Նախորդ շաբաթ Հայաստանը և Միացյալ Նահանգները արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն ստորագրեցին, ինչը մեր երկրում իրարամերժ գնահատականների արժանացավ։ Մինչ իշխանական թևի գործիչներն ու փորձագետները պնդում են, որ այս կանոնադրությունը կբարձրացնի Հայաստանի անվտանգությունը, հակառակ թևից վստահեցնում են՝ ոչ միայն չի բարձրացնի, այլև անվտանգային նոր ռիսկեր կստեղծի։ Կարծիքներ են հնչում անգամ, որ ԱՄՆ-ն մտադիր է Հայաստանի զինված ուժերը ներգրավել հակաիրանական գործողություններում։
Կանոնադրության ստորագրումից հետո ԱՄՆ հեռացող պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ Երևանն ու Վաշինգտոնը ստեղծում են ռազմավարական գործընկերության հանձնաժողով, ինչը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների ոլորտներում։ Բլինքենի խոսքով՝ առաջիկա շաբաթներին ԱՄՆ մաքսային և սահմանային պարեկային թիմ կուղևորվի Հայաստան՝ հայ գործընկերների հետ աշխատելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացման վրա։ Հայ-ամերիկյան կանոնադրության ընդդիմախոսների վստահեցմամբ՝ հենց այս խումբն է Հայաստանում հետախուզական գործունեություն ծավալելու ընդդեմ Ռուսաստանի և Իրանի։
Թեպետ հայ-ամերիկյան այս փաստաթուղթը ստորագրվեց ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությունից ընդամենը 6 օր առաջ, իսկ աշխարհի թիվ 1 գերտերությունում ավանդույթ կա, որ հեռացող վարչակազմերը ստորագրում են նման փաստաթուղթ՝ ի նշան համատեղ նախկին աշխատանքի, այնուամենայնիվ փաստաթուղթը կարող ենք գնահատել միայն այն ժամանակ, երբ դրա դրույթները կյանքի կոչվեն։ Նշենք նաև, որ ԱՄՆ-ն հարևան Վրաստանի հետ նմանաբովանդակ փաստաթուղթ՝ ռազմավարական գործընկերության վերաբերյալ խարտիա ստորագրել է դեռևս 2009 թվականին, ընդ որում՝ կրկին վարչակազմի փոփոխությունից 11 օր անց. հանրապետական Ջորջ Բուշ Կրտսերը հեռանում էր, իսկ հունվարի 20-ին իշխանությունը ստանձնելու էր դեմոկրատ Բարաք Օբաման։
Ուսումնասիրելով Հայաստանի և Վրաստանի հետ Միացյալ Նահանգների ստորագրած ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթղթերը, որոնց մի շարք դրույթներ նույնաբովանդակ էին և գրեթե կրկնվում էին,
Oragir.News-ը հետաքրքիր մի ձևակերպում նկատեց, որը Վրաստանի դեպքում առկա էր, Հայաստանի դեպքում՝ ոչ։
Մասնավորապես՝ Վրաստանի
պարագայում համագործակցության ոլորտների շարքում հիշատակվում է ներքին տեղահանվածների և փախստականների արժանապատիվ, անվտանգ և կամավոր վերադարձի իրավունքի իրացումը, ինչը Հայաստանի դեպքում բացակայում է։ «Ընդգծենք, որ մեր երկու ժողովրդավարական երկրների միջև այս համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների և ընդհանուր շահերի վրա։ Դրանք ներառում են ժողովրդավարության և տնտեսական ազատության ընդլայնումը, անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը, օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդումը՝ ներառյալ ներքին տեղահանվածների և փախստականների արժանապատիվ, անվտանգ և կամավոր վերադարձի իրավունքը, նորարարության ու տեխնոլոգիական առաջընթացի աջակցությունը և եվրասիական էներգետիկ անվտանգության ամրապնդումը»,- նշվում է հռչակագրում։
Այլ կերպ ասած՝ այս փաստաթղթով Միացյալ Նահանգները հստակ գնահատական է տալիս Աբխազիայի և Հարավային Օսեթիայի օկուպացմանը, որը տեղի էր ունեցել փաստաթղթի ստորագրումից ընդամենը 5 ամիս առաջ, ինչպես նաև ընդգծում փախստականների ու ներքին տեղահանվածների արժանապատիվ վերադարձի անհրաժեշտությունը, աջակցություն հայտնում դրան։
Հայ-ամերիկյան կանոնադրությունում նույն դրույթը շարադրված է գրեթե նույնությամբ, սակայն դրանում բացակայում է փախստականների վերաբերյալ ձևակերպումը. «Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը ընդգծում են, որ երկու ժողովրդավարական երկրների միջև այս համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների և համատեղ շահերի վրա: Դրանք ներառում են ժողովրդավարության և տնտեսական ազատության առաջխաղացումը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման ամրապնդումը, աջակցությունը նորարարությանն ու տեխնոլոգիական առաջընթացին, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ամրապնդումը»:
Այսպիսով՝ փաստենք, որ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված շուրջ 150 հազար բնակչության վերադարձի իրավունքը Միացյալ Նահանգների, ինչպես նաև հայ-ամերիկյան համագործակցության օրակագի առաջնահերթությունների թվում չէ, հակառակ պարագայում դա կարտացոլվեր այս հռչակագրում, ինչպես Վրաստանի պարագայում։ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրն այս փաստաթղթում հիշատակվում է միայն 1 անգամ՝ ՀՀ-ին տրամադրվող աջակցության համատեքստում․ «Հաշվի առնելով, որ Հայաստանը 2023 թ. սեպտեմբերից ի վեր բախվել է տեղահանման ճգնաժամի, Միացյալ Նահանգները նախատեսում է շարունակել աջակցել Հայաստանին Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին օգնություն տրամադրելու գործընթացում»։
Մյուս կողմից՝ դժվար է Միացյալ Նահանգներից կամ աշխարհի որևէ այլ երկրից որևէ հստակ գործողություն կամ աջակցություն ակնկալել, երբ Հայաստանի Հանրապետությունն է հրաժարվել դրանից ու այն չի բարձրացնում Ադրբեջանի հետ բանակցությունների ժամանակ։ Ընթերցողի ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել այն իրողությանը, որ ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանի իշխանությունները չեն հրաժարվում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի բնակչության արժանապատիվ վերադարձի իրավունքից, այս խնդիրը պարբերաբար բարձրացնում են՝ հայտարարելով, որ քանի դեռ երկրի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվել, ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները չեն կարող վերականգնվել․․․
Դավիթ Գույումջյան