«Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս այդպիսի պայծառ ու անմիջական տաղանդ չկա ողջ Եվրոպայում»,- այսպիսի բարձր գնահատականի է արժանացրել Վարպետին ռուս գրող Ալեքսանդր Բլոկը։
Այսօր հայ գրականության Վարպետի՝ Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է։
Ապագա գրողի մանկությունն անցել է Ղազարապատում՝ գետի ափին կառուցված ջրաղացի անդադար չխկչխկոցի հեքիաթային աշխարհում։ Ջերմ են մանկության հիշողությունները։ «Ահա հայրս ու մայրս։ Հայրս՝ լուրջ դեմքով, բարի ու պատկառելի, մայրս՝ սրբուհու պատկերով, անուշ, վշտոտ ու գթառատ․․․»,- գրում է Իսահակյանը։
Տարիներ անց բանաստեղծը, ցավոք, վտարանդիության մեջ լինելով, չի կարողանում վերջին հրաժեշտը տալ պաշտելի մայրիկին։ Նրա նկարը մինչև խոր ծերություն ամենուր բանաստեղծի հետ էր։
Իսահակյանն իր բանաստեղծական առաջին քայլերն սկսում է Գևորգյան ճեմարանում։ Այստեղ նրան դասավանդում էր բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը։ Հենց նրան է Իսահակյանը ցույց տալիս բանաստեղծական իր առաջին փորձերը։ Հովհաննիսյանը ընթացքում օգտակար խորհուրդներ է տալիս, իսկ «Ծաղիկ էի նորաբողբոջ» բանաստեղծությունը կարդալուց հետո բացականչում է․ «Կեցցես, հիմա բանաստեղծ ես»։
Իսահակյանի ստեղծագործությունները խորապես ազգային ու համամարդկային էին միաժամանակ։ Գլուխգործոցներ են «Աբու Լալա Մահարի» պոեմը, «Հավերժական սերը» բալլադը, «Ռավեննայում» բանաստեղծությունը, «Սաադիի վերջին գարունը», «Լիլիթը», «Շիդհարը» պատմվածքները և այլն։
Իսահակյանը 16 տարեկան էր, Շուշանը՝ 14, երբ ծնվեց սերը․ «Երբ սիրում էի Շուշիկին ուրիշ տեսակ մարդ էի, երկրային չէի․․․Իմ ողջ էությունը երգի ու երազի թևերով հյուսեցի նրա սիրելի էության հետ»։
18 տարեկան էր Իսահակյանը, երբ աննշան պատճառով վիճում են և մի քանի ամիս չեն շփվում։ Հետո Իսահակյանը մեկնում է արտասահման սովորելու և այնտեղ լսում է Շուշանի ամուսնության լուրը։
Այս ցավը Իսահակյանը երբեք չի մոռանում, ծնվում են մերժված սիրո մասին գեղեցիկ ստեղծագործությունները․
Սիրեցի, յարս տարան, յարա տվին ու տարան,
Էս ինչ զուլում աշխարհ է, սիրտս պոկեցին, տարան․․․
Որոշ ժամանակ անց, Իսահակյանը սիրահարվում է Շուշիկի քրոջը՝ Աննիկին, բայց այս զգացմունքն էլ է նրան ավելի շատ ցավ պատճառում։
Իսահակյանի կյանքում շատ կանայք են եղել, նրանց մեջ նաև Խաչատուր Աբովյանի դուստրը՝ Վիկտորյան, բայց Շուշիկի հանդեպ սերը ուղեկցում է նրան ողջ կյանքում։
Մի անգամ հարցնում են, թե նոր գրքում արդյոք լինելո՞ւ է Շուշիկի նկարը, Իսահակյանը պատասխանում է․ «Շուշիկի նկարը աստղերի մեջ է»։
Տասնյակ տարիներ հետո, լսելով Շուշիկի մահվան լուրը, Իսահակյանը գրում է․ «Հուր-հավիտյան, մինչև մահ, գերեզման չեմ մոռանա ես նրան։ Հիմա կարող եմ ասել, որ իմ կեսը մեռել է․․․և ուրիշ ոչինչ, իսկ մնացյալը՝ լռություն»։
Արտասահմանում ապրելիս Իսահակյանը Կոմիտասի աշակերտուհու՝ Մարգարիտ Բաբայանի հետ այցելում է հոգեբուժարանում գտնող Կոմիտասին։
Կոմիտասը նրանց ճանաչում և ասում է․
-Դո՞ւ ես, Ավետիք, ու՞ր էիր, ինչո՞ւ այդքան ուշացար․․․
Իսահակյանը կարմիր խնձորներ է տալիս Կոմիտասին, հիշեցնում էջմիածնում անցկացրած օրերը։
Կոմիտասը տխուր ժպտում է, վերցնում խնձորները և հանկարծ մտահոգ հարցնում․
-Ավետի՛ք, ո՞ւր են թղթերս, գրվածքներս, ո՞ւր են, այրվել են․․․ ամենուր կրակ, արյուն․․․
-Թղթերդ այնտեղ են, էջմիածնում՝ քո սենյակում, դաշնամուրդ էլ է այնտեղ լավ պահպանված։ Այնտեղ բոլորը քեզ են սպասում, անպայման կգաս․․
Կոմիտասը մի պահ լսում է, հետո մի ակնթարթում մռայլվում։ Բժիշկն ասում է, որ գնալու ժամանակն է․․․