Սրբազանը ճիշտ էր՝ ես սխալվեցի. ովքե՞ր կմիավորվեն նրա դրոշի տակ
copy image url

Սրբազանը ճիշտ էր՝ ես սխալվեցի. ովքե՞ր կմիավորվեն նրա դրոշի տակ

Ներքին 3 ժամ առաջ - 16:00 09-07-2025
Բագրատ սրբազանի՝ բանտից հղած ուղերձները քաղաքական ընդգծված համատեքստ ունեն, որոնք մեծ մասամբ՝ միտված են հանրության համախմբմանը։

«Սիրելիներ, այժմ այլևս վաղուց ժամանակը չէ վերլուծությունների, փորձագիտական մեկնաբանությունների, քաղաքական և այլ տարբերությունների։ Մեկ կողմ թողեք ամեն բան և միավորվեք հանուն Հայաստանի, հանուն պատվի և արժանապատվության, հանուն մեր նահատակների, հանուն մեր տառապանքների, հանուն մեր երազների և իղձերի, որոնք ավելի մեծ են քան մեր ժամանակավոր կյանքի սահմանափակ օրերը։ Հաղթանակն այլընտրանք չունի…»,- գրված է Բագրատ սրբազանի՝ հուլիսի 7-ին տարածված ուղերձում։

Ովքե՞ր կմիավորվեն Բագրատ սրբազանի դրոշի ներքո։

Անցյալ տարի կանխատեսում կար, թե գալիք խորհրդարանում ընդդիմության նիշան զբաղեցնելու է Բագրատ սրբազանի շուրջ միավորված նոր մի ուժ։ Այս կանխատեսումն ուներ սուբյեկտիվ և օբյեկտիվ հիմքեր։ Խորհրդարանական ընդդիմության առաջնորդները մի քանի անգամ ակնարկել էին, որ քաղաքական հավակնություն չունեն։ Նրանց օրինաչափորեն ճնշում էին 2021-ի պարտությունը և մտավախությունը, որ նույն պատճառով կարող են պարտվել նաև 2026-ին։ Նախկինները նաև խոցելի են, նախկինում գործած սխալների պատճառով։

Բագրատ սրբազանին չեն կարող ներկայացնել որպես նախկին իշխանություն, նրան վերագրել նախկինների մեղքերը։ Դրա արդյունքում՝ ՔՊ-ական խոսույթը կթուլանա, քանի որ այն հիմնված է նախկիններին հասցեագրված ցածրակարգ քննադատության վրա։ Այս հիմքերով էր կանխատեսվում, որ 2026-ին Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ նոր ուժ է մտնելու խորհրդարան։

Ներկայումս իրավիճակը փոխվել է։ Փաշինյանի և Պուտինի համատեղ ջանքերով քաղաքականության մեջ է ներքաշվել Սամվել Կարապետյանը, որի շուրջ առաջիկայում կհամախմբվի ռուսամետ սեգմենտի մի մասը։ Սակայն երկու ուժերի ներկայությունը խորհրդարանում բավարար չէ։ Սահմանադրությունը պահանջում է երրորդ ուժի ներկայություն նույնիսկ այն դեպքում, երբ նա չի հաղթահարել շեմը։ Այս հաշվի առնելով, ՔՊ-ական իշխանությունը մեկ տարվա վաղեմության գաղտնալսումների հիմքով կալանավորեց ու խաղի մեջ ներքաշեց նաև Բագրատ սրբազանին, այն հույսով, որ վերջինս ևս ռուսամետ դրոշով հանդես կգա։

ՔՊ-ականներն ասում են, որ ներկայիս խորհրդրանական ընդդիմությունը նվեր է իրենց համար։ Այսպիսի դասավորությունը նոր բան չէ։ 2003-ից սկսած՝ տիտղոսավոր ընդդիմությունը վառ ռուսամետ է։ Բացառություն էր 2017-ին, երբ առերևույթ ոչ ռուսական դիրքորոշում արտահայտող «Ելքը» մի քանի հոգով անցավ ԱԺ։ Այս շրջանում Փաշինյանն առաջարկում էր Հայաստանը դուրս բերել ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից։ Տրամաբանական կասկած կա, որ եթե «Ելքը» ռուսամետ դիրքորոշումներով մտներ ԱԺ, ապա Սերժ Սարգսյանը Փաշինյանին չէր կարող հանձնել իշխանությունը։ Այս ամենը հաշվի առնելով, Փաշինյանը ջանք է գործադրում, որ 2026-ին խորհրդրանում հայտնվեն միայն ռուսական շահեր սպասարկող ուժեր։

Փաշինյանի այս պլանները կարող է խափանել Բագրատ սրբազանը։ Նա կարող է հանդես գալ որպես անկախության և ժողովրդավարության ջատագով, հետագա ուղերձներում շեշտ դնել արևմտյան արժեքների վրա, ընդգծելով, որ հաղթելու պարագայում Փաշինյանի նման չի դառնալու ֆորպոստի վարչապետ, այլ առաջին հերթին Հայաստանն իրապես դուրս է բերելու ռուսական ազդեցության գոտուց, իսկ Փաշինյանին պատասխանատվության է ենթարկելու ազգային շահերը Կրեմլի շահերին ստորադասելու համար։ Եթե այսպիսի ուղեգիծ ընտրի Բագրատ սրբազանը, ապա նրա դրոշի տակ, հավանաբար, կմիավորվեն անկախական ու ժողովրդավարական ուժերը, և հնարավոր է, որ այս պարագայում Փաշինյանը կզիջի իշխանությունն, ասելով՝ «Սրբազանը ճիշտ էր, ես սխալվեցի»։

Իսկ եթե Սրբազանն իր կողքին տեղ տա ռուսամետ գործիչներին ու խոստանա, որ Նիկոլ Փաշինյանին հաղթելուց հետո ռուսամետ կուրս է վարելու, ապա իր շուրջ կհամախմբվի ռուսասեր այն սեգմենտը, որը տեղ չի գտնի Սամվել Կարապետյանի դրոշի տակ։ Արդյունքում՝ ռուսամետ երկու ուժեր կհայտնվեն ԱԺ-ում, համալրելով ընդդիմադիր նիշան։ Այսինքն՝ ոչինչ չի փոխվի։

Կարճ ասած՝ ժամանակն է հաշվի առնել ձախողումների փորձն ու հասկանալ, որ ռուսամետներով իշխանափոխություն հնարավոր չէ։ ԱԺ-ում ռուսամետ ընդդիմությունն ամրացնելու և լկտիացնելու է Փաշինյանի իշխանությունը, ինչպես եղել է նախընթաց 7 տարիներին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:00 ԱԱԾ-ին հասու դարձած գաղտնի ինֆորմացիան հրապարակելը հանցագործություն է. Միքայել Համբարձումյան
10:55 Վիրավորներից մեկը փոխգնդապետ է, մի քանիսի վիճակը ծանր է․ նոր մանրամասներ՝ ՊՆ զորամասի պայթյունից
16:30 Միակ տղային քառօրյա պատերազմի ժամանակ էր կորցրել․ նոր մանրամասներ՝ Ծաղկահովիտի ողբերգական վթարից
23:58 Արման Ծառուկյանի հարվածից հետո մարզիչը դուրս է ընկել օկտագոնից
22:18 Ամուր պահեք կապը Եկեղեցու և հայրենիքի հետ՝ անխաթար պահպանելու ինքնությունը. կաթողիկոսը՝ սփյուռքահայերին
23:01 Գրոհելով Վեհարանը, ձերբակալելով Կաթողիկոսին՝ արժանանալու եք Աստծո ահեղ դատաստանին
22:53 Ամոթ է մեր սիրելի Հայրենիքում ստեղծված ապազգային մթնոլորտը, վե՛րջ տվեք․ Արամ Ա-ի ուղերձը
20:17 Պետք է դիմահար կրակոցով ոչնչացնեին․ Արսեն Թորոսյանի բռնության կոչը
21:25 Նիկոլի թիմակիցները դատարկություն են. հեռացրու նրանցից Փաշինյանի հովանին՝ զրո կդառնան
19:54 Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին․ Ալեն Սիմոնյան