Ներքին 1 տարի առաջ - 18:15 25-10-2024

Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը

Հոկտեմբերի 24-ին և 25-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը: Եվրոպական Միության կողմից նիստը նախագահել է Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը, իսկ հայկական կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը:

Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումները և համապատասխան ճանապարհային քարտեզները հետևյալ ոլորտներում՝ ապրանքների առևտուր, մաքսային ոլորտ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, ծառայությունների առևտուր, հիմնադրում և էլեկտրոնային առևտուր, ընթացիկ վճարումներ և կապիտալի տեղաշարժ, մտավոր սեփականություն, պետական գնումներ, առևտուր և կայուն զարգացում, մրցակցություն, պետական ձեռնարկություններ, թափանցիկություն, վեճերի կարգավորում:

Ներկայացվել և քննարկվել են նաև Համաձայնագրի հոդված 237-ով ամրագրված՝ ՀՀ-ից ծագող ապրանքների համար «Կոնյակ» աշխարհագրական նշման օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցման, ինչպես նաև արտահանման շուկաներում ՀՀ արդյունաբերությանն իր մրցունակ դիրքը պահպանելու նպատակով ԵՄ կողմից ՀՀ-ին տրամադրվող տեխնիկական և ֆինանսական աջակցության վերաբերյալ հարցերը։

Նիստի ընթացքում ներկայացվել են նաև ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի ներքո գործող՝ Աշխարհագրական նշումների և Մաքսային հարցերով ենթակոմիտեների նիստերի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները։

Օրակարգում ներառված էին նաև առևտրի և ներդրումների ոլորտում առկա զարգացումներին, առևտրում տեխնիկական խոչընդոտներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցությանն ու առնչվող այլ հարցեր:

Նիստի ընթացքում «Վեճերի կարգավորում» (Dispute settlement) օրակարգային կետի ներքո ստորագրվել է Կոմիտեի որոշումը և ընդունվելու են համապատասխան հավելվածները` Վարքագծի կանոններ (Code of conduct), Հաշտարարության մեխանիզմ (Mediation mechanism), Ընթացակարգային կանոններ (Rules of Procedure) փաստաթղթերը։

Միջոցառման ավարտին հաստատվել են նիստի ընթացքում քննարկված օրակարգային հարցերի վերաբերյալ ձևավորված Գործառնական եզրակացությունները:

2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքվեց «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը (Համաձայնագիր), որի հիմնական դրույթները ժամանակավորապես ուժի մեջ են մտել 2018 թ. հունիսի 1-ից։ Համաձայնագիրն ամբողջապես ուժի մեջ է մտել 2021թ․ մարտի 1-ից։

Համաձայնագրի 363-րդ հոդվածի համաձայն ստեղծվել է Գործընկերության կոմիտե։ Համաձայնագրի Մաս VI-ին (Առևտուր և առևտրին առնչվող հարցեր) առնչվող խնդիրները քննարկելու նպատակով առնվազն տարին մեկ անգամ` երկկողմ նախնական պայմանավորվածության հիման վրա տեղի է ունենում Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի նիստը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել