Ուղիղ եթեր
Խորենացին և Աննա Հակոբյանը. ամոթանք պատմության խորքից
copy image url

Խորենացին և Աննա Հակոբյանը. ամոթանք պատմության խորքից

Միտք Ներքին 1 ամիս առաջ - 09:00 26-02-2025
Ուրախալի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը պատմություն է կարդում։ Փետրվարի 25-ին նա մի քանի տող է մեջբերել Մովսես Խորենացու «Ողբ»-ից՝ «...Որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը»։

Վարչապետի կինը ընդգծում է, որ Խորենացու խոսքերը դարերի խորքից հնչում են նույնքան թարմ, որքան իրենց գրության պահին։ Ինչո՞ւ է նա կարծում, որ այս խոսքերը թարմ են, ի՞նչ ընդհանրություն կա Խորենացու նկարագրածի և այսօրվա միջև։ Եվ ի՞նչ ավանդ ունի ՔՊ-ական իշխանությունը Խորենացու ողբերգական տեսարանների կրկնման գործում։

Ներքին խաղաղությունը վրդովվեց Թավշյա հեղափոխությամբ։ Ատելության խոսույթը, սև-սպիտակի, նախկին-ներկայի բաժանումները, ժողովրդի հանդեպ անթաքույց արհամարհանքը, քաղաքացու վրա թքելը, ասֆալտին փռելը ավելի խռովեցին ներքին անդորրը։ Ժողովրդին առանձնակի վրդովվեցնում են Արարատ լեռան, Ցեղասպանության վերաբերյալ ՔՊ-ականների անզգույշ կամ սադրիչ ելույթները։ Տպավորություն է, թե ՔՊ-ն ամեն առիթ օգտագործում է հասարակությունն ավելի բևեռացնելու, լարվածություն առաջացնելու, մարդկանց վրդովվեցնելու համար։ ՔՊ-ի սխալ քաղաքականության արդյունքում եղավ պատերազմ, պարտություներ ու կորուստներ։ Ներկայում ՔՊ-ն ջանք չի գործադրում ներքին խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Իսկ տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում նրա ջանքերն արդյունք չեն տալիս։

Խորենացու «Ողբը» գրելու ժամանակ Հայաստանն անկախ չէր, այսինքն՝ հայոց թագավոր չկար։ Քահանաների, եկեղեցու, հոգևոր իշխանության իրավունքները ևս սահմանափակվել էին զավթիչների կողմից։ Այսօր ՀՀ-ն անկախ, ժողովրդավարական պետություն է։ Բայց ՔՊ-ական իշխանությունը եկեղեցու, քահանայի հանդեպ անհարգալից վերաբերմունք է դրսևորում, արժեքների սերմանման ու պաշտպանության, ժողովրդին առաքինության ու խաղաղության մեջ պահելու հարցերում եկեղեցու հետ արդյունավետ չի համագործակցում։

Դպրոցական դասագրքերի կազմման հարցում ՔՊ-ի անպատասխանատու մոտեցումը, դրանցում տեղ գտած վրդովվեցնող սխալները, ուսուցիչների ցածր աշխատավարձը, նրանց հանդեպ անբավարար ուշադրությունը նույնպես կարելի է ողբալի համարել և նմանեցնել Խորենացու ժամանակների իրավիճակին։

Ներկայում պաշտոնյաների ապօրինությունները, քաղաքացու, ժողովրդի իրավունքների դեմ պայքարի դրվագները, ընդդիմախոսների հետապնդումները, օրենքի, կարգի, նորմի, արժեքների տարընթերցումները մտահոգություն են առաջացնում, որ օրենքի, դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքը կարող է դառնալ նորմալ։ Այսինքն՝ կարմատավորվի անկարգությունը, ինչպես գրված է Խորենացու «Ողբ»-ում։

ՔՊ-ականների մի մասն աչքի է ընկնում նաև քաղաքական տգիտությամբ։ Անձամբ Նիկոլ Փաշինյանը մի քանի առիթով խոստովանել է, որ 2018-2022-ին թույլ տված աղետալի սխալների մի մասի պատճառը եղել է քաղաքական անիրազեկությունը, տգիտությունը։ Պատկերավոր ասած՝ 2018-ին «տգիտությամբ հիմնավորվեց չարափառությունը»։ Քաղաքականություն որոշողները մերժում էին քաղաքական իրականությունը, ճշմարտությունը, անտեսում ազգային շահերը, արժեքները, մերժում Արևմուտքի մեկնած ձեռքն ու ապավինում Ռուսաստանին, ողջամիտ և հաշվենկատ դիրքորոշումների փոխարեն արկածախնդիր և ռիսկային քայլեր էին անում և այլն։

Ֆատալիստական տեսակետ կա, թե ՔՊ-ական իշխանության գործած սխալների մեջ մեղքի բաժին ունի Մովսես Խորենացին։ Ասում են, թե Խորենացին ոչ թե «Ողբ» է գրել, այլ ճակատագիր, որն անվերջ կրկնվում է հին ու խազած վինիլի պես։ Այս առումով՝ ճիշտ է Աննա Հակոբյանը, կարծելով, թե «կրթվելը պետք է լինի այս շղթան կոտրելու ուղին»։ Այո՛, այս շղթան կարող է կոտրվել, երբ «Ողբը» դիտարկվի որպես պատմության խորքից ամոթանք ապաշնորհ, տգետ, անկարգ, անպատասխանատու իշխանություններին, տվյալ դեպքում՝ ՔՊ-ին։ Այսինքն՝ երբ քաղաքական գործիչները կարդան, հանգամանալից ու հիմնավորապես քննադատեն «Ողբը» ու ժողովրդին հասկանալի լեզվով բացատրեն Խորենացու դարավոր ուղերձը, ապա հույս կա, որ «Ողբը» էլ չի կրկնվի, ՔՊ-ն կամ նրա նման ուժը չի ստանա ընտրողի քվեն, քաղաքական առաջնորդը չի գործի աղետալի սխալներ, և խաղաղություն կլինի մեր հասարակության մեջ և մեր պետության սահմաններին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն