«Անջիզում և ինքնիշխան» Նիկոլը․ ինչ է զիջել Հայաստանը Փաշինյանի կառավարման օրոք
copy image url

«Անջիզում և ինքնիշխան» Նիկոլը․ ինչ է զիջել Հայաստանը Փաշինյանի կառավարման օրոք

Ներքին 2 ամիս առաջ - 15:30 24-03-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իր կառավարման օրոք Հայաստանը ոչ միայն ոչինչ չի զիջել, այլև հակառակը՝ դարձել է շատ ավելի անկախ ու ինքնիշխան երկիր։ Կառավարության ղեկավարը նման տեսակետ հայտնեց օրերս՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ հակադարձելով իրեն ուղղված մեղադրանքներին ու քննադատություններին։

Նմանատիպ քարոզչական թեզերը դաշտ նետելով՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները հանրությանը փորձում են վստահեցնել, որ իրենք ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից ոչինչ չեն զիջել, իսկ Ադրբեջանին հանձնված տարածքները երբեք էլ Հայաստանին չեն պատկանել։ Ասվածի վկայությունը նույն հարցազրույցում Փաշինյանի հնչեցրած այն պնդումն էր, որ հակամարտության ողջ ընթացքում միջազգային հանրությունն Արցախը փաստաթղթավորված ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։ Այս հայտարարությամբ նա ակնարկում էր, որ Արցախը ոչ թե հանձնվել է, այլ Ադրբեջանը «վերադարձրել է իրեն պատկանող տարածքը»։ Նույն տրամաբանության մեջ է տեղավորվում նախորդ տարի գարնանը Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերի հանձնումը Ադրբեջանին, որն օրվա իշխանությունը հանրությանը որպես հաղթանակ էր մատացում։

Թեպետ քաղաքագիտական նոնսենս է, երբ պատերազմում ջախջախիչ պարտություն կրած և օկուպացված տարածքներ ունեցող պետության ղեկավարը խոսում է ոչինչ չզիջելու և ինքնիշխանությունը մեծացնելու մասին, այնուամենայնիվ փորձենք հասկանալ, թե ինչ է զիջել Նիկոլ Փաշինյանը՝ իր կառավարման 7 տարիների ընթացքում․

Նիկոլ Փաշինյանի առաջին զիջումն Ադրբեջանին, որի նախագահին այն ժամանակ կիրթ ու կառուցողական էր համարում, 2018 թվականին էր՝ իշխանափոխության առաջին ամիսներն։ Դեռևս 2014-2016 թվականների սահմանային բախումների ժամանակ հայկական զինուժը Նախիջևանի ուղղությամբ զգալիորեն բարելավել էր իր դիրքերը և նոր տարածքներ վերցրել իր վերահսկողության տակ, սակայն այն ժամանակվա իշխանությունները այդ զարգացումները «նոր Սարդարապատ» չէին հռչակել՝ իրավիճակի հետագա սրումից խուսափլու նպատակով։ Փաշինյանի իշխանության առաջին ամիսներին՝ 2018-ի մայիս-հունիսին, ադրբեջանական զինուժը առաջ է տվել իր դիրքերը և վերակագնել կորցրածը, իսկ հայկական զինուժը պատշաճ դիմադրություն չի ցուցաբերել թշնամուն։

Թվում է, թե 2019 թվականը Նիկոլ Փաշինյանի կառավարման միակ խաղաղ տարին էր, սակայն հենց այդ տարում հնչեցին Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» և Դավիթ Տոնոյանի «նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտնի ամպագորգոռ հայտարարությունները, որոնք, ըստ էության անխուսափելի դարձրեցին Արցախյան 44-օրյա պատերազմը, ինչպես նաև թույլ տվեցին Ալիևին լեգիտիմացնել Արցախում ուժի կիրառումը և պատասխանատվության չենթարկվել իր պատերազմական հանցագործությունների համար։ Պատերազմի և դրա հետևանքով ստորագրված եռակողմ հայտարարության հետևանքով հայկական երկրորդ հանրապետության տարածքի ավելի քան երեք քառորդը անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, որն ընդամենը 1 տարի առաջ նա հռչակել էր որպես Հայաստանի մաս։ Նույն օրերին Փաշինյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանին դիմում էր որպես «Արցախի մարզպետ»։ Բացի այդ, Փաշինյանի ստորագրած նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը վտանգեց նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, թշնամին այն սկսեց մեկնաբանել որպես «Զանգեզուրի միջանցք»-ի տրամադրում, իսկ հայկական կողմին առ այսօր չի հաջողվել շրջանցել դրա կատարումը՝ անգամ Արցախի լիակատար հայաթափումից ու բռնազավթումից հետո։

44-օրյա պատերազմից ամիսներ անց՝ 2021-ի մայիսին, ադրբեջանական զորքերը մի քանի ուղղություններով ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, որտեղից առ այսօր չեն հեռացել։ Այս օրերին, երբ միջազգային հանրությունը հստակ դատապարտում էր ադրբեջանական զորքերի ներխուժումը, Նիկոլ Փաշինյանը զբաղված էր նախընտրական քարոզարշավով, Ադրբեջանին առաջարկում էր զորքերը հայելային կերպով հետ քաշել սահմանին, իսկ մի առիթով էլ հայտարարեց, որ Հայաստանը Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չի սկսելու։ Ադրբեջանը ոչ միայն չընդունեց զորքերը հայելային կերպով հետ քաշելու ու առաջարկը, այլև 2021-ի նոյեմբերին, 2022-ի սեպտեմբերին ու 2023-ի ապրիլին Հայաստանից նոր տարածքներ օկուպացրեց և այս պահի դրությամբ ՀՀ միջազգայնորեն ճանաչված 29․743 քառակուսի կմ տարածքի ավելի քան 200 քառակուսի կմ-ն օկուպացված է։ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանը մտադիր չէ իր օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնել, որը, մասնագետների գնահատմամբ, օկուպացիան լեգիտմացնելու ու ՀՀ-ից նոր տարածքներ օկուպացնելու հրավեր է։

2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի հայկական մնացած հատվածն էլ հայաթափվեց ու բռնազավթվեց, իսկ Հայաստանը ոչ մի կերպ չմիջամտեց Արցախում տեղի ունեցող ցեղասպանությանը։ ՀՀ իշխանությունների պահվածքը զարմացրել էր անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով ագրեսիայի հաջորդ օրը հայտարարել էր, որ «Հայաստանն անսպասելիորեն քաղաքական կոմպետենտություն է դրսևորել»։ Այս շրջանում Հայաստանի իշխանությունները հանրությանը հույս էին ներշնչում, որ վերջապես Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու հնարավորություն է ընձեռնվել, անգամ նույն թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում ստորագրված հայտարարությունը, որին Ադրբեջանի նախագահը չէր միացել, ներկայացնում էին որպես դիվանագիտական հաղթանակ, պնդում՝ խաղաղության հաստատումը մոտ է։

Իշխանականների ուրախությունը այս անգամ էլ կարճ տևեց․ 2024-ի մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանն Ադրբեջանին հանձնեց Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերը, ինչից հետո ևս Բաքուն կառուցողական մոտեցում չցուցաբերեց ու շարունակեց տորպեդահարել խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը։ Վերջին օրերին, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանը բավարարել է Ադրբեջանի հերթական պահանջները և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ավարտվել են, Ադրբեջանը շարունակաբար Հայաստանին մեղադրում է հրադադրի ռեժիմը խախտելու մեջ՝ փորձելով լեգիտիմացնել իր էսկալացիոն մտադրությունները։

Նկատենք, որ Ադրբեջանին կատարված զիջումներն այսքանով էլ չեն սահմանափակվում և Ալիևը մտադիր չէ ստորագրել Նիկոլ Փաշինյանի համար այդքան բաղձալի խաղաղության պայմանագիրը։ Առաջիկայում Հայաստանն Ադրբեջանի պահանջով հետ է քաշելու միջազգային հարթակներում այդ երկրի դեմ ներկայացված բոլոր հայցերը, փոխելու է իր Սահմանադրությունը, լուծարելու է Մինսկի խումբը՝ վերջնականապես հրաժարվելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից։ Փորձագետներն ու վերլուծաբանները գրեթե միակարծիք են, որ անգամ այսքանից հետո Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր չի ստորագրելու և նոր պահաջներ է առաք քաշելու։

Այսպիսով՝ սրանք Նիկոլ Փաշինյանի կողմից միայն Ադրբեջանին կատարված և կատարվելիք զիջումներն էին, որոնք ոչ միայն Հայաստանի համար խաղաղություն ու կայուն զարգացում չեն երաշխավորելու, այլև ավելի են մոտեցնելու նոր պատերազմը։

Նկատենք նաև, որ Փաշինյանը զիջումներ է կատարել ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Թուրքիային, որոնցից ամենաշոշափելին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու պահանջատիրության գործընթացից հրաժարումն էր, որոնց ևս առաջիկայում հանգամանորեն կանդրադանան...

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:52 Չէ՞ որ պետք է շեֆին գոհացնել․ ՔՊ-ականին վշտացրել է Վերջին զանգի ժամանակ Արցախին անդրադարձը
18:48 Տիգրանի դեպքից հետո երեխեքին գետին մոտ չեն թողնում․ Մարմարիկում սուգ է
18:32 Դերասաններ Մարիամ Հովհաննիսյանն ու Տիգրան Մնացականյանը պարզել են 2-րդ երեխայի սեռը
18:17 Մինչ ինձ նվաստացնում էին, ես զբաղված էի գործով՝ իմ երկրի, հայրենիքի, ժողովրդի և պետության համար․ Աննա Հակոբյան
16:00 Հասարակությունը բաժանում են հարուստների և աղքատների. հերոսի մայրը՝ զինծառայության օրինագծի մասին
17:34 16-ամյա աղջիկներ են մահացել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում քառանիվի ինքնավթարից
20:22 Թուրքիայում խուճապ է. Հնդկաստանի բոյկոտի պատճառով երկիրը կարող է 400 մլն դոլար կորցնել
14:04 ԿԳՄՍՆ-ի հանկարծակի որոշումը, Նալբանդյանի կասկածելի գործարքները, Քոչարյանը մեկնել է Մոսկվա, փնտրվում է թեկնածու․ Մամուլ
19:04 Թաիլանդում ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել
14:53 Փաշինյանի սրտի բլոգեր «222 lava»-ի 109 մլն դրամ տուգանքը կասեցվել է