Լրագրող Ոսկան Վարդանյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղի մի բնակչի կառավարությունը 270 միլիոն դրամ փոխհատուցում է առաջարկել, սակայն նա հրաժարվել է վերցնել։ Գյուղի բնակիչների հաղորդմամբ՝ այդ մարդուն հրավիրել են Երևան՝ Քննչական կոմիտե, որտեղ նրան ասել են, որ ինքը և իր որդին դիմադրություն են ցուցաբերել ոստիկաններին, կարող են քրեական գործ հարուցել, սակայն 270 միլիոն դրամից հրաժարված կիրանցեցին չի վախեցել քրեական հետապնդումից ու չի գնացել գործարքի։
Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Նինա Կարպետյանցը նշեց, որ իշխանությունների այս արարքը ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ։ Նրա խոսքով՝ անընդունելի է, երբ մարդուն ստիպում են ընդունել կամ չընդունել առաջարկվող փոխհատուցումը։
«Դա հանցավոր գործունեություն է, որովհետև մարդուն կանչել Քննչական կոմիտե ու ասել, որ քրեական գործ կհարուցվի, եթե դու չընդունես իշխանությունների առաջարկը, անընդունելի է։ Անկախ անուններից՝ սա նշանակում է, որ բոլոր համակարգերը ներգրավված են ինչ-որ հանցավոր պրոցեսների մեջ։
Դա նորմալ չի, որևէ ժողովրդավարական նորմալ երկրում այսպիսի բան չէր էլ քննարկվի։ Մարդն իրավունք ունի ընդունելու կամ չընդունելու որևէ փոխհատուցում, օգնություն, աջակցություն, դա քննարկման ենթակա չէ։
Ես չգիտեմ՝ հասարակության մեջ դեռ կա՞ն մարդիկ, ովքեր համարում են, որ այս իշխանություններն ու ժողովրդավարությունը մի նախադասության մեջ կարող են տեղավորվել։ Չգիտեմ, եթե կան նման միամիտ մարդիկ, ուրեմն իրենք տեղյակ չեն, թե ընդհանրապես ինչ է տեղի ունենում այս երկրում։
Ես մանրամասները, դետալները չգիտեմ՝ ինչքանո՞վ է դա ստույգ, բոլոր իրավիճակներում, եթե մարդուն փոխհատուցումը ընդունել չընդունելու հարցով կանչում են քննչական կոմիտե ու սպառնում են, որ իր վրա քրեական գործ կհարուցվի, եթե չընդունի իշխանության առաջարկները՝ դա կոչվում է համակարգային հանցավոր խումբ և համակարգային կոռուպցիա»։
Իրավապաշտպանն անրադարձավ նաև իշխանությունների կողմից այսպիսի մեթոդների լավագույն կիրառությանը՝ համոզմունքն հայտնելով, որ դա նրանց կողմից ստեղծված մեթոդ չէ, պարզապես գործող իշխանությունները լավ գիտեն դրանից օգտվելու ձևերը։
«Անգամ, եթե հիմնավոր կասկած ունեն, եթե տևական ժամանակ է անցել դեպքերից, իրադարձություններից և քրեական գործ չի հարուցվել, հիմա նոր՝ իրավիճակից ելնելով, սկսում են հայտնել, որ քրեական գործ կարող է հարուցվել՝ դա արդեն լուրջ խնդիր է, և դա անգամ քնարկման հարց չէ։ Շատ պարզ տրամաբանական հարց է ծագում մարդկանց մոտ, եթե բախում, խնդիր է առաջացել 10, 20 օր կամ 1 ամիս առաջ, ինչու այդ գործերը որևէ կերպ չեն հարուցվել մինչև այժմ ու հենց հիմա են հարուցվում։ Իհարկե դա կասկածի տեղիք է տալիս, այս տրամաբանության մեջ այս իշխանությունները գործում են շատ վաղուց, ուղղակի կան մարդիկ ովքեր, որ սկզբունքորեն չեն ուզում տեսնել, թե ինչ է կատարվում։
Ընտրություններից հետո են սկսում քրեական գործեր հարուցել, երբ պարտվում է իշխանությունը, տարբեր իրավիճակներում քրեական գործերը հարուցվում են կամ մարդկանց մասամբ ազատություն են տալիս՝ իշխանության որոշ պայմանները ընդունելուց հետո։ Սա հին փորձված մեթոդ է, այնպես չի, որ այն հնարել են այս իշխանությունները, դա վաղուց կիրառվող մեթոդ է։ Գործող իշխանությունները շատ գեղեցիկ կերպով կարողանում են օգտվել մարդկանց քրեական գործերով, կալանքով ահաբեկելու այս մեթոդից»,- եզրափակեց նա։