Ներքին 2 տարի առաջ - 22:37 15-11-2023

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստը

Չորեքշաբթի օրը Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստը:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․ «Հիմք ընդունելով հունվարին Երևանում տեղի ունեցած երկխոսության անդրանիկ նիստը, երկրորդ նիստը հաստատել է Հայաստանի և ԵՄ-ի փոխադարձ հետաքրքրությունը՝ ընդլայնելու քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը արտաքին, անվտանգային և պաշտպանական քաղաքականության ոլորտներում: ԵՄ-ն վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը (29.800 քառ. կմ) և սահմանների անձեռնմխելիությանը և ողջունել ԵՄ հետ առավել սերտ համագործակցության Հայաստանի պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել եվրոպական անվտանգային ճարտարապետության ներկայիս մարտահրավերներին: Այս համատեքստում խստորեն ընդգծվել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անընդունելիությունը:

Կողմերն ընդգծել են Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման բացարձակ անհրաժեշտությունը: Այս համատեքստում ԵՄ-ն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ ամրագրված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով, կողմերին տրամադրված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա սահմանազատմանը, ինչպես նաև յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության և իրավազորության հարգանքի վրա հիմնված տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը՝ փոխադարձության և հավասարության հիման վրա: Հայաստանը հաստատել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայանալիք առաջնորդների հանդիպմանը մասնակցելու իր պատրաստակամությունը: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ծրագիրը՝ որպես տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղություն և համագործակցություն հաստատելու Հայաստանի կառավարության հանձնառության դրսևորում:

Հայաստանը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական մշտադիտարկան առաքելության (Հայաստանում ԵՄ առաքելություն) արագ տեղակայումը Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանի երկայնքով, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների կողմից առաքելությանը ցուցաբերվող աջակցությունը: Հայկական կողմը նաև ողջունել է առաքելության կազմում երրորդ երկրների ներգրավման կապակցությամբ ԵՄ պատրաստակամությունը: Կողմերը քննարկել են առաքելության ընդլայնման հնարավորությունը, ինչպես նաև «Եվրոպական խաղաղության գործիքի» միջոցով Հայաստանին ոչ մահաբեր տեսակի սպառազինությունների տրամադրման աջակցության հարցը: Վերահաստատվել է աջակցությունը Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերին, ինչպիսիք են Սև ծովի ստորջրյա էլեկտրաէներգիայի և ինտերնետ մալուխների նախագծերը:

Կողմերը նաև անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից զանգվածային բռնի տեղահանված հայ փախստականների խնդիրներին` վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումներն առ այն, որ պետք է ապահովվեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, այդ թվում` վերադարձի իրավունքը:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ամբողջական կարգավորման գործընթացի առումով կողմերը հույս են հայտնել, որ մինչ այժմ ձեռքբերված համաձայնությունները, մասնավորապես` երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձագիր կրողների համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ, հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կկոչվեն:

Երկխոսության մասնակիցները քննարկել են նաև տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների վիճակը, ավելի լայն աշխարհաքաղաքական զարգացումները, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին և անվտանգության այլ մարտահրավերներին վերաբերող հարցեր։

Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության հաջորդ նիստը տեղի կունենա Երևանում 2024թ.:

Քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստը համանախագահում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ