«Եվրաքվե՞», թե՞ «ռուսաքվե». ում օրակարգն են սպասարկում Հայաստանի արևմտամետները
copy image url

«Եվրաքվե՞», թե՞ «ռուսաքվե». ում օրակարգն են սպասարկում Հայաստանի արևմտամետները

Արտաքին Ներքին Միտք 5 ամիս առաջ - 20:30 26-09-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանում գործող և իրենց արևմտյան արժեքների ջատագով համարող երեք քաղաքական ուժերը՝ Հայաստանի Եվրոպական, Հանրապետություն և Հանուն Հանրապետության կուսակցություններն առաջարկում են Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցնկացնել և այս նպատակով սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը ներառյալ ստորագրահավաք են անցկացնում։ Օրերս պարզել էինք, որ Հայաստանի ապագան բացառապես Եվրոպայի հետ կապող ու հանրության շրջանում ԵՄ-ին անդամակցելու տրամադրություն գեներացնող 3 ուժերը արևմտյան քաղաքական ոչ մի կուսակցության չեն անդամակցում՝ դա պայմանավորելով տարբեր պատճառներով։

«Եվրաքվե» անունը ստացած այս նախաձեռնությանը հանրության մի զգալի մասը, այդ թվում նաև արևմամետ հայացքներ ունեցող քաղաքացիները, լուրջ չեն վերաբերվում, քանի որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացքում հանրաքվեի անցկացումը վերջին փուլն է, և նման հանրաքվեներ անցկացվում են այն դեպքում, երբ Բրյուսելը տվյալ երկրի անդամակցության հարցում կանաչ լույս է վառում։ Հայաստանի և ԵՄ-ի միջև նման օրակարգով բանակցություններ առհասարակ չեն ընթանում, իսկ հակառակ ուղղությամբ գեներացվող տրամադրությունների վրա վերջերս սառը ջուր էր լցրել ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն՝ նշելով, որ վիզաների ազատականացման հարցով Հայաստանի և Եվրամիության միջև ընթացող բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ։

Մամուլն այսօր գրել էր, որ ստորագրահավաքի տեմպերը բավարար չեն, ու Երևանի տարբեր վարչական շրջաններում բացված կենտրոններում հատուկենտ մարդիկ են մոտենում ստորագրելու, ինչի պատճառով ստորագրահավաքի կազմակերպիչները մարզերում դռնեդուռ ընկած քարոզչություն են իրականացնում՝ համոզելով քաղաքացիներին միանալ ստարագրահավաքին։ Oragir.News-ն այսօր շրջեց Երևանի մի շարք վարչական շրջաններում բացված կենտրոններով և համոզվեց, որ տեղերում պատկերը բավականին տխուր է, ու նախաձեռնությունը փաստացի տապալման եզրին է։

Հաստատապես կսխալվենք, եթե «Եվրաքվե»-ի տխուր պատկերից եզրակացնենք, որ հայ հանրությունը հետաքրքրված չէ ԵՄ-ին անդամակցության գործընթացով կամ օրինակ աջակցում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների խորացմամբ։ Հանրությունը դեռևս 2020 թվականի Արցախյան 44-օրյա և հատկապես 2021-2022 թվականների ադրբեջանական ներխուժումների ժամանակ հասկացավ, որ ՌԴ-ն ի զորու չէ կատարել իր դաշնակցային պարտավորությունները, ուստի իր հայացքն աստիճանաբար ուղղեց դեպի արևմուտք՝ աջակցելով արևմտյան կառույցների, մասնավորապես ԵՄ-ի հետ համագործակցության խորացմանը, հնարավորության դեպքում նաև անդամակցությանը։

Հիշյալ իրողությունների ֆոնին հարց է առաջանում, թե ինչո՞ւ հանրությունը մեղմ ասած հետաքրքրված չէ այս ստորագրահավաքով և մեղմ ասած սակավաթիվ քաղաքացիներ են մասնակցում դրանց․

Կարծում ենք, որ այս իրողությունը նախևառաջ պայմանավորված է հիշյալ ստորագրահավաքը նախաձեռնած քաղաքական ուժերի անլրջությամբ, ովքեր նման կարևորագույն հարցով ստորագրահավաք են նախաձեռնել՝ չունենալով Բրյուսելի հավանությունը։ Մարդիկ հասկանում են, որ եթե անգամ ստորագրահավաքի նախաձեռնողները 50 հազար ստորագրություն հավաքեն, իսկ դրանից հետո հանրաքվե անցկացվի և Հայաստանի բնակչության 100 տոկոսն էլ կողմ քվեարկի, ապա դրանից հետո նույն քաղաքացիների կյանքում ոչինչ չի փոխվելու, և ՀՀ-ն տեսանելի ապագայում ԵՄ-ին չի անդամակցելու, ավելին՝ այս գործընթացն անգամ չի նպաստելու, որ վիզաների ազատականացման գործընթացում շոշափելի առաջընթաց արձանագրվի։

Բացի այդ, հանրությունը շատ լավ հիշում է, որ «Եվրաքվե»-ն նախաձեռնվել է այն ուժերի կողմից, ովքեր 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ զբաղված էին ընդդիմադիր ձայների փոշիացմամբ, իսկ ընտրություններից հետո առաջինը շնորհավորեցին Նիկոլ Փաշինյանին՝ բացահայտ կամ քողարկված հայտարարելով, որ իրենց նպատակը ոչ թե իշխանության գալն էր կամ խորհրդարանում հայտնվելը, այլ Փաշինյանի իշխանությունը պահպանելը։ Քաղաքացիների մեծամասնությունը հասկանում է, որ այժմ այս ուժերի նպատակը ոչ թե Հայաստանի Հանրապետությունը արևմուտքին ու ԵՄ-ին, այլ իրենց՝ հաջորդ գումարման խորհրդարանին մոտեցնելն է։ Մարդիկ գիտակցում են, որ «Եվրաքվե»-ի նախաձեռնողները ԵՄ-ին անդամակցելու սոուսով փորձում են արևմտամետ հայացնքներ ունեցող քաղաքացիների դժգոհությունը քաղաքական կապիտալի վերացնել և այս ճանապարհով հաջորդ ԱԺ-ում իրենց համար մի քանի մանդատ ապահովել՝ անհրաժեշտության դեպքում էլ Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու և հետագայում նրա իշխանությունը վերարտադրելու համար։

Միևնույն ժամանակ նկատենք, որ «Եվրաքվե»-ի հավանական տապալումն իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում, քանի որ դրանից հետո արևմուտքում եզրակացնելու են, որ Հայաստանի բնակչությունը հետաքրքրված չէ ԵՄ-ին անդամակցությամբ և վերջինիս հետ հարաբերությունների խորացմամբ, ավելին՝ աջակցում է ՌԴ-ի առաջնորդած կազմակերպությունների հետ ինտեգրացիայի հետագա խորացմանը։ Անշուշտ այս իրողությունը բացասբար է ազդելու Հայաստանի հանդեպ կայացվող որոշումների վրա ու չենք բացառում, որ այն որոշակի ազդեցություն է ունենալու նաև ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի վրա, քանի որ, ինչպես արդեն բազմիցս նշել ենք, այս հարցում որոշումներ կայացնելիս ԵՄ-ն առաջնորդվում է բացառապես քաղաքական նպատակահարմարությամբ, այլ ոչ թե տվյալ երկրի արձանագրած առաջընթացով։

Այսպիսով՝ իրենց արևմտմետ հռչակած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում ԵՄ-ին անդամակցելու ակնկալիքներ գեներացնող այս քաղաքական ուժերը, ովքեր Ռուսաստանի Դաշնության քննադատելու և վերջինիս իր դաշնակցային պարտավորությունները մեջ մեղադրելու առիթը բաց չեն թողնում, իրենց գործողություններով կամա թե ակամա սպասարկում են հենց Մոսկվայի օրակարգը, քանի որ Հայաստան-Արևմուտք հարաբերությունների վատթարացումը և դրանցում հնարավոր ճգնաժամերի առաջացումը բխում է բացառապես վերջինիս շահերից։ Ստեղծված իրավիճակում առավել տրամաբանական կլիներ, եթե նախաձեռնությունն անվանվեր ոչ թե «Եվրաքվե», այլ «Ռուսաքվե», քանի որ այն երկարաժամկետ հեռանկարում բխում է Ռուսաստանի շահերից։

«Եվրաքվե»-ի տապալումը փաստացի հիմնավորելու է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն խոսքերը, թե, իբր «հայերը գնալու տեղ չունեն, և նրանք ոչ ոքի պետք չեն», որոնցից Հայաստանի արևմտամետ ուժերն այդքան վրդովվել էին, ու հարձակման անցել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան շենքի վրա։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նման իրավիճակում վերջինս Հայաստանի հետ հարաբերություններում էլ ավելի կոշտ դիրքերից է հանդես գալու՝ մի կողմից ՀՀ-ի անվտահելի դաշնակից պիտակելով, իսկ մյուս կողմից այդ իրողությամբ փորձելու է հիմնավորել սեփական պարտավորությունների չկատարումը։



Ամենից շատ դիտված

21:30 Նիկո՛լ Փաշինյան, գա՛նձս, սովորեցրեք Ձեզ քիչ ուտելուն
22:07 Հայաստանում ադրբեջանցի գերիներ կան. մանրամասներ` Փաշինյանի ու ուսանողների փակ հանդիպումից
18:57 Դուք լինելու եք 6-երորդը․ Վարդան Ղուկասյանի գրասենյակից՝ Նիկոլ Փաշինյանին
20:00 ՌԴ-ում հետախուզվող դատավորին չարտահանձնելով՝ Բաքուն Մոսկվայից ավելի մեծ գին է պահանջում
08:10 Փաշինյանը հորդորել է սպառնալ պատերազմով․ Հրապարակ
23:15 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. hրդեհ է բռնկվել ՌԴ-ից Երևան մեծ քանակի կոնյակի շշեր տեղափոխող բեռնատարում. shamshyan.com
16:15 Հայկական կողմը 5 ամիս է՝ չի վերցնում Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի դին
16:00 Խցանումն անցնում է 1 կմ-ն․ Երևանում փողոցը փակել են, բայց հասկանալի չէ՝ ինչու
12:59 Արփինե Հովհաննիսյանի ամուսնու մասին՝ օգտատիրոջ գրառումը հաստատելու համար դատում են ֆեյսբուքյան խմբի ադմինին
22:48 Ոչ մի օր` առանց Արցախի. Ստեփանակերտի հայտնի տղերքն ու քյառթուները. մաս IV