Քաղաքական կրթվածությունը իրական խնդիր է պետությունն ու ժողովրդին քաղաքական գործիչների աղետալի սխաներից պաշտպանելու համար։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է խոստովանել, որ նախընթաց տարիներին իր աղետալի սխալների մի մասը քաղաքական սակավակրթության ուղղակի հետևանք է եղել։ Այսինքն՝ եթե քաղաքականություն որոշողները անհրաժեշտ գիտելիք ունենային, ապա գուցե պետությունն ու ժողովուրդն այսքան չտուժեին։ Այս առումով՝ հանրության շրջանում անցյալ տարի հույս արթնացավ, որ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» արշավը կուղղվի քաղաքականություն որոշողների կրթական մակարդակը բարձրացնելուն։
Մարտի 15-ին Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքի առաջին հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը բանախոսություն կարդաց, ընդգծեց տարբեր ոլորտներում կրթվելու, մասնագիտանալու, հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտությունը ոչ միայն պարզապես կրթվելու, այլ նաև «իմանալ՝ ինչպես» սկզբունքով գործելու տեսանկյունից։ Իսկ ապրիլի 27-ին Փաշինյանը «Իմանալ՝ ինչպես» շարքի 2-րդ բանախոսությունն է կարդալու։
Ի՞նչ է «Իմանալ՝ ինչպեսը», և ժողովուրդն ի՞նչ կարող է ակնկալել նրա բանախոսությունից։
«Իմանալ՝ ինչպեսը» (անգլերեն՝ know how) սկզբունք է, երբ կրթվողին մատուցվում է ոչ թե նկարագրային, այլ ընթացակարգային գիտելիք։ Նկարագրային գիտելիքի օրինակ է՝ «ես գիտեմ, որ մածունը սպիտակ է», կամ «ես գիտեմ, որ բարիք ստեղծելը բոլոր աշխատողների առաքելությունն է»։ Իսկ ընթացակարգային կամ կիրառելի գիտելիքի, այսինքն՝ know how-ի օրինակ է՝ «ես գիտեմ, թե ինչպես խորոված պատրաստել», կամ «ես գիտեմ՝ ինչպես հաղթել ՏԻՄ ընտրություններում»։ Ընթացակարգային գիտելիքներում ընդհանուր է «գիտեմ՝ ինչպեսը»։ Know how-ների մեծ մասը հետաքրքիր են առանձին խումբ մարդկանց համար։ Օրինակ՝ ընտրություններում հաղթել իմանալը հետաքրքիր է քաղաքական գործիչների, քաղաքական գործնական հետաքրքրություններ ունեցողների համար։
7 տարի կառավարող Փաշինյանը, ենթադրաբար, կիրառելի, ընթացակարգային շատ գիտելիք է ձեռք բերել։ Եվ եթե նա ուզենա կիսվել իր know how-ներ-ով, ապա քաղաքական գործիչների համար, թերևս՝ ուսանելի կլինի, թե վարչապետը, բազմաթիվ սխալների միջով անցնելով, ի՞նչ կիրառելի գիտելիք կարող է փոխանցել այսօրվա ու վաղվա քաղաքականություն որոշողներին։
Օրինակ՝ նա մինչև 2020-ի նոյեմբերի 9-ը չգիտեր, թե ինպես պարտվել պատերազմում ու նվաստացուցիչ, աղետալի թուղթ ստորագրել։ Հիմա նա գիտի՝ ինչպես։ Այս know how-ն կիրառվե՞լ է հայ-ադրբեջանական բանակցություններում։
Մինչև 2021-ի հունիսի 20-ն էլ նա չէր պատկերացնում, որ պատերազմում պարտված, Արցախը թշնամիներին հանձնած քաղաքական առաջնորդը կարող է վերընտրվել։ Հանրության մի մասը հիշում է նրա անկատար խոստումները։ Շատերը չեն կարողանում պատկերացնել, թե ինչպես է հնարավոր չկատարել ժողովրդին տված խոստումը, հետո ուղիղ նայել նրա աչքերին, դարձյալ քվե ակնկալել ուստանալ։ Սրա համար առանձնակի know how էր պահանջվում։ Փաշինյանը այս մակարդակը հաղթահարել է։ Հիմա նա գիտի՝ ինչպես։
Եթե ապրիլի 27-ին նա իր պաշարած կիրառելի գիտելիքի մասին չխոսի, ապա քաղաքական մրցակիցներն իրավունք կունենան ասելու, որ նա հեծանիվ քշելուց, ամանորյա հնացած մսամթերքով ձվածեղ պատրաստելուց, քաղաքային տրանսպորտում վալիդատորից օգտվելուց զատ՝ կիրառելի այլ գիտելիք չունի, որով կարող է, առանց վատ զգալու՝ կիսվել թիմակիցների, մրցակիցների, ժողովրդի հետ։
Պարզ ասած՝ որպեսզի չկրկնվի մարտի 15-ի առաջին դասախոսության տխուր պատկերը, երբ դահլիճը կիսադատարկ էր, ներկաների մի մասն էլ ականջակալով այլ բան էր լսում, ապա արշավի կազմակերպիչները կարող են անոնսել, որ ապրիլի 27-ին Փաշինյանը կիսվելու է իր կիրառական գիտելիքով, այն know how-ներով, որոնք ձեռք է բերել փորձով, սխալվելով։ Եթե այսպես լինի՝ դահլիճը կլցվի, հանրային լայն արձագանք կլինի, «Իմ քայլի» միջոցներն անիմաստ չեն փոշիացվի։ Իսկ եթե նա կցկտուր հատվածներ վերապատմի խելացի գրքերից, ապա ստիպված են լինելու բանախոսության ունկնդիրներին ներգրավել փողով կամ հարկադրաբար, ինչը ժամանակի և ռեսուրսի անիմաստ վատնում կլինի, օգուտ չի տա քաղաքական համայնքին, չի նպաստի քաղաքական համակարգի առաջընթացին, չի պաշտպանի պետությունն ու ժողովրդին աղետալի սխալների կրկնությունից։
Թաթուլ Մկրտչյան