելու գյուղի ակտիվի հետ: Նրանց մեջ էին նաև Բաքվից եկած՝ բարձր պաշտոններ վարող անձինք: Ասկերանում, ըստ Աբել Սամվելյանի, Ադրբեջանի վարչապետը (ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահը) անձամբ է հանդիպում տարածաշրջանի ակտիվի հետ ու հարցնում.
-Հայաստանի՞ հետ եք ուզում լինել, թե՝ Ադրբեջանի: Անմիջապես նաև հավելում է, թե Հայաստանն ընտրելու դեպքում, պիտի բնակվեք այնտեղ, բայց եթե ընտրեք Ադրբեջանը, մնալու եք այստեղ:
Այսպես, խաբելով և ահաբեկելով, ժողովրդին ծանր ընտրության և անելանելի վիճակի առաջ կանգնեցնելով՝ գյուղից-գյուղ բոլշևիկ էմիսարներն իբր ժողովրդին իրականությունը պարզաբանելու քողի տակ պարարտ հող էին նախապատրաստում Կրեմլի հետագա քայլերի համար:
Բաքվից ներկայացուցիչներ են ժամանում, ձևավորվում է հեղկոմ (հեղափոխական կոմիտե), որի նախագահն էր ծնունդով ախալցխացի Խորեն Աղաջանյանը, ով ժամանակին Ալեքսանդր Մանթաշովի բազմաթիվ ձեռնարկություններից մեկում հաշվապահ էր եղել և ամուսացած էր դահրավեցի գեղեցկուհի Վարդանուշի հետ:

Գյուղում նա բնակություն է հաստատում տարածաժրջանում հայտնի՝ ինժեներ Բախշու տանը, ով Վարդանուշի քեռին էր: Մի առավոտ, երբ սովորականի պես Խորենը շրջում էր գյուղամիջում, հանդիպում է Դահրավում իր մոլեգին վարքով ու կենսակերպով առանձնացող Կևիին (Գևորգ): Սա սկսում է Խորենին վեճի ներքաշել՝ վատաբանելով բոլշևիկներին ու ասելով, որ շուտով բոլշևիկյան ռեժիմը կտապալվի: Խորենը նախատում է Կևիին՝ գնա գործիդ, հանգիստ թող ինձ էլ, բոլշևիկներին էլ. սա էլ թե՝ իսկ դու ընդհանրապես ո՞վ ես, ես քո՛ էլ, մնացած բոլշևիկների էլ՝ մերը: Մեկ, երկու... Վեճը թեժանում է՝ վերածվելով քաշքշոցի: Մեծ լիազորություններ ունեցող հեղկոմի նախագահը հանում է մաուզերը և հենց գյուղամիջում գնդակահարում Կևիին:
Տեղական հեղկոմն անմիջապես տեղեկություն է հաղորդում գավառական հեղկոմին, որտեղից անմիջապես հրահանգ է գալիս՝ Խորենին իսկույն հասցնել Ստեփանակերտ՝ խուսափելու համար հետագա բարդացումներից և վրիժառության ակտից: Նրան ուղարկում են Ախալցխա, մի որոշ ժամանակ անց, այնտեղ են ուղարկում նաև նրա ընտանիքը:
Խորհրդային միությունում վրա են հասնում ՆԷՊ-ի (Новая экономическая политика) ժամանակները, որոնց բարերար ազդեցությունն իր վրա զգում է նաև հայկական ավանդական գյուղը: Դահրավեցին սկսում է քիչ թե շատ բարեկեցիկ ապրել: Մարդիկ ազատորեն աշխատել, արարել էին սկսել նորից: Գյուղացիներից ոմանք արդեն մինչև 30-40 գլուխ անասունի տեր էին, հարկային քաղաքականությունն էլ շատ մեղմ էր: Շուտով սկսվում է կոլեկտիվացումը: Գյուղում կուլակաթափ է արվում երեք ընտանիք, որոնք ՆԷՊ-ի ժամանակ վարձու աշխատողներ՝ բատրակներ էին պահում: Նրանցից մեկը ԼՂՀ պետական-տնտեսական հայտնի գործիչ, 2001-2004 թթ. Գյուղատնտեսության նախարար Բենիկ Բախշիյանի պապն էր ՝ Բախշի Սարգսյանը, մեկը Մոսի (Մովսես) Ղազարյանը և երրորդն էլ Պոլկ անունով մի մարդ էր:
Մինչև խորհրդային կարգերի հաստատումը, Դահրավն ուներ իր գործող եկեղեցին (1967-ին նրա տեղում ակումբ է կառուցվել), որի զանգերի ղողանջներն ամեն երեկո կանչում էին հավատավոր դահրավցիներին իրենց աղոթքն ուղղելու առ Աստված: Քահանան տեր Ղուկասն էր (մինչ այդ, շուրջ 30 տարի, գյուղի հոգևոր հովիվն էր նրա հայրը՝ մեզ արդեն ծանոթ տեր Վանեսը): Նոր կարգերի հաստատումից հետո բարեպաշտ քահանան զերծ է մնում հալածանքներից, գյուղացիներն ամեն կերպ սատարում են տեր Ղուկասին, ով գյուղի ամենալավ հնձվորն էր, մեծ անասնագլխաքանակի տեր էր, ձգտում էր օգնության հասնել յուրաքանչյուրին: Նույնիսկ պատմում են, որ երբ ծնունդի, կնունքի, հուղարկավորության առիթով մարդիկ նրան վարձ էին առաջարկում, հրաժարվում էր՝ ասելով, որ առանց այդ էլ իրենք իրեն օգնում են՝ իրենց գոյությամբ:
Սակայն խորհրդային կարգերի հաստատումից որոշ ժամանակ հետո եկեղեցին անջատվում է պետությունից: Տեր Ղուկասի գլխին ամպեր են կուտակվում, և օրերից մի օր տեղական չեկիստները հրահանգ են ստանում՝ տեր Ղուկասին հասցնել Ստեփանակերտ: Երկու հրացանավորի ուղեկցությամբ գյուղի քահանան ոտքով ուղղություն է վերցնում դեպի Ստեփանակերտ: Ճանապարհին, Մկրանի թումբի մոտ, քահանան նստում է հանգստանալու:
Հրացանավորները տեղավորվում են նրա երկու կողմերում՝ վայրկյան անգամ չկորցնելով զգոնությունը: Նկատելով ուղեկցորդ երիտասարդ զինվորների լարվածությունը՝ քահանան հանգստացնում է նրանց.
-Երեխեք, մի անհանգստացեք, ես մտադիր չեմ փախչել, մեկ է՝ ինչ որ պիտի լինի, այն էլ լինելու է: Ամեն ինչ Աստծո ձեռն է,-ասում է տեր Ղուկասը, և քիչ դադար առնելուց հետո, շարունակում ճանապարհը: Երիտասարդ չեկիստները, որ նրան լավ էին ճանաչում, գլխիկոր հետևում են նրան մինչև Ստեփանակերտ:
Այդ օրվանից էլ ոչ ոք չի տեսնում տեր Ղուկասին: Նրա, ինչպես և իր նման հազարավորների ճակատագիրն անհայտ է մնում: Նոր իշխանությունները խլում են նրա տունը՝ դարձնելով այն հեղկոմի նստավայրը:
Անծայրածիր երկրի ողջ տարածքով մեկ հիմնադրվում են կոլտնտեսություններ:
Դահրավում կոլտնտեսությունը հիմնադրվում է 1929 թվականին:
Բնականաբար, կոլտնտեսության հիմնումն ուղեկցվում էր գաղափարախոսական լուրջ արշավով, ամեն կերպ փորձ էր արվում ընդգծել, ապացուցել նրա առավելությունները՝ մենատնտեսի կարգավիճակի համեմատությամբ:
Սկզբից մի քանի հոգի են միավորվում, գործը գլուխ չէր գալիս, դժվարությունները շատ էին, իր գործն էր անում նաև թերահավատությունը: Մի պահ, նույնիսկ, կոլխոզը դադարում է գոյություն ունենալ: Բայցևայնպես, 1931-ին Դահրավում կոլտնտեսությունը վերջնականապես ձևավորվում է՝ միավորելով իր մեջ գրեթե բոլորին՝ բացառությամբ երեք հոգու: Մեկը Ղուկաս Խաչատրյանն էր, մյուսը՝ Նիկոլայ Ղարայանը և երրորդը՝ Մուխին (ազգանունը հայտնի չէ): ՆԷՊ-ից հետո սա մի տեսակ նահանջ էր, և պարզ է, որ շատերը դժկամությամբ են մտնում կոլխոզ: Աբել Սամվելյանը նշում է, որ իր տատի վկայությամբ, միայն իրենց ընտանիքը նորաստեղծ կոլտնտեսությանն է տրամադրել 12 եզ, ևս մի քանի կով:
Կոլտնտեսության առաջին նախագահն էր Ղուկաս Հայրիյանը: Հաղթանդամ մարդ էր՝ մոտ երկու մետր հասակով: Նա շատ ազնիվ, մաքուր հոգու տեր և, միաժամանակ, միամիտ մարդ էր: Որպես կոլտնտեսության ղեկավար, նրան պետությունը ձի է տրամադրում, բայց նա շրջում էր ձիու սանձը բռնած:
-Ղուկաս քեռի, ինչու՞ չես ձին նստում,-հարցնում էին հանդիպող համագյուղացիները:
-Իմ հերն ինձ համար ձի է գնե՞լ, որ նստեմ, կոլխոզինն է,-պատասխանում էր Հայրիյանը:
Նա հայտնի է, թերևս, որպես աշխարհում ամենազավեշտական դիմումի հեղինակ:
Ծանր տարիներ էին, հացը՝ սակավ: Ու կարիքի մեջ գտնվող՝ կոլտնտեսության նախագահ Ղուկաս Հայրիյանն ինքն իրեն դիմում է գրավոր.
«Դահրավի կոլտնտեսության վարչության նախագահ՝ Ղուկաս Հայրիյանին
Դահրավ գյուղի բնակիչ՝ Ղուկաս Հայրիյանից
Դիմում
Հայտնում եմ Ձեզ, որ իմ ընտանիքը գտնվում է սոցիալական ծանր պայմաններում:
Խնդրում եմ ինձ ավանսի կարգով հատկացնել երկու փութ ցորեն, երեք փութ գարի»:
Ու մակագրում է՝ ցորենը մերժել, գարին՝ տրամադրել:
Խիղճը թույլ չի տալիս ցորենի մասով համաձայնություն տալ ինքն իրեն՝ գրեթե բոլորն էին չքավոր…
Դահրավի մարդկանց և գյուղի կոլորիտի մասին ավելի առարկայական պատկերացում տալու համար, ճիշտ կլիներ, որ մի երկու խոսք ասեինք այս և հետագա տարիներին գյուղում մեծ հեղինակություն ունեցող մի քանի անհատների մասին:
Սարգիսջանանց Բախշին: Նրան ևս կուլակաթափ էին արել, ինչ է թե լավ կազմակերպիչ էր, իր տնտեսությունը լավ էր վարում և դեռ օգնում էր մյուսներին (դահրավցի Ըթեն Իսան ծերության ժամանակ ասում էր, որ եթե ինքը երբևէ լավ է ապրել, ապա դա այն ժամանակ էր, երբ ինքը բատրակ էր Բախշու մոտ): Մետաքսի ֆաբրիկա ուներ, որը բոլշևիկները պետականացրին: Նաև յուրօրինակ տրանսպորտային կազմակերպություն էր հիմնադրել ՆԷՊ-ի ժամանակ՝ 50-60 սայլերից կազմված, որը Շուշիից ապրանքը փոխադրում էր Եվլախ, այնտեղ փոխանակում այլ ապրանքներով (օճառի հումք, նավթամթերք և այլն), որոնք էլ բաշխվում էին տարածաշրջանում:
Հենց նա է կազմակերպել Լաչինի շրջանում բնակվող քրդերի՝ ֆրանսիացի կոնյակագործներին տակառների համար առաջարկվող տախտակների առաքումը (տարեց դահրավցիների հիշողության մեջ դեռ պահպանվել է ֆրանգի ճանապարհ արտահայտությունը): Բախշու հայրը՝ Սարգիսջանը, տեխնիկական վերահսկողության բաժնի (Отдел технического контроля (ОТК)) գործառույթն էր իրականացնում․ նա էր որոշում, թե տախտակներից որոնք են պիտանի և որոնք՝ խոտան: Հերթական անգամ քրդերը եզներով լծված սայլով բերել էին տախտակների հերթական խմբաքանակը:
-Սա լավն է, սա վատն է, սա բանի պետք չի, սա էլ պիտանի է, սա, ընդհանրապես, անպետք է,-ասում էր տախտակները զննող Սարգիսջանը:
Ու այստեղ նրա թոռներից մեկը՝ մանկահասակ մի երեխա, դիմում է պապին.
-Ապա՛, սա լավն է, ինչու՞ ես դրել խոտանի հետ:
-Ձենդ կտրի՛ր, լակո՛տ, բա ինչո՞վ ինչ անեմ: Այդ օրվանից այս նախադասությունը թևավոր խոսք է դառնում գյուղում:
Հայկ Խաչատրյանի հայրը՝ Հարությունը (Գյուլունց Թյունին), մաճկալ էր, նույնպես հանգիստ, մեղմաբարո մարդ: Առավոտյան եզները լծում էր ու գնում վար անելու: Մի օր երեկոյան տուն է գալիս ու կնոջը թե՝
-Հերի՛ք, պեն-մեն չկա՞:
-Թյունի, հի՞նչ բիդի ինի,-պատասխանում է կինը: Թյունին ուտում է իր թանապուրն ու պառկում քնելու:
Մյուս օրը պատմությունը կրկնվում է: Երբ երրորդ օրը Թյունու կողմից դարձյալ հնչում է նույն հարցը, կինն ասում է.
-Ա՛յ մարդ, հի՞նչ բիդի ինի՝ նույն շենն ա, նույն մարդիքը, ասե՝ պեն օնիս ասելե:
-Ինձ թվում ա, վեր մին շան տղա՝ ծիին քմակեն թխելավ բիդի կյա ու ասե՝ էս պենը (կոլտնտեսությունների ստեղծումը), ամալ չի կյամ:
Կարեն Միրզոյան
Շարունակելի
Ակնարկի 1-ին մասը՝ այստեղ: